«Սեւան» հանքային ջրերի գործարանի արտադրանքի 60 տոկոսը կարտահանվի
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում այցելեց Գավառի «Սեւան» հանքային ջրերի գործարան, ծանոթացավ գործարանում իրականացվող շինարական եւ վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Լրագրողների հետ ճեպազրույցում գործարանի տնօրեն Միսակ Բալասանյանը նշեց, որ գործարանի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2010թ.-ից: «Շինարարական աշխատանքները տեւել են 2 տարի, իսկ արտադրությունը պլանավորված է սկսել 2014 թվականի սեպտեմբերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա՝ ընդգծելով, որ սկզբանական շրջանում գործարանը կունենա 80-120 աշխատատեղ:
Երկու տարվա ընթացքում փորձ է արվելու հասնել 20 միլիոն շիշ արտադրական հզորության եւ նույնքան էլ սպառում ապահովել: «Ըստ նախնական հաշվարկների՝ արտադրանքի 40 տոկոսը նախատեսվում է սպառել Հայաստանում, իսկ մնացած 60 տոկոսը՝ արտահանել»,- նշեց Բալասանյանը՝ ընդգծելով, որ գործարանի արտադրանքը նախատեսվում է արտահանել Ռուսաստան, Եվրոպա եւ ԱՄՆ:
Բալասանյանը տեղեկացրեց, որ գործարանի վերականգման համար ներդրումները կազմել են 2 միլիարդ դրամ: «Աշխատանքներն իրականացնում ենք երկու փուլով: Առաջին փուլն արտադրության կազմակերպումն էր, որի վրա ծախսվել է վերոնշյալ գումարը, իսկ երկրորդ փուլով ծրագրում ենք աշխատել արտահանման վրա, ինչի համար Ռուսաստանում մարքետինգի բաժին ենք ստեղծել, ինչը եւս մեկ միլիարդ դրամի ներդրում է պահանջում»,- պարզաբանեց նա: Բալասանյանի խոսքով՝ դրա նպատակը արտահանվող ապրանքի ինքնարժեքի 20 տոկոսով նվազեցումն է, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մրցակցային դաշտ ստեղծել արտադրանքի համար:
Գործարանի տարածքում հանքային ջրերի երեք հորատանցք կա, որոնցից միայն մեկն է այս պահին գործարկվում: Բալասանյանը նշեց, որ շուկայի բավարարման արդյունքների գնահատումից հետո կվերագործարկվեն նաեւ մյուս հորատանցքերը:
«Սեւան» հանքային ջրերի գործարանը հիմնադրվել է 1953թ.-ին, Գավառ քաղաքում, հանքային ջրի աղբյուրի հիման վրա եւ համարվել է «Դիլիջան» հանքային ջրերի գործարանի մասնաճյուղ: 1953-1962թթ.-ին գործարանը տարեկան արտադրել է մոտ 150 հազար շիշ հանքային ջուր եւ ունեցել է 15 աշխատող: 1962թ.-ից գործարանն առանձնացվել է «Դիլիջան» հանքային ջրերի գործարանից որպես ինքնուրույն կազմակերպություն: Մինչեւ 1967թ.-ն գործարանն արտադրել է 350 հազար շիշ հանքային ջուր եւ ունեցել 25 աշխատակից: 1967թ.-ին գործարանը շահագործման է հանձնել նոր արտադրամաս, ինչի արդյունքում ընդլայնել է գործունեության ծավալները՝ արտադրությունը հասցնելով տարեկան 5 միլիոն շշի, իսկ աշխատակիցների թիվը 70-ի: Զարգացնելով ու ընդլայնելով գործարանի գործունեության ծավալները՝ դրանք հասել են տարեկան մոտ 20 միլիոն շշի: 1995թ.-ին գործարանը փակվել է, իսկ 2005թ.-ին՝ սեփականաշնորհվել: