Վիրտուոզ Կարեն Շահգալդյանը պատմել է, թե ինչ եղավ Ստրադիվարիուսի ջութակը, որով նա նվագում էր
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաբլո Սարասատեի անվան միջազգային մրցույթի, պրոֆեսոր Յուրի Յանկելեւիչի անվան հիմնադրամի դափնեկիր,Դավիդ Օյստրախի և Մստիսլավ Ռոստրոպովիչի անվանական կրթաթոշակառու, «Խաչատրյանի անվան տրիոյի» ջութակահար Կարեն Շահգալդյանի կյանքում երաժշտությունը մշտապես առաջին տեղում է եղել: Պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում ծնված երեխան, 5 տարեկանից զբաղվելով երաժշտությամբ, նույն տարիքում էլ առաջին անգամ ելույթ է ունեցել բեմում: Տարիների անց Շահգալդայնն ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, սկսել ելույթ ունենալ Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբում: Սեպտեմբերի 13-ին երաժիշտը պատրաստվում է ելույթ ունենալ իր` «Ջութակն օպերայում» ծրագրով:«Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է տաղանդավոր ջութակահարի հետ և զրուցել ծրագրերի, «Խաչատրյանի անվան տրիո»-ի շրջագայությունների և երաժշտության դյութիչ ուժի մասին:
- Կարեն, ինչո՞վ եք այժմ զբաղված, ինչի՞ վրա եք աշխատում:
- Մի քանի նախագծեր եմ փորձում իրականացնել: Ինչպես գիտեք, 2013-ը հոբելյանական տարի է՝ նշում ենք Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Մեր բոլոր ծրագրերը կապված են Խաչատրյանի և նրա երաժշտության հետ: Այս տարվա մարտից սկսած մինչև 2014-ի հունիսը բազմաթիվ համերգային շրջագայություններ ենք ունենալու հոբելյանի հետ կապված: Սեպտեմբերի վերջին կմեկներնք Ռուսաստան, նոյեմբերին՝ Չեխիա, իսկ հաջորդ տարի` Գերմանիա, կրկին Ռուսաստան, Հոլանդիա: Համերգներ են սպասվում նաև Երևանում: Հաջորդ տարին մեզ համար հոբելյանական է, քանի որ տոնելու ենք տրիոյիհիմնման 15-ամյակը: Մեկ այլ առիթ էլ կա՝ Արամ Խաչատրյանի թանգարանը դառնում է 30 տարեկան: Մնում է ժամանակ գտնել բոլոր առիթների համար:

- Երևանյան համերգների մասին ավելի մանրամասն կպատմե՞ք:
- Առաջիկա համերգս սեպտեմբերի 13-ին է ՝ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի հետ ելույթ ենք ունենալու «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում՝ օպերայում: Միասին կատարելու ենք «Ջութակը օպերայում» ծրագիրը , որը նվիրված է օպերային երաժշտությանը: Բացի դրանից, բազմաթիվ աշխատանքներ կկատարենք Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ, որի գործընկերն է «Բիլայն» ընկերությունը եւ «Կոնվերս բանկը»: Կփորձենք օգնել մարզերում ապրող մեր տաղանդավոր երեխաներին: Մարզերում լավ երաժիշտներ շատ ունենք, նրանք սովորելու մեծ ցանկություն ունեն, բայց, ցավոք, հնարավորությունները պակաս են:
- Մի քանի օր առաջ Դուք մենահամերգով հանդես եկաք Գաֆեսճյան կենտրոնում: Տպավորությունն այնպիսին է, որ մենահամերգներով քիչ եք հանդես գալիս:
-Այո, հազվադեպ եմ ելույթ ունենում մենակ, ավելի հաճախ համագործակցում եմ նվագախմբի կամ դաշնակահարի հետ: Մենահամերգը կարծես խոսակցություն է ինքդ քեզ հետ, երբ դու փնտրում ես նոր մտքեր և միայն ինքդ ես պատասխանատու արդյունքի համար:

- Ձեր հարցազրույցներից մեկում հետևյալ միտքն եք արտահայտել. «Ես ինձ չեմ պատկերացնում առանց ջութակի և երաժշտության»: Ի՞նչ նկատի ունեք:
-Կարծում եմ, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ երաժիշտ այդպես է մտածում: Ես իմ կյանքի 36 տարիներից 32-ը ջութակ եմ նվագում և այլ ոլորտում ինձ չեմ պատկերացնում: Հաճախ ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդյոք պե՞տք է զբաղվես դրանով, թե՞ ոչ: Այդ հարցն իմ առջև չի ծագել: Գուցե ասածս օբյեկտիվ չհնչի, բայց ես կարծում եմ, որ զբաղվում եմ աշխարհի ամենալավ մասնագիտությամբ: Սա իսկական երջանկություն է, որը չի կարելի ոչնչի հետ համեմատել: Իմ ընտանիքում բոլորը երաժիշտներ էին՝ մայրս, հայրս, պապիկս: Ես պարզապես այլ ելք չունեի: Տանը միշտ երաժշտություն էր հնչում, իսկ ես ետնաբեմում էի մեծանում և գիտեի՝ ինչ է երաժշտությունը:
- Ծնողները խի՞ստ էին Ձեր նկատմամբ:
- Այո, ինձնով հիմնականում մայրիկս էր զբաղվում, և նա շատ խիստ էր: Նա երաժիշտ երեխայի ծնողի դասական կերպար էր: Գաղտնիք չէ, որ շատ երեխաների պետք է ստիպես, որ պարապեն և սովորեն: Մենք բոլորս սիրում ենք համերգներ տալ, բայց պարապել և փորձեր անել չենք սիրում:

-Դուք այն երաժիշտներից եք, ովքեր հաջողության են հասել նաև օտար երկրներում: Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր գաղտնիքը:
-Առաջին հերթին կարծում եմ, որ շատ բանի չեմ հասել, միշտ կարելի է ավելին անել: Եթե գաղտնիք կա, ուրեմն այն հասարակ է՝ պետք է հասնես կատարելության և ինքդ քո նկատմամբ ուշադիր լինես, քեզ քննադատաբար վերաբերվես:
- Ասում են, որ Դուք որոշ ժամանակ նվագել եք Ստրադիվարիուսի ջութակով: Ի՞նչ եղավ այդ ջութակը: Այլևս դրանով չե՞ք նվագում:
-Ցավոք, դա իմ ջութակը չէր, այլ պատկանում էր ՌԴ պետական հավաքածուին: Ես այն մոտ 3 տարի վարձակալում էի: Հիասքանչ ջութակ էր, իր մեջ ամփոփել էր Ստրադիվարիուսի լավագույն որակները: Այժմ մեկ այլ ջութակով եմ նվագում, իտալական վարպետի գործ է, ճիշտ է, Ստրադիվարիուսի ջութակի հետ չես համեմատի, բայց...Դժվար է բաժանվել մի գործիքից, որով նվագում ես մի քանի տարի, քանի որ այն քո օրգանիզմի մասն է դառնում: Գործիքի ընտրությունը չափազանց կարևոր է, և երբ դու գտնում ես քո գործիքը, դառնում ես երջանիկ:
- Ձեր ընտանիքում ո՞վ է շարունակում ընտանեկան ավանդույթները: Ձեր երեխաները հաճախո՞ւմ են երաժշտական դպրոց:
- Ընտանիքն ամենակարևորն է մարդու կյանքում: Ունեմ երկու երեխա՝ աղջիկ և տղա: Աղջիկս սկսել է դաշնամուր նվագել: Կարծում եմ, որ երաժշտությունը պարտադիր կլինի երեխաներիս կյանքում, որովհետև այն շատ կարևոր է մարդու զարգացման համար:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը
Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի