Ռաֆայել Մեհրաբյանն ավելի բարձր է գնահատում հայ աղջիկների նվիրումը բռնցքամարտին, քան տղաներինը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց բռնցքամարտը նոր երեւույթ Է հայկական սպորտում, բայց այն արդեն ընդգրկված Է օլիմպիական խաղերի ծրագրում, արժանացել Է պետության ուշադրությանը, իսկ առանձին մարզական ընկերություններում արդեն գործում են կանանց բռնցքամարտի խմբեր` ապահովելով մարզաձեւի մասսայականությունը:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել Է Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքանի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ:
-Պարոն Մեհրաբյան, կանանց բռնցքամարտը հոգեբանորեն ընդունվե՞լ Է մեր մարզական հանրության կողմից: Չէ՞ որ բռնցքամարտը միշտ ընկալվել Է որպես տղամարդկանց սպորտ:
-Կանանց բռնցքամարտը համեմատաբար նոր երեւույթ Է, բայց այն արդեն ընդունված Է ամբողջ աշխարհում: Կարծում եմ, որ Հայաստանի աղջիկները նույնպես չպետք Է ետ մնան ժամանակից, առավել եւս, որ նրանք տղաներից ավելի լուրջ են նվիրվում բռնցքամարտին, ֆանատիկորեն ցանկանում են ռինգում հաջողությունների հասնել եւ դրա հնարավորությունը ունեն: Ի դեպ, միջին քաշային Արմինե Սինաբյանը արդեն իսկ լուրջ հաջողության Է հասել. նա Եվրոպայի փոխչեմպիոնուհի Է: Արմինեն այժմ բնակվում Է Շվեդիայում, բայց հանդես Է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Ճիշտ Է, բռնցքամարտը այն մարզաձեւն Է, որը մարզիկից Էներգիայի մեծ ծախս Է պահանջում, լուրջ ֆիզիկական կառուցվացք, բայց եթե կանանց բռնցքամարտը Հայաստանում համապատասխան ֆինանսավորում ստանա, ապա մենք անպայման հաջողություններ կունենանք: Առ այսօր մեր մոտ բռնցքամարտով 30 աղջիկներ են զբաղվում, պետությունն արդեն ուշադրություն Է դարձնում կանանց բռնցքամարտի զարգացմանը, ցուցում կա կանանց բռնցքամարտի խմբեր բացել մարզական ընկերություններում, եւ դրանք արդեն գործում են: Կանանց բռնցքամարտը միայն Երեւանում չԷ, որ սկսել Է զարգանալ: Դիլիջանում, Մասիսում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գործում են կանանց բռնցքամարտի խմբեր:
-Հայաստանի կանանց բռնցքամարտի ի՞նչ հեռանկար եք տեսնում ապագայում:
-Ես կասեի` շատ լուրջ, եւ արդեն մոտ ապագայում: Ինչպես հայտնի Է, Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ բռնցքամարտուհիները մրցում Էին միայն 3 քաշային կարգերում: Լուրեր կան, որ 2016 թվականի Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում կայանալիք օլիմպիական խաղերին բռնցքամարտուհիները կմրցեն արդեն 6 քաշային կարգերում: Բացի խրախուսանքից, սա շատ լուրջ հեռանկար կբացի հայ բռնցքամարտուհիների առջեւ ոչ միայն օլիմպիական ռինգ դուրս գալու համար: Ես արդեն ասացի, որ Հայաստանի կանանց բռնցքամարտը ստացել Է պետության ճանաչումը, եւ մենք հույս ունենք, որ այն կստանա նաեւ արժանի ֆինանսավորում. այդ դեպքում արդյունքներ կլինեն:
Օրինակ, մենք նախապատրաստվում ենք սեպտեմբերի 20-29-ը Բուլղարիայում կայանալիք պատանի եւ երիտասարդ աղջիկների բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, եւ պլանավորել ենք 2 ուսումնամարզական հավաք անցկացնել օգոստոսի 14-29-ը Ծաղկաձորում, եւ սեպտեմբերի 5-18-ը Աբովյանում: Եթե դա մեզ հաջողվի, ապա դա լուրջ աջակցություն կլինի:
Մեծահասակ բռնցքամարտուհիների աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունները տեղի կունենան արդեն 2014թվականին, եւ դրանց նույնպես պետք Է լուրջ նախապատրաստվել: Շատ կարեւոր Է այն հանգամանքը, որ մենք սկսել Էինք Հայաստանում կանանց բռնցքամարտը զարգացնել արդեն վաղուց, երբ այն օլիմպիական ճանաչում դեռ չուներ, եւ առ այսօր բավականին մեծ փորձ ենք ձեռք բերել:
-Որքանո՞վ Է բռնցքամարտն իր չափանիշներով համապատասխանում հայ աղջիկների ֆիզիկական հնարավորություններին: ՉԷ՞ որ սա շատ բարդ մարզաձեւ Է:
-Համապատասխան ֆինանսավորում ստանալու դեպքում որեւէ խնդիր չի լինի: Այո, բռնցքամարտը բարդ եւ յուրատեսակ մարզաձեւ Է, բայց բավական Է միայն տեսնել, թե ինչ հաճույքով են աղջիկները մարզվում: Իհարկե, ֆիզիկական տվյալները շատ կարեւոր են, բայց սա լուծվող հարց Է: Դրա լավագույն վկայությունն այն Է, որ Հայաստանի բռնցքամարտուհիները մեդալներ են նվաճել տարբեր միջազգային մրցումներում:
-Շնորհակալություն զրույցի համար:
Զրույցը վարեց Զավեն Վարդանյանը