Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի դեսպանին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել դեսպանին` վստահություն հայտնելով, որ վերջինս իր առաքելության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Ապա անդրադառնալով երկու երկրների գործակցությանը` Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ ջերմ և սերտ փոխհարաբերությունները կշարունակեն բարի արդյունքեր բերել երկու ժողովուրդներին:
Լիբանանի դեսպանն իր հերթին մեծապես կարևորել է երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը և բարձր գնահատել այդ գործում Հայ Եկեղեցու դերակատարությունը:
Վեհափառ Հայրապետն ու տիար Ժան Մաքարոնը խոսել են նաև Լիբանանի հայ համայնքի մասին: Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո Լիբանանի ժողովրդի բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հայ ժողովրդի զավակները կարողացան կարճ ժամանակի ընթացքում Լիբանանում վերակազմակերպել իրենց ազգային, հոգևոր-մշակութային կյանքը և մեծ ներդրում ունենալ երկրի կյանքի տարբեր բնագավառներում: