Հասարակական

Կյանքից հեռացավ Հանրային հեռուստատեսության երախտավոր Մարկ Պետրոսյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացավ Հանրային հեռուստատեսության երախտավոր Մարկ Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ , 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82-րդ տարում կյանքից հեռացել է Արվեստի վաստակավոր գործիչ, Հանրային հեռուստաընկերությունում ավելի քան կես դար աշխատած Մարկ Պետրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը տեղեկացավ Պետրոսյանի թոռնուհուց` ՀՀ մշակույթի նախարարի տեղեկալ Արեւ Սամուելյանից, Պետրոսյանը մահացել է օգոստոսի 6-ի երեկոյան` հիվանդության հետեւանքով: Արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Պետրոսյանը, ինչպես ընդունված է ասել, «հեռուստատեսության մարդ» էր` բառի ամենալայն իմաստով:

Հայկական հեռուստատեսության սկզբնավորումից ի վեր` ավելի քան կես դար, նա աշխատել է նախկինում Հայաստանի Ազգային, այժմ` Հանրային հեռուստաընկերությունում: Սկզբում եղել է հնչյունային ռեժիսոր, երաժշտական ձեւավորող, այնուհետեւ` երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր: Մոտ 30 տարի ղեկավարելով հիշյալ խմբագրությունը` նա հեղինակել է հարյուրավոր երաժշտական հաղորդումներ, որոնց հեռուստադիտողը միշտ սպասել է առանձնակի ոգեւորությամբ ու սիրով, անգամ` կեսգիշերն անց: Հեռուստատեսային երկարամյա գործունեության ընթացքում Պետրոսյանը արժանացել է բազմաթիվ պարգեւների եւ պատվոգրերի, այդ թվում` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ եւ հեռուստատեսային բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից նրան շնորհվել է հուշամեդալ: Պետրոսյանի գլխավորությամբ Հայկական երաժշտության օրեր են անցկացվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մերձբալթիկայի եւ Անդրկովկասի հանրապետությունների մայրաքաղաքներում:

Զուգահեռաբար աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում: Մարկ Պետրոսյանը մշտապես զբաղվել է նաեւ լրագրական գործունեությամբ: Նա Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր, մի շարք պատմվածքների հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում