Սերժ Սարգսյանը կառավարությունից պահանջեց ապահովել տեսանելի արդյունքներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, որոշակի խիստարդյունքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ նոր ձևավորված կառավարության առաջին նիստում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը, շնորհավորելով կառավարության անդամներին գործադիրի կազմում ընդգրկվելու կապակցությամբ, նշեց. «Անցած տարի խնդիր դրվեց ապահովել նվազագույնը յոթ տոկոս տնտեսական աճ, այդ խնդիրը լուծվեց: Այս տարի էլ նույն խնդիրն է դրված, բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ: Կառավարության գործունեության արդյունավետության բարձրացման և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք` ոչ թե ինչ է արվել, այլ արվածն ինչ արդյունքներ է տվել, և այդ արդյունքները պետք է լինեն չափելի և տեսանելի»:

Սերժ Սարգսյանի խոսքով` չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլ տարբեր գործիքների օգտագործմամբ այդ աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, պետական ապարատի օլպտիմալացման բարձրացումն ու սոցիալական խնդիրների լուծումն է:

«Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք և այդ խնդիրների մասին ու դրանց լուծման ճանապարհների մասին մենք հնարավորություն կունենանք ավելի ընդլայնված կազմով խոսել մոտ ապագայում»,- ասաց ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանի համոզմամբ` ստեղծվել են նպաստավոր պայմաններ, հիմքեր են նախապատրաստվել լավ առաջընթաց ունենալու համար:

Հանրապետության նախագահի խոսքով` վերջին մեկ տարվա աընթացքում մենք անցանք երեք խոշոր ընտրական գործընթացների միջով:«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք մեր երկրի քաղաքական դաշտի գրեթե ողջ ներկապնակը ներկայացնող խորհրդարան, որն արդեն իրեն դրսևորել է որպես ուժեղ և գործուն քաղաքական մարմին: Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք քաղաքական նոր մշակույթ, իսկ մի քանի օր առաջ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են և պատրաստ են սատարել այն պաշտոնյաներին, ովքեր օրնիբուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում և պրակտիկ կոնկրետ աշխատանքը գերադասում են շոուներից»,- նկատեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր ընտրություն և հատկապես համապետական ընտրությունները փորձություն են մեր երկրի և մեր երիտասարդ ժողովրդավարության համար, և Հայաստանն անցավ այդ փորձությունների միոջով` բավական վստահ, ամրացած պետությամբ ու հասարակությամբ:

Շնորհավորելով կառավարության նոր անդամներին` Հանարապետության առաջնորդը նշեց, որ նրանց աշխատանքից շատ բան է կախված: Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ոչ միայն կառավարության անդամները, այլև բոլոր գերատեսչությունների աշխատողները պատասխանատվության մեծ զգացումով կաշխատեն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին վստահության համար և հավաստիացրեց, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ քաղաքացիների սպասումները բավականին մեծ են: «Մենք ամեն ինչ կանենք, որ արդարացնենք այդ սպասումները, իսկ մեր գործունեության արդյունքները լինեն շոշափելի ու տեսանելի բոլոր քաղաքացիների համար»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են նախարարները: ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ է նշանակվել Արմեն Գեւորգյանը:

Հայերեն English Русский