ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,16 Մայիսի,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Ստեփանակերտում արցախյան խնդրի զարգացումների վերաբերյալ սեմինար-դասընթացներ է կազմակերպել, որին մասնակցում են երկու տասնյակից ավելի երիտասարդներ:
Այսօր ծրագրի մասնակիցների համար «Ղարաբաղյան հիմնախնդիրը» թեմայով դասխոսությամբ հանդես է եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ Արցախի առաջնահերթություններին է անդրադարձել՝ նշելով, որ Ստեփանակերտը ղարաբաղաադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է, ինչն ընկալելի է նաև միջազգային հանրության կողմից և օրակարգում բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է: «Բանակցային գործընթացին զուգահեռ փոքր քայլերով առաջ է շարժվում նաև Արցախը միջազգային ասպարեզում ներկայացնելու գործընթացը, և այս ոլորտում ունեցած հաջողությունները մեզ լավատեսություն են ներշնչում»,-ասել է Միրզոյանը: Վաղ թե ուշ, ըստ ԼՂՀ արտգործնախարարի, ԼՂՀ-ն վերադառնալու է բանակցությունների սեղանի շուրջ` որպես լիարժեք կողմ: «Այն, որ այս գործընթացը լինելու է, անդառնալի և ունենալու է իր տրամաբանական ավարտը՝ միջազգային ճանաչումը, հաստատում են նաև վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող գործընթացները, որոնք վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը մնում է միջազգային վեճերի կարգավորման ամենաօպտիմալ միջոցը»,-նշել է Կարեն Միրզոյանը` վերջում պատասխանելով նաև երիտասարդների հարցերին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ինչպես նշել է «Եվրոպական ինտեգրացիա» հկ նախագահ Կարեն Բեքարյանը, ծրագրի նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մանրամասները երիտասարդներին ներկայացնելն է: «Կա սերնդափոխություն ասվածի խնդիրը, և այն ճիշտ կազմակերպելու դեպքում գործընթացի մեջ նոր կրեատիվ էլեմենտներ մտցնելը իր հետ կարող է բերել երիտասարդությունը»,-ասաց Կարեն Բեքարյանը: «Եվրոպական ինտեգրացիա» հկ նախագահը տեղեկացրեց նաև, որ ծրագիրը շարունակական կլինի: