Սփյուռքի նախարարություն դիմած գրեթե բոլոր սիրիահայերն ապահովվել են աշխատնքով

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան եկող սիրիահայերի հոսքը վերջին օրերին փոքր-ինչ շատացել է: Նրանց մի մասը բնակարանային եւ աշխատանքի հարցերով դիմել է ՀՀ սփյուռքի նախարարություն:Սիրիահայերի խնդիրների, ձեռքբերումների և արտոնությունների մասին«Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի հետ:

-Պարոն Զաքարյան, վերջին տվյալներով քանի՞ սիրիահայէ տեղափոխվելՀայաստան:

- Այս պահին Հայաստանում ապրում է շուրջ 10 հազար սիրիահայ: Վերջին մի քանի շաբաթներին հոսքը մի փոքր ակտիվացել է, բայց եկողները այժմ ուղիղ Սիրիայից չեն գալիս, այլ` Լիբանանից: Ովքեր նախկինում կամ հիմա հաջողացնում են Սիրիայի տարածքից անցնել Լիբանան, Հայաստան են գալիս Բեյրութ-Երևան չվերթով, որն արդեն շուրջ 3 ամիս շաբաթական 2 անգամ կանոնավոր չվերթ է իրականացնում` կիսով չափ տեղափոխելով սիրիահայերին: Հայաստան գալուց անմիջապես հետո նրանց այն մասն է դիմում մեզ, ովքեր խնդիրներ ունեն, այստեղ չունեն բարեկամներ, ծանոթներ կամ ի վիճակի չեն ինքնուրույն իրենց հարցերը լուծել: Իսկ այն մասը, որը Երևանում ունի բարեկամ, չի դիմում մեզ, օգնություն է ստանում հենց նրանցից: Մեկուկես տարվա ընթացքում 15 հազար սիրիահայ է եկել Հայաստան, նրանցից ավելի քան 5 հազարը վերադարձել է Սիրիա, իսկ մի չնչին մասը` Եվրոպա:

- Հայաստան տեղափոխված սիրիահայերից քանի՞սն են ապահովված աշխատանքով:

- Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել մոտ 1000 սիրիահայ, մեր նախարարության և մյուս գերատեսչությունների ջանքերի շնորհիվ գրեթե բոլորն էլ աշխատանքի են ընդունվել: Սիրիահայերն ունեն մի հրաշալի հատկանիշ` նրանք շատ աշխատասեր են, ինքնակազմակերպվող և կարողանում են իրենց շուրջը հավաքել իրենց հայրենակիցներին: Աշխատանքի տեղավորված բոլոր սիրիահայերն օգնել են իրենց ծանոթներին ու մտերիմներին և աշախատանքով ապահովել նաև նրանց: Եթե ինչ-որ մեկը սրճարան է բացում, այնտեղ աշխատանքի է հրավիրում սիրիահայ իր բարեկամին, եթե տաքսի ծառայություն է բացում, այնտեղ կրկին աշխատում են իր ծանոթ սիրիահայ վարորդները: Այսինքն` ամենադժվարը առաջին 4-5 հարյուրին աշխատանքի տեղավորելն էր: Իսկ նախարարությունը շատ մեծ ջանքեր թափեց, որ իրականացրեց այդ գործընթացը: Այն արդեն ինքնակազմակերպման սկզբունքով իրականացվում է: Այս պահի դրությամբ սիրիահայերին աշխատանքի տեղավորելու հարցը սուր բնույթ չի կրում. մեծ մասը կարողանում է իր հարցերը լուծել:

- Իսկ տեղեկություններ ունե՞ք, թե նրանցիցքանիսն են փոքր և միջին բիզնեսով զբաղվում:

- Այդ մասին կոնկրետ տվյալներ չեմ կարող տալ, ավելի հստակ կպատասխանեն Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ): Սակայն նախարարությունը դասընթացներ կազմակերպեց, ինչն իրականացրեց հենց ՓՄՁ-ն: Այն սիրիահայերը, ովքեր Հայաստանի օրենսդրական դաշտին ծանոթ չէին, եկան և սովորեցին: Երբ մեկը տիրապետում է ինֆորմացիային, օգնում էր իր հարազատին կամ ծանոթին:

- Սկզբնական շրջանում նախարարության շփումը սիրիահայերի հետ շատ ակտիվ էր: Այդ ակտիվությունը շարունակվո՞ւմ է մինչև օրս: Ի՞նչ խնդիրներով են նրանք դիմում Ձեզ:

- Առողջապահության ոլորտն այն ոլորտն է, որտեղ սիրիահայերին մատուցվում է բացառապես անվճար սպասարկում: Անվճար է կատարվում սրտի վիրահատությունից մինչև ամենաչնչին բուժումը: Դիմողների հոսքը չի նվազել, կայուն ձևով գնում է: Առողջապահական խնդիրներով օրական մեզ դիմում է 5-6 մարդ: Դիմում են նաև կրթության և կացության հարցերով: Դրանք են` վիզայի, կացության վկայականների, անձնագրերի հարցերը: Այս խնդիրների լուծման համար նրանք գումար չեն վճարում: Մենք նույնիսկ հնարավորություն տվեցինք իրենց ունեցած վարորդական իրավունքների հիման վրա տասնմեկ ամիս կրկին վարել, որպեսզի ծանոթանան երթևեկության կանոններին և հետո միայն Հայաստանում վարորդական իրավունք ձեռք բերեն: Ովքեր սեփական մեքենաներով էին եկել, նրանք պետք է մաքսատուրք վճարեին: Տասնմեկ ամսով վճարման ժամկետը երկարաձգվեց, հիմա կրկին դիմել ենք Պետկեամուտների կոմիտե, որպեսզի ևս տասնմեկ ամիս տրամադրեն, քանի որ նրանք առայժմ հնարավորություն չունեն: Մենք փորձում ենք նախորդ տարվա արտոնությունները շարունակել:

- Սիրիահայ ուսանողների խնդիրն այստեղ ինչպե՞ս է լուծվում:

- Անցյալ տարի հանրապետության կառավարության և Հայ բարեգործական ընդհանուր միության ջանքերով սիրիահայ 350 ուսանողների ուսման վարձ փոխանցվեց: Այս տարի այդ խնդիրը նույնպես կարգավորվում է: Ուսումնական հաստատությունների հետ բանակցություններն ավարտին են մոտենում: Հատկապես բակալավրիատում սովորող ուսանողների խնդիրները կրկին մեր ուշադրության կենտրոնում են, և դրանք անպայման կլուծվեն: Իսկ մագիստրատուրայում բոլոր սովորողներին չենք կարող օգնել: Օժանդակություն կստանան այն ուսանողներն, ովքեր ունեն դրա կարիքը, իսկ ովքեր ապահովված են ֆինանսապես, օժանդակություն չեն ստանա: Այս տարի շուրջ 400 ուսանող կա. անցյալ տարվա համեմատ նրանց թիվը մեծացել է նաև 0 կուրս ընդունվածների հաշվին: Սիրիահայ ուսանողները կրթություն ստանալու համար ավելի շատ նախընտրում են Մխիթար Հերացու անվան բժշկական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանները:

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Մովսիսյանը

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա