Ռուբեն Սաֆրաստյանը Սիրիայում քիմիական զենքի կիրառումը նաեւ թուրքական սադրանք է համարում
3 րոպեի ընթերցում
![Ռուբեն Սաֆրաստյանը Սիրիայում քիմիական զենքի կիրառումը նաեւ թուրքական սադրանք է համարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/08/730930.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քիմիական զենքի կիրառումը Մերձավոր Արեւելքն անկառավարելի պատերազմի մեջ ներքաշելու նպատակ ուներ: Այդ հարցում թուրքական կողմն անմասն չի մնացել: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Տեղի ունեցավ մեծ սադրանք, որը նպատակ ուներ Սիրիայի իրադարձությունների,բախումների, պատերազմական գործողություններիմեջ ներքաշելոչ միայնԱմերիկայի Միացյալ Նահանգներին եւ այլ երկրների, այլ ամբողջ Մերձավոր Արեւելքը, որպեսզի դեպքերն ստանան անկառավարելի ընթացք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ սադրանքի հեղինակը ոչ թե ԱՄՆ իշխանություններն են, այլ այն ծայրահեղական ուժերը, որոնք սկսել են Մերձավոր Արեւելքում փոփոխություններ իրականացնելու քաղաքականություն եւ որոնք ուղղորդում են ապստամբական զինված խմբավորումները: «Ես չեմ բացառում, որ այս սադրանքի հետեւում որոշ չափով կանգնած է նաեւ Թուրքիան: Եթե դուք նկատեցիք, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությունը շատ արագ հետեւեցայս ամենի մեկնարկին: Եվ երկրորդ հանգամանքն այն է, որ այդ զինված խմբավորումների եւ 11 երկրների ներկայացուցիչները միանգամից հավաքվեցին Ստամբուլում»,- նկատեց արեւելագետը:
Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Դավութօղլուի հայտարարությունն աննախադեպ էր, քանի որ նա միանգամից հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է գործելու՝ չսպասելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւին: Արեւելագետը նշեց, որ անհրաժեշտ է սպասել քիմիական զենքի կիրառման հարցով ՄԱԿ-ի փորձագետների գնահատականին:
Սիրիայում իրավիճակը սրվել է օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնել են Դամասկոսի արվարձաններում կառավարության զինված ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, թե զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո կողմերը ոչ մեկ անգամ հայտարարել են զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին` միմյանց մեղադրելով դրանում: ԱՄՆ-ը մեծացրել է Սիրիայի շուրջ ռազմական ներկայությունը՝ ակտիվացնելով ռազմական միջամտության սցենարի քննարկումները: Սիրիայի կառավարությունը օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: