Քաղաքականություն

Վարչապետը տրանսպորտի սակագների փոփոխության շուրջ ծավալված շարժումը որակում է սոցիալական

3 րոպեի ընթերցում

Վարչապետը տրանսպորտի սակագների փոփոխության շուրջ ծավալված շարժումը  որակում է սոցիալական

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանը սպասարկող երթուղային տրանսպորտի սակագների բարձրացման շուրջ ծավալված շարժումն ինքնաբուխ է եւ չունի կուսակցական բնույթ: Այդ մասին ՀՀ կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Որոշ կուսակցություններ իհարկե ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ եւ ավելի շուտ այս շարժումն ունի սոցիալական բնույթ` սոցիալական համերաշխության, արդարության, աղքատության դեմ, այսինքն` հասկանալի մղումներ են միավորում երիտասարդներին, որոնք բարձրացնում են այս հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ասաց, որ Հայաստանում ձեւավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն եւ պետական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ իրողությունը: Սարգսյանը խոսեց տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության կարեւորության մասին: Նա ասաց, որ տրանսպորտի սակագների շուրջ որոշումը Երեւանի քաղաքապետարանի իրավասության շրջանակում գտնվող խնդիր է: «Բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն տրամադրություններին, որ այս որոշումը ստեղծում է հասարակության մեջ եւ առնչվում է բնականաբար գործադիր իշխանության հետ եւ մենք պարտավոր ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում»,- ասաց ՀՀ վարչապետը՝ պահանջելով մեծ զանգվածներին առնչվող որոշումներն անպայման քննարկել հանրության եւ ՀԿ-ների հետ: «Մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք այսուհետեւ կարեւոր որոշումները կայացնելիս ապահովել հանրային քննարկումներ, հանրային լսումներ, բաց եւ հրապարակային դեբատներ եւ կարծում եմ, որ տրանսպորտի սակագների փոփոխությունը հենց այդ ոլորտին վերաբերող խնդիր է»,- ասաց Սարգսյանը՝ խոսելով այդ հարցում նաեւ օրենսդրական քայլերի անհրաժեշտության մասին:

Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից թանկացավ 50 տոկոսով՝ դառնալով 150 դրամ,իսկ տրոլեյբուսներինը՝ 100 տոկոսով 50-ից դառնալով 100 դրամ: Անփոփոխ է մնացել միայն մետրոյի սակագինը: Երեւանում բողոքի ցույցերեւ ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են վերականգնել տրանսպորտի նախկին սակագինը:

Հենց գործադիր մարմնի նիստի ժամանակ կառավարության շենքի առջեւ շարունակվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմբողոքի ակցիան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում