Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաային
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաային: Վերջինս Երևան է ժամանել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում հունիսի 19-ին կազմակերպվող «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ողջույնի խոսքում Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք ստանձնել ենք նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում և պետք է անենք առավելագույնը, որ նախագահության այդ վեց ամսվա ընթացքում կարողանանք արձանագրել հաջող և արդյունավետ զարգացումներ»:
Հերվիգ վան Շտաան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերոնշյալ միջազգային համաժողովը Երևանում կազմակերպելու համար, ինչը վկայում է Հայաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացմանը տրվող կարևորության մասին: Նա բարձր է գնահատել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և մասնավորապես, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեր երկրի կողմից իրականացվող քայլերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համայնքային ժողովրդավարության զարգացման շուրջ, քննարկել տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով, որ Հայաստանը շարունակական բարեփոխումներ է իրականացնում այդ ոլորտում, վարչապետ Սարգսյանը կարևորել է ԵԽ անդամ-երկրներում առկա դրական փորձի ուսումնասիրությունը: Կառավարության ղեկավարի խոսքով` տեղական ժողովրդավարությունը ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայություններից է, որի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ:
Հանդիպման ավարտին հյուրը կիսվել է հայ ժողովրդի համար խորհրդանշական երկու վայրեր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայոց ցեղասպանության թանգարան կատարած իր այցելության տպավորություններով: