Հարցազրույց

Քանի դեռ ապրում եմ, նկարահանվելու եմ. Արմեն Ջիգարխանյանը պատմում էհայկական նոր ֆիլմում իր դերի եւ ծրագրերի մասին

10 րոպեի ընթերցում

Քանի դեռ ապրում եմ, նկարահանվելու եմ. Արմեն Ջիգարխանյանը պատմում էհայկական նոր ֆիլմում իր դերի եւ ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանում եւ Ռուսաստանում մի քանի տասնյակ այլ կոչումներ ունեցող դերասան Արմեն Ջիգարխանյանին ամեն օր Երեւանում տեսնելու հնարավորություն չի լինում: Լրագրողական ամենօրյա «թոհուբոհ»-ում Ջիգարխանյանին երեւանյան ամենահին հյուրանոցներից մեկի սրճարանում հանդիպելը հաճելի պատահականություն էր, որը վերափոխվեց հարցազրույցի ակնկալիք ունենալու առիթի: Դերասանը իրեն բնորոշ հումորի զգացումով եւ սիրալիրությամբ հարցազրույցի առաջարկը չմերժեց:Նա Երեւանում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հրավերով` դեռեւս աշխատանքային անվանում ունեցող «Տունը սրտում»ֆիլմում նկարահանվելու համար: «Արմենպրես»-ը պատիվ ունեցավ զրուցելու անվանի հայերից մեկի` Ջիգարխանյանի հետ, ոչ միայն հայաստանյան այցի, այլեւ ստեղծագործական ծրագրերի շուրջ:

-Արմեն Բորիսովիչ, կպատմեք Երեւան Ձեր այցելության առիթի մասին:

-Ես ստացել էի «Տունը սրտում» («Домик в сердце») ֆիլմում նկարահանեվելու հրավեր, որի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: Ֆիլմի հիմքում ընկած է ընտանեկան պատմություն, ես կարծում եմ այն սովորական չէ: Ընտանեկան պատմություններ ժամանակակից կինեմատոգրաֆիայում եւ թատրոնում շատ է պատմվում: Բավական բարդ թեմա է: Ես մարմնավորելու եմ պապիկի կերպար, որն ինձ դուր է գալիս: Գիտես, սցենարն իրականում ֆիլմի թույլ կողմն է, քանի որ խելացի մարդկանցից մեկը ժամանակին ասել է, որ սցենարը գրված է, սակայն յուրաքանչյուր բառ կարող ես արտասանել միլիոնավոր հնչերանգներով եւ պետք է գտնել հենց այդ համապատասխան հնչերանգը: Ինձ դուր է գալիս ստեղծագործական պրոցեսը: Անհրաժեշտ է չխաբել հանդիսատեսին, որովհետեւ դա բավական դժվար բան է, կարծում եմ, դու էլ կյանքի բերմամբ արդեն հասցրել ես իմանալ, որ չխաբելը ամենադժվար բանն է: Մենք հաճախ «կիսաճիշտը» ներկայացնում ենք որպես ճշմարտություն:

- Որքա՞ն հաճախ եք լինում Երեւանում, հայրենիքում ի՞նչն եք ամենից շատ սիրում:

-Հայաստանը իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնվել, լավ, երջանիկ կյանք եմ ապրել, սակայն արդեն 50-ից ավելի տարի է, ինչ ապրում եմ Մոսկվայում, Ռուսաստանում: Չեմ կարող մանրամասների մեջ խորանալ, սակայն ինձ համար դա բարդ հարց է.. Ես շատ եմ սիրում Ռուսաստանը, ապրում եմ այնտեղ, ինձ լավ եմ զգում, սակայն անկեղծորեն պետք է ասեմ, որ հայերի եւ ռուսների մոտ առկա են էական տարբերություններ` կենցաղի, փիլիսոփայության, շատ այլ մակարդակներում: Որքան երկար եմ ապրում Ռուսաստանում, այդքան հասկանում եմ, որ ինձ որպես հայ անընդհատ պետք է ինչ-որ բան ներքուստ հաղթահարել: Վատ թե լավ բան, դա արդեն այլ հարց է, ինչպես ասում էր իմ լավ ընկերներից մեկը, կպարզենք թաղումից հետո: Ամենից շատ սիրում եմ զբոսնել Երեւանով: Ես այստեղ եմ ծնվել, եւ իսկապես լավն է այստեղի օդը, փողոցները, սովորաբար ոչ միայն կենտրոնական, այլեւ մյուս փողոցները: Ես Կոնդում եմ մեծացել, մի քանի օր առաջ գնացինք այն թաղամաս, որտեղ ապրել եմ, այժմ այնտեղ շուկա է, ինչ-որ նոր բան են կառուցում: Այդ պատճառով էլ ասում եմ կարեւորը չխաբելն է, քանի որ իրականությունը թանկ եւ շատ բարդ բան է:

-Ձեզ բնորոշում են, որպես Ռուսաստանի ամենանկարահանվող դերասան` հաշվի առնելովնկարահանվածֆիլմերի քանակությունը: Համաձա՞յն եք այդ բնորոշման հետ:

-Իրականումխաբումեն, նման բան չկա, որովհետեւ ինչո՞վ են չափել: Դա անիմաստություն է: Ես դերասան եմ, ով նկարահանվում է կինոյում: Դա ֆիլմերի կուտակում է: Մենք ամեն օր որեւէբան ենք հագնում, սակայն դա դեռ չի նշանակում, որմեր ճաշակը այդտեղ արտացոլվում է ամբողջովին, նույն էլ` կինոյում:

-Ե՞րբ Ձեզ առաջարկում են կինոսցենարը, կան արդյոք որոշակի սկբունքներ, որոնց պարտադիր հետեւում եք:

-Չէ, իրականում սկզբունքներ չկան: Երբ ես կարդում եմ սցենարը, արդեն ասացի, որ այնտեղ նշված յուրաքանչյուր բառ կարելի է արտասանել տասնյակ տարբեր ձեւերով: Ինձ համար շատ կարեւոր է հանդիպել այն մարդու` տվյալ դեպքում իմ «գործատու»-ի հետ, ով ինձ կասի. «եթե կարելի է փոքր-ինչ բարձր» կամ նման այլ շատ արտահայտություններ, եւ հենց այստեղից էլ պետք է, որ ինչ-որ բան ծնվի: Մենք մեծ մարդիկ ենք եւ օրինակ, երբ հասկանում ենք, որ ցանկանում ենք երեխա ունենալ, սիրում ենք իրար, հանդիպում ենք, սակայն չգիտենք, թե արդյունքում ինչ կստացվի այդ ամենից: Ինչպես ասում են, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ցանկանում էմեր վերեւում գտնվող մորուքավոր պապիկը:

-Բացի հայաստանյան նկարահանումներից, որեւէ այլ ֆիլմի նկարահանման աշխատանքներում ներգրավվա՞ծ եք Ռուսաստանում:

-Դեռչկան ֆիլմեր: Իմ եւ կինոյի մեջ փոխադարձ հարաբերություններ են: Առանց ամաչելու քեզ պետք է ասեմ, որ ինձ հաճախ ասում են, դու թանկ արժես, հենց դեմքիս էլ ասում են դու թանկարժեք դերասան ես, մենք քո փոխարեն կարող ենք հինգ կամ տասը մարդ նկարահանել: Եվ նման խոսակցություննարդեն «բազարի» է վերածվում:

-Ի՞նչ եք պատասխանում նման դեպքերում:

-Ես ասում եմ «ցտեսություն», երբեմն սեղմում եմ տվյալ մարդու ձեռքը, երբեմն էլ` ոչ: Չգիտեմ, որտեղից են գալիս նման երեւույթները: Մարդ գիտե, թե ինչի համար պետք էծախսի իր գումարը, եւ այն, թե ինչի մեջ է ներդնում իր էներգիան: Սա ամենաբարդն է, նկատի ունեմ նրանք, ովքեր ֆիլմ են նկարահանում, ակնկալում են, որ ինչ-որ բան այլ կերպ կանենք: Կան սցենարներ, որտեղ անհասկանելի է, թե որտեղ է իմաստը: Այդ պատճառով յուրաքանչյուր ֆիլմ ինչ-որ բանի հասնելու ռիսկային փորձ է: Ես ինքնս էլ կյանքում պապիկ եմ եւ այս ֆիլմում էլ իմ պապիկի կարգավիճակի մասին եմ պատմելու, կարծում եմ, դա հետաքրքիր է:

-Արդեն 17 տարի է ղեկավարում ենք Ձեր անունը կրող թատրոնը: Առաջիկա ծրագրերում նախանշվա՞ծ են հյուրախաղեր Երեւանում:

-Հյուրախաղերն իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է: Ես արդեն Երեւանում իմ թատրոնով հանդես եկել եմ, այժմ դեռհրավերներ չկան Հայաստանից, սակայն եթե լինեն, կմտածենք եւ կքննարկենք:

-Տարիներ առաջ Ձեր թատրոնը ստեղծվել է երիտասարդ սերնդին աջակցելու համար: Որպես մարդ, ով բավականմեծ ճանապարհ է անցել, ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են պատրաստվում անել թատրոնում եւ կինոյում:

-Այստեղ խորհուրդներ տալ չի կարելի: Դա գենետիկ անհրաժեշտություն է: Այժմ ես նկարահանվում են նույն ֆիլմում իմ վաղեմի ընկեր Խորեն Աբրահամյանիթոռան` Խորեն Լեւոնյանի հետ: Չգիտեմ,թե ինչ կարող եմ իրեն խորհուրդ տալ, նա արդեն 31 տարեկան է, զգում է կյանքը, հենց այն մթնոլորտում է մեծացել, որտեղից իրեն` հորից, մայրիկից փոխանցվել է որոշակի տեղեկատվություն, թե ինչպես նա կօգտագործի այդ տեղեկատվությունը մենք քեզ հետ չգիտենք:

-Հասցնո՞ւմ եք հետեւել հայկական կինոարտադրության զարգացմանը:

-Կինոն շատ թանկ զբաղմունք է: Կինոյի համար շատ փող է պետքունենալ: Եթե սխալվում եմ, կարող ես ինձ շտկել, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանում համենայն դեպս կինոարտադրության ոլորտում մեծ գումարներ չկան: Մյուս ոլորտները չգիտեմ, օրինակ տեսնում եմ շինարարություն Երեւանում, քաղաքը վերածնվել է, բոլորովին ուրիշ է դարձել: Տեսնում եմ, թե ինչ տներ են կառուցվում, նախկինում մեկ հարկանի Երեւան գիտեի, այժմ հսկայական շենքեր են կառուցվում: Սա նույնպես բավական բարդ հարց է: Մենք պետք է հասկանանք` արդյունքում ուր ենք գնում: Ինչպես հայերն են ասում, պետք է «քթի ծակ» ունենաս, որ հասկանաս, թե ինչ է կատարվում:

-Գրեթե բոլոր հաջողակ մարդիկ ունեն իրենց երջանկության մեխանիկան:Դուք ունե՞ք նման բանաձեւ:

-Չունեմ բանաձեւ, եւ որքան երկար եմ ապրում այնքան հասկանում եմ, որ նման բանաձեւ չկա: Այն ինչ ցանկանում ենք, փորձում ենքերկար գնալ եւ հասնել դրան, երբեմն ոչ միշտ հասկանալով, թե ինչի համար: Երեկ նկարահանումների ժամանակ տեքստում մի լավ արտահայտություն կարայն մասին, որ իրականում մենք չգիտենք, թե ինչ ենք ցանկանում: Մենք մոտավորապես գուշակում ենք այն, թե ինչ ենք ցանկանում, մոտավոր, բայց, թե ինչ դուրս կգա դրանից, ոչ ոք չգիտե:

- Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը կյանքում:

- Քանի դեռ ապրում եմ, նկարահանվելու եմ, թատրոն եմ ղեկավարելու, հյուրախաղեր եմ ունենալու: Մենք բացելու ենք նոր թատերաշրջանը, եւ թատրոնի արտիստներն ինձ համար երեխաներ են, սիրելի, ոչ այնքան սիրելի, բայց երեխաներ:

- Շնորհակալություն, որ չմերժեցիք հանդիպելու առաջարկը: Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:

-Առաջին հերթին, որ աշխարհում ամեն ինչ լավ լինի, դա այն է, ինչին մենք ձգտում ենք: Առաջիկայում ոչ ոք չի երաշխավորում, որ կգտնենք այն, ինչ փնտրում ենք, սակայն մենք պետք է ձգտենք եւ ամենակարեւորը չստենք: Այս հարաբերակցության մեջ շատ եմ սիրում բժշկությունը: Եթե քեզ խորհուրդ են տալիս այլեւս չուտել այս կամ այն բանը, կամ չվազել, դու անում ես դա: Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնում մի դերասանուհի կար, ով շատ տարիներ առաջ ինձ ասաց. «Արմենչիկ, մի վազիր բեմի վրա, քեզ չի սազում», եւ հենց սա էլ կյանքն է.. (ժպտում է):

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

Լուսանկարները` Արեւ Գրիգորյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում