ՀՀ ԱԳ նախարարությունը նոտա է հղել թուրքական կողմին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 1-ին նոտայով դիմել է թուրքական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից` անդրադառնալով հայ-թուրքական սահմանը խախտած թուրք հովվի մահվան առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքին:
«ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով օգոստոսի 1-ին դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել դեպքի կապակցությամբ, եւ հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի»:
Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն օգոստոսի 1-ին լրագրողներին հայտնել էր, որ 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլքերը հուլիսի 31-ի երեկոյան ժամերին հայկական սահմանը հատել էր կորած անասունը գտնելու համար: Նշվում է, որ նրա նախիրի կովերից մեկը, սահմանի փշալարերից անցնելով, ծնել է հայկական կողմում: Հովիվը ձիով հատել է սահմանը` կովն ու հորթը տանելու համար: Սահմանապահները կրակ են բացել նրա ուղղությամբ: Ծանր վիրավորված հովվի կյանքը փրկել չի հաջողվել: Նրա դին վերցնելու համար Կարսի իշխանությունները եւ թուրք սահմանապահները բանակցություններ են վարել հայկական կողմի հետ եւ համապատասխան արձանագրություններից հետո վերցրել մահացած հովվի դին ռւ տեղափոխել Արփաչայ, որտեղից այն ուղարկել են Էրզրում` դատաբժշկական փորձաքննության:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 2-ին հայտարարություն է տարածել հովվի զոհվելու կապակցությամբ` դատապարտելով անմեղ քաղաքացու` սահմանը խախտելու պատճառով հրազենով կրակ բացելու հետեւանքով սպանությունը:
Մինչդեռ «Իտառ-Տասս» լրատվական գործակալության հետ զրույցում Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինն ասել է, որհատելով Հայաստանի հետ սահմանը` 35-ամյա թուրք հովիվը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել ներթափանցել Հայաստանի տարածք: Ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակ՝ վիրավորելով սահմանախախտին: