Հարցազրույց

Աբխազական երկաթուղու վերաբացման հարցում վրացական կողմը կարևորում է անվտանգության գործոնը. վրացի պատգամավոր

10 րոպեի ընթերցում

Աբխազական երկաթուղու վերաբացման հարցում վրացական կողմը կարևորում է անվտանգության գործոնը. վրացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրների, հայ-վրացական հարաբերությունների և Վրաստանի ներքին կյանքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուիցիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Օթար Չրդիլելիի հետ:

-Պարո'ն Չրդիլելի, Կովկասը պատմականորեն առանձնահատուկ տարածաշրջան է, և ոչ միայն այն բանի համար, որ այստեղով անցնում է Եվրոպայի և Ասիայի սահմանը, այլև, որ այստեղ ապրող ժողովուրդները պատմականորեն աջակցել են միմյանց: Այսօր Կովկասում կան թեժ կետեր: Չնայած միջազգային ջանքերին` արդեն համարյա երկու տասնամյակ է չի հաջողվում կարգավորել այս հակամարտությունները բոլորի համար ընդունելի տարբերակով: Ի՞նչն եք համարում դրա հիմնական պատճառը:

-Առաջին հերթին ողջունում եմ «Արմենպրես»-ին, նրա ընթերցողներին, եղբայրական հայ ժողովրդին, որի հետ մեզ կապում է բազմադարյա պատմական եղբայրությունը, մշակութային և բարեկամական հարաբերությունները: Ինչ վերաբերվում է հարցին, ապա, այո', կովկասյան ժողովուրդները հայտնի են դժբախտության մեջ գտնվող հարևաններին օգնելու մղումով: Սակայն, բացի ընդհանուր կետերից, միաժամանակ Կովկասում ապրող պատմական հարևաններն ունեն նաև ինքնիշխանություն: Կան բազմաթիվ ներքին և արտաքին գործոններ, որոնք մեր դեմ օգտագործել են արտաքին ուժերը: Նրանք լավ գիտեն կովկասցիների բռնկուն և իմպուլսիվ բնույթը:

Հակամարտությունների հիմնական պատճառը, ես կարծում եմ արտաքին ուժերի հետաքրքրվածության մեջ է, որպեսզի Կովկասում խաղաղություն չլինի և չվերականգնվեն այն բարիդրացիական հարաբերությունները, որոնք մենք ունեցել ենք դարեր ի վեր: Կան արտաքին ուժեր, որոնք փորձում են Կովկասում ժանդարմներ լինել: Նրանք ցանկանում են յուրացնել կովկասյան ժողովուրդների ունեցած բոլոր բնական բարիքները: Կովկասցիների միասնականությունը շատերին զրկում է քնից: Վրացական ասացվածք կա. պղտոր ջրում ավելի հեշտ է ձուկ որսալ: Եվ նրանք (խմբ.- արտաքին ուժերը) էլ ինչքան կարողանում են կովկասցիների միջև պղտորում են ջուրը:

-Վերջին շրջանում Վրաստանում ԶԼՄ-ները նշում են ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների մասին: Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների մասով «Վրացական երազանքի» քաղաքականությունը և ի՞նչ հաջողությամբ է այն իրականացվում:

-Դա սխալ տեղեկատվություն է: Վրաստանը միշտ եղել է և կմնա հանդուրժող երկիր: Վրաստանում կողք կողքի ապրում են լեհերը, ռուսները, լատվիացիները, լիտվացիները, քրդերը, գերմանացիները, հայերը, ադրբեջանցիները, բելառուսները, ուկրաինացիները, հույները և այլք: Եվ ոչ միայն ես, ոչ մեկ չի ասի, որ որևէ էթնիկ խումբ ենթարկվում է հետապնդումների: Դա մեր ժողովրդի և նրա կողմից ընտրված կառավարության կողմից անընդունելի և անպատկերացնելի է: «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո Վրաստանն աշխարհում ժողովրդավարության ինդեքսով 58-րդ տեղն է զբաղեցնում, և այս առումով իր հարևաններից շատ առաջ է: Մեր ջանքերն ուղղված են Վրաստանի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում տարբեր ազգությունների ինտեգրացիային: Դրա վառ օրինակն է թեկուզ կառավարող կոալիցիան, որի կազմում կան հայ, ադրբեջանցի, եզդի, լեհ պատգամավորներ, և նրանք ակտիվ կերպով ներգրավված են օրենսդրական գործության մեջ:Մեր նախընտրական ծրագրում հայտարարվել է, թե մենք ինչ ենք առաջարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Կառավարությունը քաղաքական կամք ունի ապահովելու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին աշխատանքով իրենց մասնագիտություններով և աշխատանքային փորձով, ինչպես պետական կառավարման կենտրոնական ապարատում, օրենսդիր, գործադիր մարմիններում, այնպես էլ ոլորտային նախարարություններում, գերատեսչություններում և տարածքային միավորներում: Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում պետական լեզվի ուսուցման և խորացման համար: Լայն զանգվածներին բացատրում ենք պետական լեզվի ուսուցման առաջնայնությունը: Կառավարությունը սերտորեն համագործակցում է ոչ կառավարական կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների հետ` ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում: Կոմպակտ բնակեցված տարածքներում տրամադրվում է իրավական խորհրդատվություն, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպվում են տարբեր թրեյնինգներ: Խորհրդարանի Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի փոխնախագահը Ռուսլան Պողոսյանն է, ով մեծ աշխատանք է տանում այս ոլորտում. հասարակության կառուցում` հիմնված մարդու իրավունքների և հասարակական կյանքում փոքրամասնությունների լիակատար ինտեգրացիայի վրա: Պարոն Ռուսլան Պողոսյանը հաճախ այցելում է ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններ, տեղում ծանոթանում է նրանց խնդիրների հետ և փորձում առավել արդյունավետ լուծում գտնել դրանց համար:

-Գիտենք, որ որոշակի խնդիրներ կային նախկինում կառավարություն կազմած քաղաքական ուժի հետ կապված: Իսկ ինչ է կատարվում հիմա որքանո՞վ ադեկվատ է Ձեր կառավարությունն արձագանքում մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտմանը:

-Սաակաշվիլիի կառավարության օրոք ուժային կառույցներն ահաբեկում էին բոլորին, բոլորի վրա կոմպրոմատ էին հավաքում, արգելում էին հանրահավաքները, և եթե ինչ-ոչ մեկը համարձակվում էր խախտել այս արգելքները, արյունոտ հաշվեհարդար էին տեսնում: Բոլորը հիշում են, թե ինչպես էր վարվում Սաակաշվիլիի ռեժիմը հանրահավաքների հետ: Հետապնդվում էին քաղաքական գործիչները, հասարակ մարդիկ, լրագրողները` բոլոր նրանք, ովքեր այլ կերպ էին մտածում: Սաակաշվիլիի ժամանակ հետապնդվում էին ժողովրդավարական ինստիտուտները, փակվում էին բազմաթիվ հեռուստաընկերություններ. Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես Սաակաշվիլիի կողմից վերահսկվող հատուկ ջոկատայինները ներխուժեցին անկախ հեռուստաընկերություններից մեկը: Սաակաշվիլիի օրոք բանտերը լի էին անմեղ մարդկանցով, որտեղ դաժան հաշվեհարդար էին տեսնում բանտարկյալների հանդեպ: Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվեց: Ես անձամբ հպարտանում եմ, որ մասնակցել եմ «Համաներման մասին» հումանիստական ակտի մշակմանը, որն առնչվեց 17053 մարդու: Հազարավոր մարդիկ վերադարձան իրենց ընտանիքներ: Եթե նախկինում դու մոտ էիր Սաակաշվիլիի կամ նրա կլանի հետ, ապա կարող էիր անել այն, ինչ ուզում էիր: Իսկ մենք օրենքը հավասար դարձրինք բոլորի համար և դրա համար մեզ օրինակ է ծառայում Իրակլի Գարիբաշվիլին, ով իր առաջին տեղակալին ձերբակալեց: Նոր կառավարությունը ծառայում է ժողովրդավարական սկզբունքներին և այդ ճանապարհից չի շեղվում:

-Վրաստանի կառավարությունը միանշանակ դիրքորոշում չունի Աբխազիայի միջոցով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման առնչությամբ: Այս հարցում Հայաստանի հետաքրքրվածությունը, կարծում եմ, հասկանալի է: Տնտեսական այս ծրագիրը ձեռնտու է նաև Վրաստանի համար: Այս պայմաններում ինչու՞ է Վրաստանի բնակչության և քաղաքական շրջանակների որոշ մասն ընդդիմանում այս ծրագրին:

-Վրացական կողմի համար, բնականաբար, գրավիչ է տնտեսական շահավետ ծրագրի իրականացումը, սակայն, հարցն առաջին հերթին պետական անվտանգության մասին է: Նշված երկաթուղային ծրագրում կան մի քանի ռիսկային գործոններ, որոնք ճիշտ վերլուծության կարիք ունեն: Նշենք միայն, որ ծրագրի իրականացումը կարող է բերել վրացական նավահանգիստների դերի նշանակալի նվազման, և դա մենք պետք է հաշվի առնենք: Ընդհանուր առմամբ, պետք է հաշվի առնվեն շատ նրբություններ: Այս ծրագրի վրա աշխատում են երկու կողմեր, և, կարծում եմ, ընդհանուր հայտարարի գալը նրանց համար դժվար չի լինի, կարևորը ճիշտ եզրակացություններ անելն է:

-Վրաստանի վարչապետ Բիձնա Իվանիշվիլին հեռանում է քաղաքականությունից: Որքանո՞վ կազդի այս փաստը Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական կուրսի վրա:

-Իհարկե, Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալը կազդի մի շարք իրավիճակների վրա, սակայն արմատապես այլ քաղաքական բևեռի ո'չ մեր ներքին, ո'չ էլ արտաքին քաղաքականության մեջ մենք չենք պատրաստվում անցնել: Մենք ընտրել ենք ժողովրդավարության և եվրոպական ինտեգրացիայի ուղին: Կցանկանայի ընդգծել, որ, իմիջիայլոց, այս տարի իր առաջին այցերից մեկը Բիձինա Իվանիշվիլին կատարել է Երևան, որտեղ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպումներն անցել ընկերական և գործնական մթնոլորտում: Վարչապետի պաշտոնից պարոն Իվանիշվիլիի հեռանալուց հետո ևս փոխադարձ հարգանքը մեր եղբայրական ժողովուրդների միջև կպահպանվի:

Հարցազրույցը Հրաչյա Մարտիրոսյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում