Երեւանը հիացրել է «Եվրոպական ժառանգության օրերի» լեհ պատվիրակին. հարցազրույց

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ հավաքվել են Հայաստանում` մասնակցելու «Եվրոպական ժառանգության օրերի» ազգային համակարգողների ամենամյա եռօրյա համաժողովին, որը մեկնարկեց օգոստոսի 30-ին, Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ամենամյա համաժողովին այս տարի մասնակցում են մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ, պաշտոնյաներ Եվրոպայի խորհրդից և Եվրամիությունից: Լեհաստանում «Եվրոպական ժառանգության օրերի» համակարգող Մարչին Ռեմբաչն առաջին անգամ է Հայաստանում: Տպավորված է Երևանյան գիշերներով և հույս ունի Հայաստան այցելել ոչ թե աշխատանքի բերումով, այլ արձակուրդն անցկացնելու նպատակով: «Արմենպրես»-ը զրուցեց Մարչին Ռեմբաչի հետ տպավորությունների, Լեհաստանում հայկական համայնքի և մշակույթների երկխոսության մասին:

-Պարոն Ռեմբաչ, առաջին անգա՞մ եք Հայաստանում: Հասցրե՞լ եք ծանոթանալ մեր հարուստ մշակութային ժառանգությանը:

-Այո, ես առաջին անգամ եմ Հայաստանում և շատ ուրախ եմ, որ ի տարբերություն որոշ մասնակիցների՝ առավոտյան չեմ ժամանել, այլ երեկվանից այստեղ եմ: Սա ինձ համար հնարավորություն էր տեսնել երեկոյան Երևանը, և այն ինձ շատ գրավեց: Հուսով եմ, որ մոտ ապագայում այստեղ կլինեմ ոչ թե աշխատանքի բերումով, այլ կանցկացնեմ արձակուրդներս: Հայերը հիասքանչ մարդիկ են, միշտ ժպտում են, օրիորդները շատ գեղեցիկ են և ուտելիքներն էլ շատ համեղ են:

-Շնորհակալություն գովեստի խոսքերի համար: «Եվրոպական ժառանգության օրերի» համակարգողների համաժողովին այլ երկրներում մասնակցե՞լ եք:

-Արդեն 4 տարի է՝ Լեհաստանի Եվրոպական ժառանգության օրերի համակարգողն եմ, և արդեն հասցրել եմ լինել Թուրքիայում: Իսկ Լեհաստանում մենք նախորդ տարի կազմակերպեցինք և անցկացրինք «Եվրոպական ժառանգության օրերի» համակարգողների համաժողովը: Եվ այս տարի էլ Հայաստանում ենք: Լեհաստանում «Եվրոպական ժառանգության օրերը» մենք կազմակերպում ենք սեպտեմբերի երկրորդ շաբաթվա սկզբին: Հսկայական տոնակատարություններ ենք անցկացնում այնտեղ:

-Լեհաստանում մենք բավականին մեծ հայկական համայնք ունենք: Ծանո՞ թ եք հայկական համայնքի գործունեությանը: Մասնակցե՞լ եք հայերի կողմից կազմակերպվող միջոցառումներին:

-Ընկերոջս հայրիկը հայ է՝ շատ ընկերասեր, հյուրասեր մարդ է: Հայերից շատերին եմ ճանաչում: Ինձ ասել են, որ ժամանակին հայրս սև մազեր ու բեղեր է ունեցել և հայի է նման եղել: Տարբեր երկրների ներկայացուցիչներ մեր երկրում կազմակերպում են տոնական մշակութային միջոցառումներ, բայց ես դեռ չեմ հասցրել մասնակցել հայերի կողմից կազմակերպված տոնակատարություններին: Բայց հիմա ես գիտեմ հայերիդ մասին, և հույս ունեմ մոտակա ժամանակներս մասնակցել նման միջոցառման:

-Հայկական և լեհական մշակույթների միջև նմանություններ տեսնու՞մ եք:

-Կարծում եմ, որ ոչ միայն ձեր երկիրը, այլև իմն ունի հետաքրքիր պատմություն և նմանություններ կարող են լինել: Լեհերը շատ ընկերասեր և հյուրընկալ են, մենք էլ ձեր նման հյուրեր ընդունել շատ ենք սիրում: Երբ մտածում եմ երկու երկրների սովորույթների և ուտեստների մասին, նկատում եմ, որ դրանք տարբեր են: Ճարտարապետությունն էլ է ամբողջովին տարբեր, բայց ծառերը նույնն են (ժպտում է): Մենք շատ հեռու ենք միմյանցից տարածքով, բայց նմանություններ շատ ունենք: Դա շատ կարևոր է:

-Մշակույթների միջև երկխոսությունն էլ է կարևոր:

-Այո, իմ ղեկավարած գերատեսչությունը և ես կարևորում ենք տարբեր մշակույթների երկխոսությունը: Մեր այրյան մեջ է՝ սիրել այլ ազգի ներկայացուցիչներին: Մշակույթների միջև տարբերությունները հսկայական են, բայց մենք շատ նմանություններ ունենք և սա շատ կարևոր է: Մենք չպետք է մոռանանք սրա մասին և պետք է հարգենք մեկս մյուսին:

Զրույցը վարեց՝ Ռոզա Գրիգորյանը

Հայերը Լեհաստանում պատմական ակնարկ (ըստ Հայկական հանրագիտարանի)

Տակավին XIV-XV դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ: Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը: Արևելքում Լեհական դիվանագիտության ռահվիրաններն էին Յան Սոբեսկին, Սեֆեր Մուրատովիչը, Շիմոն Պետրովիչը, Ռոմաշկևիչը և ուրիշներ: Դրա շնորհիվ էլ լեհ թագավորները հովանավորել են հայերին՝ նրանց ընձեռելով զանազան արտոնություններ, շնորհել ազգային սովորույթների և կրոնի պահպանության իրավունք: Լեհահայերը կառուցել են եկեղեցիներ (կաթոլիկ), հիմնել դպրոցներ, հիվանդանոցներ: XVII դարում նրանք ունեին տպարան և թատրոն: Լեհահայերը տվել են նշանավոր գիտնականներ (Մելխիոր Ստեֆանովիչ, Սահակովիչ Կասյան, Շիմոն Բեդրոսովիչ, Յակոբ Առաքելովիչ, Ստեփանոս Ռոշքա, Գոգոժ Փիրամովիչը և ուրիշներ), պատմիչներ (Հովհաննես Կամենեցացի, Սիմեոն Լեհացի, Յան Տոմաշ Յուզեֆովիչ), բանաստեղծներ ու երաժիշտներ (Շիմոն Շիմոնովիչ, Տոմաչ Նարգիլևիչ, Յոզեֆ Դիոնեզի Մինասովիչ, Կայեթան Աբգարովիչ, Ադոլֆ Աբրահամովիչ, Յուզեֆ Նիկորովիչ, Կարոլ Միկուլին և ուրիշներ): Նրանք հիմնականում ապրել են Լվովում, Կամենեց-Պոդոլսկում, Լուցկում, Վոլինում, Ռաշկովում, Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում, Լյուբլինում և Վարշավայում: XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին մասնատված լեհական հողերում մնացել են փոքրաթիվ, հիմնականում կաթոլիկ հայեր, որոնք աստիճանաբար ձուլվել են: Ներկայումս Լեհաստանում բնակվում է 15-20 հազար հայ: Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել. զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում: 1980 թ-ից Կրակովում գործում են Հայ մշակույթի համակիրների շրջանակը (ընկերություն), 1985 թ-ից՝ Հայ մշակութային ընկերությունը, որոնց նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել նրանց մշակութային ավանդություններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա