«Երնորոգնախագիծ»-ը կլուծարվի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կքննարկի «Երնորոգնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ օգոստոսի 1-ին կայանալիք նիստի օրակարգում:
«Երնորոգնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ) ներկայացուցիչներին:
Ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները կվերապահվեն ՀՀ ֆինանսների նախարարությանը, իսկ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն կհանձնվի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
«Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ-ն ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի «Երնորոգնախագիծ» պետական ձեռնարկության վերակազմավորման միջոցով և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը: ՀՀ կառավարության 2009թ. որոշմամբ «Երնորոգնախագիծ» ՓԲԸ-ի 100 պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Երևանի քաղաքապետարանից փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերությունը գրանցված է ՀՀ պետական ռեգիստրում: