Մանկական բեսթսելլեր 6. Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» շաբաթվա ամենապահանջված ստեղծագործությունն է
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի վերիջին շաբաթվա ընթացքում երևանյան գրախանութներում ամենապահանջված մանկական ստեղծագործությունը Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» հեքիաթ-պատմվածքն է: Այն այս շաբաթ «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելլեր»-ի առաջին հորիզոնականում է և ամիսներ շարունակ ընդգրկված է եղել վարկանիշային աղյուսակում: Հեքիաթը պատմում է մի բադիկի մասին, թե ինչպես ծնողները որոշում են նրան կրթության տալ շների ավելի հեղինակավոր դպրոցում` անտեսելով, որ ճուտիկի մայրենին բադերենն է: Հեքիաթ-պատմվածքը դաստիարակչական նշանակություն ունի ու արդիական է նաև այսօր: Դա է պատճառը, որ հեղինակը որոշել է տպագրել 45 տարի առաջ գրված պատմվածքը: Գրքում կարևորվում է այն գաղափարը, որ առաջնայինը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, իսկ մայրենիի կորուստը բերում է ցեղի կորստին:
Երկրորդ հորիզոնականում Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը» գիրքն է, որին հաջորդում է «Արևիկ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» մանկական փոքրիկ հանրագիտարանը: Գրքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականն այս շաբաթ «ՋիԷսԷմ» ստուդիայի «Այբուբեն սպունգանման» գիրքն է, որն առաջին անգամ է ընդգրկված ցանկում: Այն իր մեջ ներառում է հայերենի 39 տառերը, որոնք հետաքրքիր տարբերակով սովորեցնում է փոքրիկներին: «Մանկական բեսթսելլեր»-ի հինգերորդ հորիզոնականում «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը» հեքիաթն է: Տպագրության առաջին իսկ օրվանից ընթերցողների, հատկապես փոքրիկների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած գիրքը միշտ ընդգրկված է եղել վարկանիշային աղյուսակում` զբաղեցնելով բարձր հորիզոնականներ: Հեքիաթի մեծաթիվ վաճառքին խթանում է ոչ միայն հետաքրքիր սյուժեն, այլ նաև գրքի մատչելի գինն ու արդիական լինելը: Հետաքրքիր է նաև գրքի ձևավորումը: «Մաշան և արջը» ռուսական ժողովրդական հեքիաթի ժամանակակից տարբերակն է: Մուլտսերիալը, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձել է փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմը, ապահովել է նաև հեքիաթի հաջողությունն ու գրքի մեծաթիվ վաճառքը:
Հայ մեծանուն գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում են: Թումանյանը գրել է նաև քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Նա լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Հովհաննես Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Բանաստեղծն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ:
Թումանյանին հաջորդում են դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը, որոնց զգալի մասն էկրանավորվել են ու հայտնի են փոքրիկներին: Ութերորդ հորիզոնականում «Զանգակ» հրատարակչության «Շնաձուկ: Կենդանիների օրագրեր» մանկական գիրքն է, որն առաջին անգամ է «Արմենպրես» գործակալության վարկանիշային աղյուսակում:
Իններորդում շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» հեքիաթն է, որը պատմում է կարմրամազ չարաճճի աղջկա արկածների մասին:
Այս շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում է կրկին «Զանգակ» հրատարակչության «Փոքրիկ տիկիններ» ստեղծագործությունը:
Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +7 | ![]() |
Լևոն Անանյան «Մայրենի լեզվի դասը» |
Էդիթ պրինտ | 41 |
| 2 | 0 | ![]() |
Սմբատ Գյուրջյան «Իմ առաջին այբուբենը» |
ՋիԷսԷմ | 31 |
| 3 | +1 | ![]() |
«Իմ առաջին գիրքը» | Արևիկ | 30 |
| 4 | Նոր | ![]() |
«Այբուբեն սպունգանման» | ՋիԷսԷմ | 23 |
| 5 | -4 | ![]() |
«Մաշան ու արջը» | Բուկինիստ | 20 |
| 6 | -3 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | Արևիկ | 15 |
| 7 | * | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» | Արևիկ | 11 |
| 8 | Նոր | ![]() |
«Շնաձուկ: Կենդանիների օրագրեր» | Զանգակ | 8 |
| 9 | * | ![]() |
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պեպին» | Զանգակ | 7 |
| 10 | Նոր | ![]() |
Լուիսա Մեյ Էլքոթ «Փոքրիկ տիկիններ» |
«Զանգակ» | 6 |









