Արցախ

Թալիշական ազգային շարժման առաջնորդը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

Թալիշական ազգային շարժման առաջնորդը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է կարճատև այցով Ստեփանակերտ ժամանած Թալիշական ազգային շարժման առաջնորդ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Հումմաթովին (Հումմաթզոդա)՝ վերջինիս խնդրանքով։ Նրան ուղեկցել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագիտության Կովկասյան կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և թալիշ ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությանը։ Երկուստեք ափսոսանքով նշվել է, որ նախնյաց թողած այդ բարի ավանդույթները վերջին տասնամյակներում հայտնի պատճառներով գրեթե մոռացության են մատնվել։

Հումմաթովի խոսքով՝ ինքը և իր շատ հայրենակիցներ ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձեռքբերումներին անկախ պետականության կառուցման ճանապարհին, ինչի համար նա շնորհավորել է Արցախի խորհրդարանի նախագահին։ «Մեր ժողովուրդը նույնպես երազում է սեփական ազգային պետություն կառուցելու մասին, ինչի իրականացմանն է ուղղված Թալիշական ազգային շարժումը»,-ասել է նա։

Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում