Հարցազրույց

Ժողովրդավարական Արցախը չի կարող գոյատեւել բռնատիրական Ադրբեջանի կազմում. ԼՂՀ ԱԺ փոխոսնակ

11 րոպեի ընթերցում

Ժողովրդավարական Արցախը չի կարող գոյատեւել բռնատիրական Ադրբեջանի կազմում. ԼՂՀ ԱԺ փոխոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 Մայիսի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների, վտանգված բանակցային փուլի և Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում հնարավոր փոփոխություններին առնչվող հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ փոխոսնակԱրթուր Թովմասյանի հետ:

- Պարոն Թովմասյան, Ղարաբաղի հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը որոշակիորեն աճել է, այդ են վկայում վերջին իրադարձությունները` Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն պատգամավորական բարեկամության խմբի, Ֆրանսիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծումը, բոլորովին վերջերս ԱՄՆ Մեյն նահանգի եւ Ֆրեզնո քաղաքի կողմից ԼՂՀ ճանաչումը, որոնք, ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանում, մեղմ ասած, հանգիստ չընդունվեցին:

Ըստ Ձեզ, ո՞րն է հարեւան երկրի անհանգստության իրական պատճառը, եւ կհաջողվի՞ Ադրբեջանին փոխել վերոհիշյալ իրադարձությունների ընթացքը:

- Անհանգստության ալիք, իմ համոզմամբ, բարձրացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ընդհանրապես, ես ադրբեջանական տրամադրությունը դիտարկում եմ երկու տեսանկյունից` այդ երկրի իշխանության եւ ժողովրդի: Բացատրեմ` ինչու: Վերջերս ադրբեջանցի արձակագիր Աքրամ Այլիսլիի մեծ աղմուկ հանած «Քարե երազներ» նոր վեպում կան դրվագներ, որտեղ ադրբեջանցին նսեմացվում է, հայը` մեծարվում: Դրանից հետո ադրբեջանցիներն արձակագրին հայ են կոչել, ինչին նա տարակուսանքով պատասխանել է` որտեղի՞ց է այս աստիճան ռասիզմը, «եթե ես հայ լինեի, վաղուց դրա մասին կհայտնեի»: Այսպիսով, ես հակված եմ Ադրբեջանը բաժանել երկու մասի` այդ երկրի ժողովուրդ եւ իշխանություն: Համոզված եմ, որ Ադրբեջանում արձակագրի պես մտածողները շատ են, ուղղակի Այլիսլին բարձրաձայնել է այն, ինչ մտածում է հասարակ ադրբեջանցի ժողովրդի ստվար հատվածը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանություններին, ապա վերջիններս կորցնելու շատ բան ունեն: Ադրբեջանի իշխանությունները նավթային դոլարներն ուղղում են զենք գնելուն, ժամանակակից զրահատեխնիկա ձեռքբերելուն, կլանը հարստացնելուն եւ արտաքին քաղաքականության ուղղությամբ` անուշադրության մատնելով սոցիալական ծրագրերը: Եթե ԼՂՀ-ն ճանաչեն մի շարք երկրներ կամ նահանգներ, թեկուզ ճանաչողական այցով այցելություններ լինեն Արցախ, Ադրբեջանի իշխանությունները նավթադոլարները կուղղեն վերջիններիս հետ արտաքին քաղաքականություն վարելու ուղղությամբ` այդպիսով վտանգելով իրենց երկրի տնտեսական կայունությունը (ինչպես եղավ Ուրուգվայի դեպքում): Լիտվայի պարագայում, համոզված եմ, նրանք կխզեին դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Սակայն Լիտվայի օրինակին բազմաթիվ երկրներ հետեւելու պարագայում Ադրբեջանն ի վիճակի չի լինի նույն կերպ վարվել: Օրինակ, Հայոց Մեծ Եղեռնը, մի քանի տասնյակ պետություններ` խորհրդարանի մակարդակով կամ երկրի նախագահի հրամանագրով ընդունել են, եւ Թուրքիան դրա դեմ ոչինչ ձեռնարկել չի կարողացել:

- Որքանո՞վ եք կարեւորում խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումն այն դեպքում, երբ գործադիր իշխանության մարմինները կարծես այնքան էլ ներգրավված չեն այդ գործընթացի մեջ:

- Ես հաճախ եմ կրկնել, որ բանակցային գործընթացով պետք է զբաղվի գործադիրը, իսկ ճանաչման գործընթացով` օրենսդիր մարմինը, ժողովրդական դիվանագիտությունը: Պատգամավորն ավելի ազատ է իր մտքերն արտահայտելու մեջ, քան գործադիր մարմնի ներկայացուցիչը: Եթե օրենսդիրն ընտրված է ժողովրդի կողմից եւ իշխանությունը նրա վրա ազդման լծակներ չունի, ապա գործադիր մարմնի ներկայացուցիչը ցանկացած ոչ տեղին արված հայտարարության եւ կամ ձեռնարկած քայլի համար, պատասխանատու է իշխանության առջեւ:

Բանակցային գործընթացը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Իհարկե, ձեւաչափը թերի է. այն հստակ կլինի, երբ բանակցային գործընթացին մասնակցի նաեւ Ղարաբաղյան կողմը: Ճանաչման գործընթացում մենք մեծ խնդիր ունենք: Այդ համատեքստում որոշիչ է նաեւ Սփյուռքի դերը: Այն պետությունների հետ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, անհրաժեշտ է աշխատանք տանել նաեւ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով:

- Ի՞նչ կասեք Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հավանականության մասին:

- Իմ կարծիքով` այս պահին դա նպատակահարմար չէ, որովհետեւ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից որեւէ մեկի, եւ թե բանակցային կողմերից մեկի կողմից ԼՂՀ ճանաչման ընդունումը կնշանակի, որ տվյալ երկիրը կարգավորման գործընթացում այլեւս անելիք չունի: Ուստի ենթադրվում է, որ բանակցային գործընթացի ներկա փուլը կհանգուցալուծվի հենց Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո կամ էլ եթե մենք ընդունենք Ադրբեջանի կազմի մեջ մտնելու նախապայմանը, ինչը, սակայն, անհավանական եմ համարում:

- Այսինքն` չե՞ք դիտարկում «միացում մայր Հայաստանին» տարբերակը:

- Ես հարգում եմ մեր ժողովրդի` 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին ընդունած Անկախության հռչակագիրը, որն ամրագրվել է դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով, որոնք էլ ամրապնդվել են 2006թ.-ին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ: Արցախում գործող ցանկացած իշխանավոր, ցանկացած բնակիչ պետք է հարգի իր իսկ ժողովրդի կողմից ընդունված հռչակագիրն, իր իսկ ժողովրդի կողմից ընդունված հանրաքվեի արդյունքները: Ինչ մնում է միացմանը` ո՞վ է ասել, որ 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշումը չեղյալ է հայտարարված: Կա 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշում, կա նաեւ 1991թ.-ի սեպտեմբերի 2-ի հռչակագիր: Միջազգային հանրության կողմից մեր անկախության ճանաչումից հետո Հայաստանին եւ Ղարաբաղին է մնում որոշել` ինչպես կշարունակեն` տարածաշրջանում ունենալով երկու անկախ հայկական պետություննե՞ր, թե` միացյալ Հայաստանով: Դա հետագայի խնդիր է, բայց առայժմ մենք պետք է հարգենք Արցախի ժողովրդի կողմից ընդունված հանրաքվեի արդյունքներն, անկախության հռչակագիրը եւ Սահմանադրությունը:

- Ի՞նչ եք կարծում` ընթացիկ տարին բեկումնալից կլինի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար:

- Ես միամիտ կլինեմ, որ ասեմ` այս տարին կդառնա ԼՂՀ ճանաչման տարի: Բայց, համոզված եմ, որ կարգավորման գործընթացում առաջընթաց կարձանագրվի:

Թեեւ Ղարաբաղը բանակցող կողմ չէ, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են ունենում Արցախի Նախագահի հետ` իրազեկելով բանակցային գործընթացի մասին, տեղեկատվություն հաղորդում ներկա իրավիճակի մասին:

Թե Հայաստանի եւ թե Արցախի իշխանությունները միակարծիք են` Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ինչն, իհարկե, չի նշանակում, որ մենք ցանկացած խաղաղության կողմնակից ենք: Մենք կողմնակից ենք արժանապատիվ խաղաղության, ոչ թե պարտադրված: Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացումից հետո բանակցությունները վտանգված էին, բայց հարկ է գիտակցել, որ խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է: Համոզված եմ, որ մեր իշխանությունները, նույնիսկ բանակցային գործընթացին չմասնակցելով, ամեն ինչ կանեն` այդ արժանապատիվ խաղաղությունը հաստատելու տարածաշրջանում:

- Պարոն Թովմասյան, այնուամենայնիվ, փաստը խոսուն է. Ադրբեջանն էներգակիր երկիր է, եւ այդ երկրում առկա` մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերը հաճախ գերտերությունների կողմից «աննկատ» են մնում:

- Մի առիթով ինձ ասել են` բանակցային գործընթացից նավթի հոտ է գալիս, ինչին պատասխանել եմ, եթե ավելացնենք «նաեւ» բառն, ուրեմն, համամիտ եմ: Իմ կարծիքով` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը խաղաղության նավթամուղ է` թեկուզ չակերտավոր, այն պատճառով, որ մինչեւ նավթամուղ կառուցելը դրա համար ներդրումներ կատարող ամերիկացի եւ անգլիացի գործարարներն Ադրբեջանից առաջին հերթին տարածաշրջանի կայունության երաշխիք են պահանջել նավթամուղի անխափան աշխատանքի համար, որովհետեւ պատերազմն իր գրված եւ չգրված օրենքներն ունի, եւ այն վերսկսվելու դեպքում նավթամուղը կպայթեցվի:

- Իսկ դրանից չի՞ բխում արդյոք, որ հարցի հօգուտ մեզ լուծման տարբերակն հենց այդտեղ էլ վտանգվում է:

- Մարդու իրավունքների ոտնահարման ադրբեջանական իրականությանը արցախցիներիս լավագույն պատասխանը մեր ամենամեծ ձեռքբերումն է` ընտրությունից ընտրություն գրանցվող առաջընթացը թափանցիկության, մարդու իրավունքների հարգման, ժողովրդավարական երկիր կառուցելու ուղղություններում: Այնինչ Ադրբեջանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն արձանագրվում է որպես ոչ թափանցիկ եւ անօրեն: Այդպիսով` ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույցների համար առնվազն անընդունելի է քամահրել արժեքների բացարձակապես տարբեր համակարգերում ապրող ժողովուրդների իրավունքը, եւ հարկ է վերջապես ընդունել, որ ժողովրդավարական Արցախը չի կարող գոյատեւել բռնատիրական Ադրբեջանի կազմում:

- Շարունակելով Ձեր միտքը` խոսենք նաեւ առաջիկայում Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Այն կարո՞ղ է որեւէ կերպ անդրադառնալ բանակցային գործընթացի վրա:

-Նախագահական ընտրությունների տարում միշտ էլ կոշտ հայտարարություններ են հնչում, բայց ընթացիկ տարին առավել խաղաղ տարի է: Իլհամ Ալիեւն իշխանությունը պահելու եւ կայունացնելու համար կարիք ունի կոշտ հայտարարությունների, որոնք արվում են միայն ներքին սպառման համար, իր ժողովրդին համոզելու եւ հզոր նախագահ երեւալու համար: Կայանալիք ընտրությունները, ես համոզված եմ, մի քանի քայլ հետ են լինելու նախորդներից:

Հարցազրույցը` Վահրամ Պողոսյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում