Doing Business: Հայաստանի ամենաառաջին նորաձևության կենտրոններից մեկը շարունակում է զարգանալ

7 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ» մրցանակին արժանացած,նկարիչ-մոդելավորող Կարինե Դնոյանն է, ով երիտասարդներին եւ սկսնակներին խորհուրդ է տալիս չվախենալ գաղափարներից և փորձել իրագործել դրանք:

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ատեքս» նորաձևության կենտրոնը Հայաստանում գործում է արդեն 22 տարի: Չնայած Կարինե Դնոյանն այնտեղ աշխատել է հիմնադրման օրից, կենտրոնի ղեկավարն է դարձել 11 տարի առաջ: «Ինձ Մոսկվայում սովորելուց հետո երեք տարով գործուղման ուղարկեցին Հայաստան, այն ժամանակ այդպես էր, որպեսզի ես աշխատեմ այստեղի կարի ֆաբրիկաներից մեկում: Բայց այդ երեք տարին ձգվում է մինչև հիմա»,- ժպտալով հիշում է փորձառու դիզայներ-մոդելավորողը: Կարինե Դնոյանը 2013 թ. ապրիլին պարգևատրվել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ» մրցանակով: Նա մրցանակը ստանալիս ընդգծել է, որ զգացված է 20 տարուց ավելի աշխատելուց հետո պետության ղեկավարների կողմից նման գնահատականին արժանանալու համար:

Նա իր գործունեությունը Հայաստանում սկսել է այն ժամանակ, երբ երկիրն ուներ հզոր թեթև արդյունաբերություն և աշխատող մեծ գործարաններ: Սակայն ցավոք, դա երկար չի տևել: Պարադոքսն այն է, ասում է Դնոյանը, որ ֆաբրիկաները և արտադրությունը չափազանց շատ էին, սակայն, որպես այդպիսին, հագուստի մոդելավորող մասնագիտությունը Հայաստանում չկար: «Իսկ երբ 1991թ. ստեղծվեց Ատեքս նորաձևության կենտրոնը, որպեսզի արտադրող ընկերությունների համար տրամադրի հագուստի մոդելներ, այդ ամենն անհետացավ»,- հիշում է Կարինե Դնոյանը:

Ընկերության հիմնադիրը եղել է այն ժամանակվա Թեթև արդյունաբերության նախարարությունը: Անունն ինքնին ունեցել է խորհրդանշական նշանակություն. ԱՏԵՔՍԸ հապավում է անգլերեն Armenian Textile բառակապակցությունից, ինչը նշանակում է «հայկական գործվածք»: Մի քանի տարի որպես պետական հիմնարկ գործելուց հետո, ընկերության ղեկավարությունը որոշել է վերափոխել կառույցի կազմակերպչական ձևը և հիմնադրել է «Ատեքս Նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

«Ինչու՞ կենտրոն. որովհետև մենք զբաղվում ենք ամեն ինչով, ինչն առնչվում է նորաձևությանը»,- պարզաբանում է կենտրոնի գործադիր տնօրենը: Կարինե Դնոյանը հպարտությամբ նշում է, որ կենտրոնի նորարար ուսուցողական ծրագրերն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը. կենտրոնի նախկին սաներից շատերն արտերկրում մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեն: Ասում է` հագուստի մոդելավորման և դրա ուսուցման հետ կապված ծրագրերն առաջինը Հայաստանում սկսել է իրականացնել իրենց կենտրոնը:

Հագուստի մոդելները ցուցադրելու համար անհրաժեշտ են դրանք կրող մոդելներ: Այդ հարցը նույնպես կենտրոնը հոգացել է սեփական ուժերով: Մյուս ուղղությունը, որտեղ նույնպես «Ատեքսն» առաջինն է սկսել ուսուցողական ծրագրեր, մոդելների և ֆոտոմոդելների ուսուցումն է: «Սկզբում մենք հենց փողոցից էինք գտնում և հրավիրում գեղեցիկ տղաներին և աղջիկներին, հետո որոշեցինք հիմնել դպրոց»,- նշում է Դնոյանը:

Նոր ուղղություններից է մանկական դպրոցի հիմնադրումը: Կարինե Դնոյանը համոզված է` գեղագիտական ճաշակը պետք է մարդու մեջ ձևավորվի մանկուց: Այդ նպատակով էլ հիմնադրվել է մոդելավորողների և մոդելների մանկական դպրոցը: Դպրոցը Ռուսաստանում կազմակերպված մի քանի մրցույթների ժամանակ շահել է առաջին տեղը: Իսկ շրջանավարտներից մեկն այսօր աշխատում է Ջորջիո Արմանիի ստուդիայում:

«Ատեքսը» Հայաստանում ներկայացնում է մի քանի միջազգային մրցույթներ: Դրանցից Կարինե Դնոյանը հատկապես առանձնացրեց «Ռուսական ուրվանկար» ( «Русский силуэт») մրցույթը: Այն Հայաստանում կազմակերպել է արդեն իններորդ անգամ:

Յուրաքանչյուր գործի պես, «Ատեքսը» ևս ունի բարդություններ: Դրանք առաջանում են, երբ հարկային մարմիններին փորձում են բացատրել, որ իրենց գործունեությունը և մատուցած ծառայությունները թույլ չեն տալիս, որպեսզի իրականացվի գործունեության պլանավորում: Մյուս բարդությունն ըստ Դնոյանի անընդհատ տեղափոխություններն են: «Որպես պետական հիմնարկ` մենք ունեինք մեր սեփական տարածքը: Սակայն սեփականաշնորհվելուց հետո տարածքի խնդիրը դարձավ սուր և գրեթե անլուծելի: Երկար տարիներ մենք տարածք էինք վարձակալում Մերգելյան Ինստիտուտի շենքում: Սակայն այսօր ռուսաստանցի սեփականատերերը մեզ դուրս հրավիրեցին` ասելով, որ գաղտնի ծրագրեր իրականացնող կառույցում չի կարող նորաձևության կենտրոն գործել»,- ցավով նշում է Ատեքս նորաձևության կենտրոնի տնօրենը:

Մյուս բարդությունը ֆինանսավորման աղբյուրների բացակայությունն է: Մի քանի անգամ կենտրոնին առաջարկել են հովանավորություն, սակայն Դնոյանն ասում է, թե չի ցանկացել կորցնել ֆինանսական անկախությունը և ընտրել է բարդ ուղին: «Դրա համար էլ այսօր ես ասում եմ, որ այն դիզայներները, որոնք մեր երկրում քիչ թե շատ կայացել են, արժանի են ամենաբարձր հարգանքին»,- կարծիքն է հայտնում նորաձևության ոլորտի փորձառու մասնագետը:

Երիտասարդներին և հատկապես կանանց Կարինե Դնոյանը հորդորում է չվախենալ գաղափարներից և փորձել իրագործել դրանք: «Եթե նույնիսկ ձախողվեն, դա էլ յուրօրինակ դաս կլինի հետագայի համար: Չէ՞ որ ռիսկը վեհ բան է»,- իր միտքն է ավարտում գործարար, նկարիչ-մոդելավորող Կարինե Դնոյանը:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին