Տիգրան Սարգսյանը խնդիր է դրել ՀՀ-ում բելառուսական 100 տրակտոր շահագործման հանձնել արդեն այս տարի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ին թույլատրեց 1.9 մլն դոլար արժեքով տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ գնելու պայմանագրեր կնքել բելառուսական ընկերությունների հետ և մշակել տեխնիկայի բաշխման պայմանները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Արմավիրում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդիր դրեց, որպեսզի բելառուսական առաջին 100 տրակտորը հնարավոր լինի օգտագործել արդեն այս տարի։
Բելառուսից ՀՀ գյուղտեխնիկայի ներկրման հարցը քննարկվել էր ՀՀ վարչապետի և Բելառուսի կառավարության ղեկավարի միջև մայիսի 31-ին Մինսկում կայացած երկկողմ հանդիպմանը: Կողմերը քննարկել էին նաև մեր երկրում գյուղտեխնիկայի հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու հարցը: