Doing Business.Սեդա Աֆյանը հացի արտադրության սեփական տեխնոլոգիան է մշակել

6 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը հացի արտադրությամբ զբաղվող գործարար կին է, ով սկսնակներին հորդորում է ռիսկի դիմել և դառնալ իրենց սկսած գործի գիտակը:

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեք տարի առաջ հետազոտեցի շուկան ու պարզեցի, որ մեր ժողովրդի համար անհրաժեշտ է արտադրել ճիշտ հաց` առանց հավելումների, լավաշը` թթխմորով: Սկսեցի արտադրության առաջին փորձերը: Ես արդեն տեղյակ էի հացի արտադրությունից, մշակեցի իմ տեխնոլոգիան»,- պատմում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակվող և այնտեղ գործունեություն ծավալող Սեդա Աֆյանը: Նա 2013թ. ստացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակը` «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում:

Երկար տարիներ աշխատել է Հրազդանում գործող ճանապարհաշինական մեքենաների սպասարկման կազմակերպությունում: 1995թ.-ից, հիմնական աշխատանքին զուգահեռ, նաև իր ուժերն է փորձել հացի արտադրությունում: Գործից հաճույք է ստանում մինչև հիմա: Մի քանի տարի աշխատելուց հետո որոշել է հիմնել հացի սեփական արտադրությունը: Սկզբում արտադրել է միայն մատնաքաշ տեսակի հաց: Սակայն ժամանակի հետ ավելացել է պահանջարկը և, դրանից բխելով, Աֆյանն ավելացրել է արտադրատեսակները: Երբ նկատել է լավաշի պահանջարկ, որոշել է լավաշն արտադրել առանց խմորիչի` հայկական ավանդական եղանակով: Այդ եղանակը սպառողները շատ լավ են ընդունել: Աստիճանաբար ընդլայնելով սպառման շուկան` Սեդա Աֆյանի գնահատմամբ` իր արտադրանքը զբաղեցնում է Հրազդան քաղաքի և հարակից գյուղերի հացի շուկայի 25 տոկոսը:

Արտադրանքը սկսել է 5կգ ալյուրից. «Այս արտադրամասում բոլոր սարքավորումները ձեռք եմ բերել սեփական ուժերով: Ներդրումներ չեն եղել: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջնորդությամբ ստացած վարկի շնորհիվ տեղադրել եմ վերելակը, որի միջոցով վերևում գտնվող պահեստից հումքն իջեցնում ենք արտադրամաս»,- ավելի է մանրամասնում կին գործարարը: Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոնի գործարար դասընթացներին մասնակցելով` Աֆյանն իր բնորոշմամբ` ստացել է գրագետ գործարարության համար անհրաժեշտ ամբողջ գիտելիքը` մարկետինգը, շուկայի հետազոտությունը:

Իր ամենամեծ բարդությունը Սեդա Աֆյանը համարում է հարկային դաշտի անկատար լինելը: «Ես կուզեի, որ մեր պետությունը սկսնակներին արտոնություններ տար: Ասենք` գոնե մեկ տարով ազատեր հարկերից: Կամ էլ սահմաներ այնպիսի հարկեր, որոնք համաչափ կլինեին, այլ ոչ թե նույնքան, որքան վճարում են 15 տարի կամ 10 տարի աշխատող ձեռնարկությունները: Ես 5 տարուց ավելի կայունացած կլինեմ և ավելի շատ հարկեր կկարողանամ վճարել: Ես չեմ ուզում խաբել պետությանը, բայց նաև չեմ ուզում վիրավորված լինել պետության կողմից»,- նշեց տիկին Աֆյանը: Նրա կարծիքով` հատկապես կին գործարարներին անհրաժեշտ է տրամադրել արտոնություններ:

Բիզնեսի հիմնադրումից սկսած` Սեդա Աֆյանի կողքին է եղել նրա ընտանիքը: Ամուսինը` Գնելը, հացի տեխնոլոգիայի հմուտ մասնագետ է: Երկու որդիները նույնպես արդեն հմտացել են այդ արտադրության մեջ: Նրանք զբաղվում են արտադրանքի առաքմամբ: «Ես կարծում եմ, որ այդպես ավելի ճիշտ է, քանի որ նրանք ավելի սրտացավ են և ավելի ճիշտ են սպառողներին ներկայացնում արտադրանքը»,- ասում է Սեդա Աֆյանը:

Սկսնակներին հորդորում է ռիսկի դիմել և դառնալ իրենց սկսած գործի գիտակ: Իսկ նրան, ովքեր դեռ չեն սկսել բիզնես, խորհուրդ է տալիս բավարար գիտելիք ձեռք բերել տվյալ ոլորտի վերաբերյալ, այնուհետև սկսել գործը: Նաև, ըստ Աֆյանի, պետք է լինել հետևողական և պատկերացնել սեփական բիզնեսի հեռանկարը: Որպես սկսնակ գործարար` նա համոզված է, որ Հայաստանում սեփական բիզնես սկսելը դժվար չէ. պարզապես պետք է պատկերացնել գործի հնարավոր զարգացումները և վտանգները. «Ես ձեզ համար վառ օրինակ: Սկսել եմ ընդամենը 5 կիլոգրամ ալյուրից: Բայց հիմա արդեն մտածում եմ ավելի ընդլայնել արտադրությունը»,- ժպտում է տիկին Աֆյանը:

Ձեռնարկության ապագան պատկերացնում է շատ պայծառ և մտադիր է հմտություններն ու գիտելիքները փոխանցել որդիներին: Ավագ որդին` Հարություն Ավետիսյանը, համոզված է, որ իրենք արդեն կայացել են շուկայում: Սակայն դա բավարար չի համարում, ցանկանում է ավելի ընդլայնել գործը: Նրանց արտադրամասի հացի համբավը հասել է մինչև Երևան, և այնտեղից նույնպես ձևավորվել է պահանջարկ: Այդուամենայնիվ, հիմա Հրազդանի և հարակից գյուղերի սպառողների կողմից պահանջարկն այնքան մեծ է, որ 5 աշխատողները և Սեդա Աֆյանը մեծ ջանքերի գնով են հասցնում մատակարարել անհրաժեշտ ծավալը: Ավելին արտադրելու համար անհրաժեշտ են սարքավորումներ, որոնք Հարությունի կարծիքով, ավելի հեշտ կլինի ձեռք բերել հավելյալ ներդրման դեպքում:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին