ԱԺ նախագահն ու Լատվիայի վարչապետը կարեւորել են 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպել է Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվել է տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում եւ կարեւորվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով` Ազգային ժողովի նախագահը կարեւոր է համարել հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին Ռիգայում, եւ բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական համագործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բովանդակային եւ փոխշահավետ փոխգործակցության համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Լատվիայում ուղիղ ներդրումների կատարման ծավալով Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից Հայաստանը առաջին տեղում է:
ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը ընդգծել են, որ Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես հայ-լատվիական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացման, այնպես էլ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացման համար: Ընդգծվել է նաեւ այդ ձեւաչափում տնտեսական համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել են տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը: Երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ Լատվիան, որը հավատարիմ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման արժեքներին, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ իր դիրքորոշումը կհայտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ` նշելով, որ Լատվիայի հարեւան երկրներ Լիտվան, Շվեդիան եւ Լեհաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, որտեղ նրան դիմավորել են Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի մեր հայրենակիցներին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ծավալվել է անկեղծ եւ անմիջական զրույց, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Ռիգայի նավահանգիստ, շրջայց կատարել նավահանգստում: Նավահանգստի ղեկավարությունը պատվիրակության անդամներին է ներկայացրել Ռիգայի ազատ գոտու գործունեւությունը եւ նավահանգստի կառավարման համակարգը: