Մանկական բեսթսելլեր 13. Գրախանութներում ակտիվացել է դասագրքերի վաճառքը
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ուսումնական տարվա մեկնարկից հետո երևանյան գրախանութներում ակտիվացել է գրքի վաճառքը, ինչը նկատելի է հատկապես դասագրքերի վաճառքում: «Արմենպրես»-ը ներկայացնում է սեպտեմբերի երրորդ` նախավերջին ցանկը, որում առաջատարը «ՋիԷսԷմ պրինտ»-ի «Իմ առաջին այբուբենը» մանկական գիրքն է:
Երկրորդ հորիզոնականում «Արևիկ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» մանկական փոքրիկ հանրագիտարանն է, որի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենի, մարմնի մասերի և այլ պատկերների հետ:
«Արևիկ» հրատարակչության «Այբուբեն+բազմակի օգտագործման 30 տառեր» գիրքը, որը մի քանի անգամ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում, այս շաբաթ երրորդ հորիզոնականում է:
Սրան հաջորդում են հայ մեծանուն գրող, բանաստեղծ ու մանկագիր Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդների կողմից, մշտապես ընդգրկված են վարկանիշային աղյուսակում: Դրանց հիմքում ժողովրդական ասույթներն ու պատումներն են:
«Մանկական բեսթսելլեր» հեղինակային նախագծի հինգերորդ հորիզոնականում «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը» հեքիաթն է: Այն ռուսական ժողովրդական հեքիաթի ժամանակակից տարբերակն է և գրվել է ռուսական համանուն մուլտֆիլմի սյուժեի հիման վրա: «Մաշան և արջը» մուլտսերիալը, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձել է փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմը, ապահովել է նաև հեքիաթի հաջողությունն ու գրքի մեծաթիվ վաճառքը: Հեքիաթը տպագրվելուց հետո գրեթե միշտ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում` ապահովելով բարձր հորիզոնականներ:
Վեցերորդ հորիզոնականում հայ մեծանուն գրող ու մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ն են: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել համաշխարհային ստեղծագործության նմուշներ:
«Արմենպրես» լրատվական գործակալության վարկանիշային աղյուսակում պարբերաբար ընդգրկված, շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» հեքիաթն այս շաբաթ կրկին համարվում է ամենաշատ գնված գրքերից մեկը եւ այն յոթերորդ հորիզոնականում է: Գիրքը տպագրության օրվանից կայծակնային արագությամբ ստացել է տարբեր մրցանակներ: Այն հեղինակի աղջկա նվերն էր փոքրիկներին և պատմում է կարմրամազ չարաճճի աղջկա արկածների մասին:
Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը, որոնք ութերորդ հորիզոնականում են, քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով. դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Իններորդ հորիզոնականում «Բյուրոկրատ» հրատարակչության «Կախարդական այբուբեն» ինտերակտիվ գիրքն է: Սեղմելով գրքի վրա դասավորված յուրաքանչյուր տառը` երեխան կսովորի արտասանել տվյալ տառը կամ դրանով սկսվող բառը: Գրքի ձևավորումը համապատասխանեցված է երեխաների տեսողական ապարատին ու չկան խանգարող գունային ֆոներ, իսկ նկարների չափը բավական մեծ է, որն առավել ընկալելի է դարձնում նկարազարդումը: Շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Անտարես» հրատարակչության «Մարդու մարմինը» ուսուցողական պատկերազարդ գիրքը, որն առաջին անգամն է ընդգրկված ցանկում: Այս գիրքը յուրաքանչյուրին կօգնի լիարժեքորեն ճանաչել սեփական օրգանիզմը, իմանալ` ինչպես են աշխատում սեփական օրգանները:
Վարկանիշային ցուցակի կազմման համար հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | * | ![]() |
«Իմ առաջին այբուբենը» | ՋիԷսԷմպրինտ | 24 |
| 2 | -1 | ![]() |
«Իմ առաջին գիրքը» | Արևիկ | 18 |
| 3 | * | ![]() |
Այբուբեն+բազմակի օգտագործման 30 տառեր | Արևիկ | 16 |
| 4 | -1 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | Արևիկ | 15 |
| 5 | * | ![]() |
«Մաշան և արջը» | Բուկինիստ | 11 |
| 6 | -2 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» | Արևիկ | 10 |
| 7 | * | ![]() |
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պեպին» | Զանգակ | 8 |
| 8 | -1 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» | Արևիկ | 7 |
| 9 | -3 | ![]() |
«Կախարդական այբուբեն» | Բյուրոկրատ | 6 |
| 10 | Նոր | ![]() |
«Մարդու մարմին» | Անտարես | 4 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Մանկական բեսթսելլեր»-ը պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը









