Արցախում 2014 թ-ին նախատեսվում է անցնել պարտադիր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի
12 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաջորդ տարվանից նախատեսվում է անցում կատարել պարտադիր կենսաթոշակային համակարգին: Այս թեմայի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի անհրաժեշտությունը: Ըստ Ձեզ, գործող համակարգը չի՞ արդարացնում իրեն:
-Ընդհանրապես կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, առնչվելով երկրի սոցիալ-տնտեսական բնագավառին, բավական բարդ ու աշխատատար գործընթաց են: Սակայն նոր բարեփոխումների անհրաժեշտությունը, պետք է խոստովանել, վաղուց է հասունացել, քանի որ գործող կենսաթոշակային համակարգը չի բավարարում կենսաթոշակառուի խնդիրների համալիր լուծմանը, որովհետև քաղաքացին հասնելով կենսաթոշակային տարիքի` ստանում է իր ստացած աշխատավարձի մոտ 30 տոկոսը:
Ծրագրի վերաբերյալ Հայաստանում քննարկումները սկսվել են դեռևս 2009 թվականից, մասնավորապես, այդ առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում անցկացվել են բազմաթիվ լսումներ, քննարկումներ, որոնց մասնակցում էր նաև մեր խորհրդարանական պատվիրակությունը: Նաև Արցախ են այցելել Հայաստանի խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետները, ովքեր ներկայացրել են նոր բանաձևը, և նրա հիմնական խնդիրների շուրջ տեղում մանրամասն կերպով քննարկումներ ենք կազմակերպել:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում բարեփոխումների նոր ծրագիրը: Գործող ծրագրի նկատմամբ ինչպիսի՞ առավելություններ այն ունի:
-Արցախում կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումների հիմնական նպատակն այն է, որ նախ ձևավորվի ինքնաֆինանսավորվող համակարգ, քանի որ արդեն երկար տարիներ են` Արցախի կենսաթոշակային համակարգը գտնվում է դոտացիոն պայմաններում: Բարեփոխումների արդյունքում անցնելով բազմաստիճան կենսաթոշակային համակարգի՝ նախ կենսաթոշակային տարիքի մեր քաղաքացիները այլևս չեն սպասի, թե երբ կամ ինչքան է պետության հնարավորությունները ներելու թոշակի չափը հերթական անգամ բարձրացնելու համար, և որ ամենակարևորն է` մեր ապագա կենսաթոշակառուների համար կապահովվի արժանապատիվ ծերություն:
-Պարզաբանեք, խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում կենսաթոշակային բարեփոխումների բազմաստիճան համակարգը, և հասարակությունն ի՞նչ հիմունքներով է ներառվելու այդ ծրագրում:
-Բարեփոխումների արդյունքում պետք է լուծվի հետևյալ հիմնական խնդիրը. սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող կենսաթոշակային բաշխողական համակարգից անցում դեպի ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ: Սկզբունքային այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է գործող համակարգին զուգահեռ գործարկել երկու նոր՝ պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգեր՝ ստեղծելով բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Արդյունքում կենսաթոշակային նոր համակարգը բաղկացած կլինի չորս՝ 0, 1, 2, 3 աստիճաններից:
Եթե առանձին-առանձին պարզաբանելու լինենք, ստացվում է հետևյալ պատկերը. առաջին կամ ինչպես կոչվում է համակարգում, զրո աստիճանում կներառվեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց կյանքի ընթացքում ընդհանրապես չեն աշխատել կամ ունեն 10 տարուց քիչ աշխատանքային փորձ: Մեր քաղաքացիների` այդ խավի կենսաթոշակը կհաշվարկվի կառավարության կողմից սահմանվող հիմնական կենսաթոշակից:
Հաջորդ կամ առաջին աստիճանում կվճարվեն կենսաթոշակներն աշխատանքային առնվազն 10 տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց` փոխհատուցելով նրանց աշխատանքային եկամուտները: Այսինքն, կենսաթոշակը բաղկացած կլինի կառավարության կողմից սահմանվող հիմնական կենսաթոշակից և աշխատանքային ստաժի տարիների համար տրվող հավելումից:
Երկրորդ աստիճանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի նոր պարտադիր կուտակային բաղկացուցիչն է, որի շրջանակում անձի կուտակային կենսաթոշակը կվճարվի նրա կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների և դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին:
Այս աստիճանին պարտադիր կերպով մասնակից կդառնան համակարգի գործարկման պահին 40 տարեկանը չբոլորած անձիք, ում համար կսահմանվի պարտադիր կուտակային վճար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 10 տոկոսի չափով, որից 5 տոկոսը վճարվելու է պետության կողմից:
Այստեղ կա մի նրբություն. պետության կողմից վճարվող վերը նշված հինգ տոկոսը լինելու է ոչ ավելին, քան` 25 հազար դրամի չափով: Այսինքն, եթե քաղաքացու աշխատավարձը կազմում է ամսական 500 հազար դրամ, ապա 25 հազար տրվելու է քաղաքացու և նույնքան` պետության կողմից: Եթե աշխատավարձի չափը 500 հազարից բարձր է, այդ դեպքում քաղաքացու դերն ավելի բարձր կլինի, քան` պետության:
Երկրորդ աստիճանի մասնակիցները կվճարեն նաև եկամտային հարկ (սոցվճար և եկամտահարկ), որի դիմաց կստանան նաև հիմնական կենսաթոշակ:
Իսկ երրորդ աստիճանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լրացուցիչ կենսաթոշակ ապահովող աստիճանն է, որից կվճարվի կամավոր կուտակային կենսաթոշակը՝ անձի աշխատանքային գործունեության ընթացքում կամավոր կերպով կատարված վճարումների և դրանց ներդրումներից ստացված եկամուտների հաշվին:
-Իսկ եթե քաղաքացու տարիքը 40-ից բարձր է, օրենքն արդյո՞ք կսահմանափակի նոր համակարգին միանալու հնարավորությունը:
-Իհարկե ոչ, բայց այս դեպքում խնդիրն այլ կերպ կկարգավորվի: Այսինքն, եթե համակարգի գործարկման պահին քաղաքացին 40-ից բարձր տարիք ունենա, բայց կամավոր կերպով ցանկանա միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, վճարումների չափը կկազմի աշխատավարձի կամ հավասարեցված եկամտի 5 տոկոսի չափով, սակայն պետությունը դրան չի մասնակցի:
-Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում քաղաքացիները պետք է տեղաբաշխեն կենսաթոշակի համար նախատեսված իրենց գումարները:
- Ծրագիրը կյանքի կոչվելուց հետո կստեղծվեն համապատասխան կուտակային կենսաթոշակային ֆոնդեր: Տվյալ կառույցները, ինչպես արդեն նշեցի, պարտավոր են այդ գումարների շրջանառությունից ստացված շահույթից քաղաքացիներին որոշակի տոկոս հավելավճար տալ, որը, բնականաբար, տարբեր ֆինանսական կազմակերպություններում, պայմանավորված շահույթի չափից, տարբեր է լինելու: Այս դեպքում արդեն քաղաքացիներն են ընտրելու, թե որ ֆինանսական կազմակերպությունում են ցանկանում կուտակել իրենց գումարները, և հընթացս կարող են նաև այն փոխել՝ կախված նրանից, թե իրենք որքանով են գոհ տրվող հավելավճարի չափից, քանի որ մեխանիզմն այնպիսին է, որ քաղաքացին ամեն օր կարող է հետևել իր կատարած կուտակումների աճի տեմպերին:
Իսկ քաղաքացիների կողմից կատարվելիք կուտակումների համար որպես երաշխավոր հանդես կգա պետությունը:
-Իսկ ե ՞րբ քաղաքացու կյանքն ընհատվում է, ինչպե՞ս է տնօրինվում կենսաթոշակի համար նրա կուտակած գումարը:
-Քաղաքացու կուտակած գումարը համարվում է նրա սեփականությունը, և վերջինիս մահվան դեպքում նրա հաշվեհամարին կուտակած գումարը ենթակա է ժառանգման: Այդ համատեքստում տեղին է նշել որոշ հանգամանքներ. մասնավորապես` եթե քաղաքացին նույնիսկ մինչև սահմանային տարիքի (63 տարեկան) հասնելն ունենում է առողջական այնպիսի խնդիր, որի բուժման համար ֆինանսական միջոցները չեն հերիքում, նա կարող է այդ նպատակով օգտագործել իր կուտակած գումարը: Կամ եթե, օրինակ, քաղաքացու նկատմամբ դատարանի կողմից բռնագանձման որոշում է կայացվել, ապա դա չի կարող տարածվել կենսաթոշակի համար նրա կուտակած գումարի վրա:
-Պարոն Գրիգորյան, ե՞րբ է նախատեսվում անցում նոր համակարգին: Նշեք, թե այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են մինչ այժմ կատարվել, եւ ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ ի՞նչ աշխատանքներ դեռ կան իրականացնելու:
-Նոր բարեփոխումների ծրագրին անցնելու հետ կապված որոշակի փոփոխություններ են կատարվել օրենսդրական դաշտում: Մասնավորապես, ընդունվել է «Պետական կենսաթոշակի մասին» օրենքը, համաձայն որի` նախ միասնականացվել է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, այդ թվում՝ փրկարարական ծառայողների, կենսաթոշակային ապահովության իրավունքի պայմանները և կենսաթոշակների չափերի հաշվարկման մեխանիզմները:
Միասնականացվել է նաև զինվորական և քաղաքացիական կենսաթոշակների նշանակման և վճարման հետ կապված այնպիսի պայմաններ, ինչպիսիք են կենսաթոշակ նշանակելու համար դիմելը, կենսաթոշակ նշանակելու ժամկետները, կենսաթոշակ վճարելու կարգը, կենսաթոշակների վճարման դադարեցումը և վերսկսումը, անցած ժամանակահատվածի համար և լիազորագրով կենսաթոշակ վճարելը, կենսաթոշակից պահումներ կատարելը, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ նշանակելը և վճարելը, կենսաթոշակի չափը վերհաշվարկելը և այլն: Եվ վերջապես, հիմք է ստեղծվել հանրապետությունում բազմաստիճան կենսաթոշակային համակարգ ստեղծելու համար: Այս նպատակներին հասնելու համար, մասնավորապես «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքներից հանվել են կենսաթոշակային ապահովությանը վերաբերող դրույթները և նույնականացված ձևով ամրագրվել են «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքով, այսինքն` բազային կենսաթոշակի (5800 դրամ) փոխարեն զինծառայողների կենսաթոշակի և ամենամսյա դրամական օգնության հաշվարկման բանաձևերում կկիրառվի հիմնական կենսաթոշակը (13000 դրամ), ինչի հետ կապված փոփոխությունների են ենթարկվել այդ և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության այլ ծրագրերի շրջանակներում տրվող հատուցումների հաշվարկման բանաձևերը:
Բացի վերոնշվածից, կկատարելագործվեն կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, վճարման, այդ թվում՝ անկանխիկ եղանակով, և այլ գործընթացների մեխանիզմները, որոնք բխում են և իրավա-կիրառական պրակտիկայից առաջ եկած դժվարություններից, և կենսաթոշակային համակարգի զարգացման հեռանկարներից: Ընթացիկ տարում նախատեսվում է լիազոր մարմնի կողմից օրինագծը ներկայացնել օրենսդիր մարմնի հավանությանը: Եթե այն ընդունվի և հաստատվի հանրապետության Նախագահի կողմից, ապա գալիք տարեսկզբից, այսինքն` 2014 թվականի հունվարի 1-ից ծրագիրը պարտադիր կերպով կներդրվի Արցախի Հանրապետությունում:
Հարցազրույցը Վահրամ Պողոսյանի