«Նաիրիտ»-ի աշխատակիցները պահանջում են տասն ամսվա աշխատավարձը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ապրիլի 29-ին բողոքի երթ են կազմակերպել` պահանջելով վճարել տասն ամսվա աշխատավարձը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:«Աշխատակիցները շարժվել են Կառավարության շենք, իսկ արհմիության ներկայացուցիչները Կառավարության շենքում բանակցություններ են վարում»,-ասաց Հարությունյանը:Աշխատակիցները ցանկանում են նաեւ իմանալ, թե երբ է գործարանը կրկին աշխատելու:«Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղարի խոսքով` բողոքի երթի մասնակիցների թիվը հասնում է շուրջ յոթ հարյուրի:
2012 թվականի նոյեմբերի 26-ին «Նաիրիտ»-ի աշխատակիցներըպահանջում էին գործարանի ղեկավարությանը պարտադրել մարել 11 ամիսներին կուտակված աշխատավարձի պարտքի մի մասը: Գործարանի 2 հազար 700 աշխատողների մեկական ամսվա աշխատավարձ էր վճարվել նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 19-ին: 2013թ. մարտին Անուշ Հարությունյանը տեղեկացրել էր, որդեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ ամիսներին գործարանի աշխատակիցների աշխատավարձը ստաբիլ վճարվել է:
«Ռայնովիլ փրոփըրթի լիմիթիդ» միջազգային ընկերությունը 2006 թվականին գնել է «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը: Բաժնետոմսերի մնացած տասը տոկոսը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:Արհեստական կաուչուկի արտադրությամբ զբաղվող «Նաիրիտ» գործարանը հիմնվել է 1940 թվականին: 2008 թ․ դեկտեմբերի 1-ին գործարանի աշխատանքը դադարեցվել է` ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մոտ 1500 աշխատողներ ազատվել են աշխատանքից: