2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ամռան ամիսներին ձկնամթերքի գնի նվազում չի սպասվում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ձկնաբույծների միավորման նախագահ Արթուր Աթոյանը՝ ընդգծելով, որ ձկնաբույծները սկսել են արտադրել այնքան ձկնամթերք, որքան պահանջում է տեղական շուկան։ «Նախորդ տարիներին ձկան շուկայում գնի նվազումը կապված էր մեծածավալ արտադրության հետ, որը ավելին էր, քան պահանջում էր տեղական շուկան։ Սակայն այժմ ձկնաբուծարանները սկսել են արտադրել այնքան ձկնամթերք, որքան հնարավոր կլինի սպառել նեքին շուկայում, հետևաբար գնային նվազում չի լինի»,- ասաց Աթոյանը։ Նրա խոսքով՝ դա վնասում է ձկնաբուծարանների աշխատանքին. նրանք չեն ցանկանում ցածր գնով մեծ արտադրանք տալ, որն էլ խոչընդոտում է արտադրության ծավալների աճին։
Խոսելով ձկնամթերքի արտահանման մասին՝ Ձկնաբույծների միավորման նախագահը նշեց, որ արտահանումն իրականացմող մի քանի ընկերությունները արտաքին շուկա են դուրս բերում միայն սեփական արտադրանքը, իսկ փոքր տնտեսությունները ստիպված են լինում սպառումը կազմակերպել միայն տեղական շուկայում։ Նրա խոսքով՝ փոքր ձկնաբուծարանների համար այժմ ճգնաժամային շրջան է։ «Միջազգային շուկայում ձկան կերը թանկացել է միջինում պարկը 4-5 եվրոյով։ Դրա ազդեցությունը հիմնականում զգացվում է փոքր տնտեսությունների վրա, որոնք չկարողանալով հակակշիռ ստեղծել թանկացման դեմ, փակվում են»,- ասաց նա։
Արթուր Աթոյանի խոսքով՝ վերջին երկու տարում Հայաստանում փակվել է 57 ձկնաբուծարան։
Հայաստանում 2013 թվականի ապրիլին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 717.2 տոննա (ընդ որում ողջ ծավալն իրացվել է)` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 15.2 տոկոսով: