Հատուկ նախագծեր

«Անկախության խրոնիկա». «Արմենպրես»-ը և ankakhutyun.am-ը համատեղ նոր նախագիծ են սկսում

7 րոպեի ընթերցում

«Անկախության խրոնիկա». «Արմենպրես»-ը և ankakhutyun.am-ը համատեղ նոր նախագիծ են սկսում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայությունըսեպտեմբերի 21-ին տոնում է Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 22-ամյա տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։ Անկախությունը ձեռք բերվեց համառ քաղաքական պայքարի շնորհիվ, որի արդյունքում հայ ժողովուրդը 1991թ.-ի սեպտեմբերին միաձայն «այո» ասաց անկախությանը՝ ձեռք բերելով այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։

«Արմենպրես»լրատվական գործակալությունը և ankakhutyun.am կայքը Հայաստանի Հանրապետության 22-ամյակին ընդառաջ սկսում են համատեղ հատուկ նախագիծ՝ նվիրված անկախության պատմությանը, մեր նորագույն պատմության էջերին՝ կազմված մամուլի հրապարակումների, լրատվական գործակալությունների հաղորդագրությունների, ժամանակագրական այլ նյութերի, ժամանակակիցների և գործող անձանց հիշողությունների, պատմությունների, ականատեսների վկայությունների հիման վրա:

Նախագծի նպատակն է`անդրադառնալ 1990-ականների Հայաստանի պատմությանը, այն դրամատիկ իրադարձություններին, որոնք մինչև այսօր տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս և չեն կորցրել իրենց արդիականությունը: Անդրադարձ կլինի նաև այդ ժամանակաշրջանի մշակութային, հասարակական ուքաղաքական իրադարձություններին: Նոր նախագիծը կկրի «Անկախության խրոնիկա» խորագիրը:

ankakhutyun.amկայքի հիմնադիր Միքայել Յալանուզյանը գործընկերների ընտրությունը պատահական չի համարում

Միքայել Յալանուզյանը նպատակահարմար է համարում Հայաստանի Հանրապետության անկախության խրոնիկան հանրությանը փոխանցելու գործում համագործակցել «Արմենպրես» լրատվական գործակալության հետ, քանի որ այն Հայաստանի առաջինլրատվական գործակալութունն է: «ankakhutyun.am կայքում տեղ գտած նյութերի և «Արմենպրես»-ի արխիվներում առկա հոդվածների հիման վրա կստեղծենք տեղեկատվական փաթեթ և այն կներկայացնենք հանրությանը»,- նշեց Յալանուզյանը:

ankakhutyun.am կայքը ստեղծվել է 1 տարի առաջ: Նորաստեղծ կայքի գործունեության հիմքում ընկած է 1990-ականների տարբեր լրատվամիջոցների և մամուլի հրապարակումների տեղակայումը համացանցում, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի պատմության, ներկայի և ապագայի համար: Կայքում արդեն տեղադրված է մոտ 2500 հոդված տարբեր լրատվամիջոցներից, որտեղ անդրադարձ կա և' Արցախյան շարժմանը,և' պատերազմին, 1992-1994թթ. ռազմական գործողություններին և տարբեր ներքաղաքական և մշակութային միջոցառումներին: Կայքում տեղադրված են ռուսական թերթերից, Հայաստանում տպագրվող ռուսալեզու թերթերից վերցված հոդվածներ, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության հաղորդագրությունները:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նախագիծը հեռանկարային և պատմական է համարում

Արամ Անանյանի խոսքով՝ անկախությունը հայ նորագույն պատմության ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: Նա նշեց, որ տարիներ հետո բոլորի համար ամբողջ ծավալով հասկանալի կլինի, թե ինչ ենք իրականում մենք ձեռք բերել և ինչ գնով: «Սա հայության մեծագույն ձեռքբերումն է, որովհետև դեռևս 1920թ.-ին ոչ մեկըերազել անգամ չէր կարող, որ պատմության համար ոչինչ չասող 70 տարի հետո Հայաստանի անկախությունը կրկին կվերականգնվի»,-ասաց նա: Նրա խոսքով՝ պատմությունը ժամանակի ընթացքում մաքրում է բացասականը, այն լուսավորը պահելու հատկություն ունի: Եթե ներկայում լրատվամիջոցներնիրականությունը, կենցաղը հաճախ ստիպում են տեսնել առօրյա խնդիրների մեջ միայն, ապա պատմությունն առօրյաիրադարձությունների վրայից մաքրում է այդ փոշին: «Իհարկե 22 տարին ոչինչ է արդի պետականությանը և մեր անցած ուղուն համահավաք գնահատական տալու համար, բայց մենք խիզախելու ենք անել առաջին փորձը ներկայի պատմությունը մեկտեղելու առումով»,- ընդգծեց Անանյանը՝ նշելով, որ նախագիծը հեռանկարային է և պատմական նշանակություն ունի:

«Արմենպրես»լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ համաձայն Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմանստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես»լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Գործակալությունը թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն`պաշտոնական, քաղաքական,տնտեսական,հասարակական, մարզային, տարածաշրջանային,միջազգային,մշակութային,մարզական,հարցազրույցներ,ֆոտո նորություններ: Գործակալությունն ունի հարուստ տեղեկատվական եւ լուսանկարչական արխիվ, որոնք Հայաստանի եւ տարածաշրջանի յուրահատուկ պատմությունն են ներկայացնում: Միայն ֆոտոարխիվում նարկայումս պահվում է շուրջ 100 հազար լուսանկար: «Արմենպրես»-ը հայկական իրականության այն եզակի գործակալությունն է, որ բախտավորություն ունի լինել հայկական երեք հանրապետությունների ժամանակակիցն ու ժամանակագիրը: «Արմենպրես»-ն այս տարի տոնում է իր հիմնադրման 95 ամյակը:

Պատմական ակնարկ

Սեպտեմբերի 21-ինհայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, Ջավախքում, աշխարհի տարբեր ծեգերումնշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 22-ամյա տարեդարձը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին,Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:1990թ.-ի Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում հանրաքվե անցկացվեց: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի քան 94.39 տոկոս ձայների մեծամասնությամբ կողմ արտահայտվեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից և կայացած ու անկախ պետություն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում