Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 10-ին այցելել է Մարսելի հայ առաքելական եկեղեցի և հանդիպել ծխական խորհրդի անդամների հետ:Այնուհետև Միրզոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի՝ Մարսելի մասնաճյուղի անդամների հետ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից` նույն օրը երեկոյան ԼՂՀ ԱԳ նախարարի պատվին ընդունելություն է կազմակերպվել Մարսելի քաղաքապետարանում, որին ներկա են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, տեղական իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Կարեն Միրզոյանը գոհունակություն է հայտնել Մարսել քաղաքի և ԼՂՀ միջև հաստատված բարեկամական կապերի կապակցությամբ և կարևորեց դրանց զարգացման և խորացման անհրաժեշտությունը:
Հունիսի 11-ի առավոտյան ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն այցելել է Մարսելի հայկական Համազգային դպրոց, որտեղ հանդիպել է մանկավարժական կազմի, վարչական խորհրդի անդամների, ծնողների և աշակետների հետ:
Այդ օրը Լե-Պեն-Միրաբո քաղաքում Միրզոյանը մասնակցել է քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բարեկամության հռչակագիր է ստորագրվել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև:
Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը՝ կողմերը հռչակում են բարեկամական կապերի հաստատումը երկու քաղաքների միջև և դրանց միջոցով կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում ծրագրերի իրականացումը: