ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մայիսի 23-ին գազի սակագնի վերաբերյալ քննարկումները կլինեն դռնփակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:«Քննարկումները լինելու են դռնփակ, սակայն եթե որոշում կայացվի, որ պետք է անցկացվեն խորհրդարանական լսումներ, ապա դրանք բաց կլինեն, որին կկարողանան մասնակցել նաև լրատվամիջոցները»,- ասաց Գոհար Պողոսյանը:
Մայիսի 23-ին` ժամը 18.30-ին Ազգային ժողովում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ գազի սակագնի վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն:Քննարկումներին կմասնակցեն վարչապետ Տիգրան Սարգսյանը,Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը,Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը և ԱԺ պատգամավորները:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործող սակագինը 132 000 դրամ, դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: