1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինսենթ վան Գոգի ամստերդամյան թանգարանը կսկսի վաճառել նկարչի ամենահայտնի գործերի վերատպությունները` եռաչափ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Guardian-ը, կրկնօրինակները, որոնք ստեղծվել են Fujifilm ընկերության հետ համատեղ, ստացել են «Relievos» (ռելյեֆներ) անվանումը:
Նման յուրաքանչյուր օրինակը կարժենա 22 հազար ֆունտ: Եռաչափ նկարների շարքում կլինեն այնպիսի հայտնի գործեր, ինչպիսիք են «Նուշի ծաղկած ճյուղեր» (1890), «Արևածաղիկներ» (1889), «Բերք» (1888), «Ցորենի արտը մութ ամպերի տակ» (1890):
Եռաչափ այդ տեխնոլոգիան մշակվել է յոթ տարիների ընթացքում:
«Սրանք նոր սերնդի վերատպություններ են լինելու: Սիրողական մակարդակի համար բնօրիակի և կրկնօրինակի միջև տարբերությունը ակնհայտ չի լինելու: Սակայն, եթե դուք գիտակ եք, ապա տարբերությունը կզգաք»,-ասել է Վան Գոգի թանգարանի տնօրեն Ակսել Ռյուգերը:
Վերատպությունների շնորհանդեսը եղել է հուլիսին, Հոնկոնգի առևտրի կենտրոնում: Մի քանի կրկնօրինակներ վաճառվեցին հենց տեղում: Ողջ հասույթը կուղղվի թանգարանի վերանորոգմանը և նկարչի ժառանգության պահպանությանը: