Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը նկարիչ-մոդելավորող, ՀՀ վարչապետի կողմից «Լավագույն կին գործարար» մրցանակին արժանացած Լիլիթ Մարգարյանն է, ով ներկայացնում է խիզախ ու հաջողակ կնոջ իր պատմությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես միշտ զարմացել եմ, երբ մարդիկ բուհում սովորելիս ասում են, թե չեն սիրում իրենց մասնագիտությունը և գիտակցաբար մի քանի տարի անցկացնում են այնտեղ: Իսկ ես միշտ սիրել եմ և բնականաբար, ավարտելուց հետո պետք է աշխատեի այդ մասնագիտությամբ»,- ասում է նկարիչ-մոդելավորող, «L L Moda» ընկերության ղեկավար Լիլիթ Մարգարյանը: Նա 1993 թ. ավարտել է Մոսկվայի Կասիգինի անվան տեքստիլ ակադեմիան: Մարգարյանը հիշեց, որ այդ ժամանակ Հայաստանը թեթև արդյունաբերության ոլորտում ուներ նկարիչ-մոդելավորողների կարիք: Երբ դեռևս Հայաստանի ԽՍՀ կրթության նախարարությունը նրան կրթության ուղեգիր էր տալիս, գերատեսչության ներկայացուցիչները Լիլիթի հայրիկին ասել էին, թե աղջկան կարմիր գորգերով են ընդունելու ...
«1988 թ. մեկնեցի, վերադարձա 1993 թ., արդեն այլ հայրենիք էր: Սկսվել էին այդ սարսափելի տարիները: Ոչինչ չկար, երբ վերադարձա: Բախվեցի դաժան իրականությանը, երբ ամենուրեք փակ էր ամեն ինչը: Բայց պետք էր ինչ-որ բանից սկսել»,- հիշում է Լիլիթ Մարգարյանը: Նա իր էսքիզներով սկսել է տարբեր վայրերում աշխատանք փնտրել: Մի քանի տարի որոնելուց հետո առաջարկ է ստացել Նադեժդա Սարգսյանից: Ասում է` մոդելային բիզնեսում շատերն են սկսում հենց շոու-բիզնեսի հետ աշխատելուց: Սարգսյանի հետ գործակցությունն ընդգրկել է միանգամից մի քանի հարյուր մոդելի հետ աշխատանքի պատվեր, որը նախատեսված է եղել Մոսկվայի Էստրադային թատրոնում «Հայեր» համույթի համերգի համար:
Դրանից հետո Մարգարյանն արդեն կազմակերպել է իր անհատական ցուցահանդեսներն ու աշխատել բազմաթիվ անհատ երգիչ-երգչուհիների հետ: Մինչև սեփական նորաձևության տան հիմնադրումը Լիլիթն աշխատել է բազմաթիվ դերձակների հետ. «Քաղաքում էլ դերձակ չէր մնացել, որի մոտ ես գնացած չլինեի»,- ժպտալով հիշում է նա: Իր նորաձևության տունը Լիլիթ Մարգարյանը հիմնել է 2000 թ.: Մինչև այդ նա աշխատել է տարբեր մոդելային ընկերություններում և մեծ ներդրում ունեցել դրանց կայացման գործում: Իր առջև մինչև հիմա դրած բոլոր խնդիրները կատարել է և համարում է, որ չկա որևէ բարձունք, որը չկարողանա նվաճել: Սակայն մոդելային բիզնեսի զարգացման ամենագլխավոր խոչընդոտը Լիլիթ Մարգարյանի կարծիքով` Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի թույլ զարգացած լինելն է: «Եթե ոլորտը զարգանա, մեր ձևավորած հագուստը կդառնա հասանելի բոլորի համար, և մարդիկ կսկսեն կրել նկարիչ-մոդելավորողների ձևավորած հագուստը»,- շեշտում է Մարգարյանը: Նա ասում է, որ Հայաստանի մոդելավորողները, այդ թվում և ինքը, պատրաստ են դրան, ունեն այդ ներուժը: Սակայն հսկա ոլորտը զրոյից ոտքի կանգնեցնելն իրենց ուժերից վեր է: «Մենք կախված ենք Թուրքիայից կտոր բերող առևտրականներից»,- տխրությամբ արձանագրում է Մարգարյանը:
Նա ևս մեկ բացասական երևույթ է արձանագրել: «Պարզվում է` մենք հագուստի համար վճարող ազգ ենք: Սկզբում հայտարարվում է, թե տնտեսությունը ճգնաժամի մեջ է, խնդիրներ կան: Բայց հետո պարզվում է, որ թանկարժեք հագուստի խանութներում հսկայական գումարներ են ծախսվում միայն պիտակի համար»,- ասում է նկարիչ-մոդելավորողը: Սակայն, ասում է, երբ հասնում է հայ մասնագետներին վճարելու և նրանց աշխատանքը գնաատելու պահը, շատերը երես են թեքում: «Համարում են, որ դու մի քանի աստիճան ցածր ես, որ հայ ես, որ դու ապրում ես այս քաղաքում, որ դու մատչելի ես, և քեզ տեսնում են, որ դու ժպտում ես իրենց և չես բարդացնում իրենց կյանքը: Ուրեմն դու շատ հասարակ ես: Քանի որ դու հասարակ ես, այդ դեպքում կարելի է քեզ ոչինչ չվճարել, կամ էլ` կոպեկներ: Օտարամոլությունը քայքայում է»,- նշում է Լիլիթ Մարգարյանը:
Մարդը կարող է որևէ հագուստի համար վճարել մոտ 1000 դոլար, այնինչ դրա իրական արժեքը չի գերազանցում 100 դոլարը: Իսկ նույն մարդը կարող է հայ մոդելավորողի զգեստի համար չցանկանա վճարել նույնիսկ 300 դոլար: Նույնը վերաբերում է նաև հայ աստղերին. «Արդեն օրինաչափություն է, երբ մեր երգիչների ու երգչուհիների զգեստը կարում են օտարերկրյա մոդելավորողները»,- ցավով նշում է Լիլիթ Մարգարյանը: Որպես ամենաթարմ օրինակ` նա նշում է «Անուշ» օպերայի վեջին բեմադրությունը, որի զգեստները ձևավորել է ֆրանսիացի մոդելավորողը: Լիլիթն առաջարկում է միջազգային մրցույթներից կամ միջոցառումներից առաջ, երբ Հայաստանը պետք է ներկայանա պատշաճ մակարդակով, հայտարարել համահայկական դիզայներական մրցույթ, որին կարող են մասնակցել նաև սփյուռքի հայ դիզայներները: Դրանից հետո թող ընտրեն լավագույն էսքիզները, որոնց հիման վրա կկարվեն համապատասխան զգեստները: «Հայաստանում կան կանայք, թեկուզ` հենց մեր կենտրոնի դերձակները, որոնք ոսկե ձեռքեր ունեն և նույնիսկ առանց զարգացած տեխնիկա ունենալու կարող են կարել հիասքանչ զգեստներ»,- ասում է Լիլիթը:
Այլ արատավոր երևույթ է որոշ հայ աստղերի մեծամտությունը: Ըստ Լիլիթ Մարգարյանի, որոշ աստղեր այնքան են մեծամտացել, որ ամենուրեք հայտարարում են, թե իրենց զգեստների հեղինակները ոչ թե մոդելավորողներն են, այլ հենց իրենք. «Ասում են` ես եմ որոշում, դիզայները կարում է: Մենք դիզայներներով որոշել ենք մի խումբ ստեղծել ու երգել, որ իրենք հասկանան, թե ինչքան վատ ենք մենք երգում: Միգուցե նրանք դրանից հետո հասկանան, որ սա մասնագիտություն է, որն անհրաժեշտ է սովորել»,- իր կարծիքն է հայտնում պրոֆեսիոնալ մոդելավորողը:
Լիլիթ Մարգարյանը «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2013 թ. ապրիլի 5-ին մրցանակաբաշխության ընթացքում Ասիական զարգացման բանկի կողմից արժանացավ հատուկ մրցանակի: Նա իր շնորհակալությունը հայտնեց մրցանակի համար և նշեց, որ իրեն հաճելի է զգալ, որ երկար տարիների աշխատանքը նման գնահատականի է արժանացել:
Երկու երեխաների մայր Լիլիթ Մարգարյանն ասում է, որ միշտ զգացել է ընտանիքի աջակցությունը: Ամուսինը` «Թաթա Prodoction» ընկերության գլխավոր տնօրեն, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը, կարևոր ցուցադրությունների և բոլոր նախաձեռնությունները մեկնարկելիս միշտ եղել է նրա կողքին: Շատ է օգնում կազմակերպչական հարցերում` երաժշտության ընտրությունը, նկարահանումների կազմակերպումը և այլ հարցեր: Իսկ մնացած հարցերը լուծելիս Լիլիթ Մարգարյանը հիմնականում ապավինում է իր փորձին և գիտելիքին, որը կուտակել է 20 տարի Հայաստանի մոդելային բիզնեսում գործունեություն ծավալելու ընթացքում:
Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել էՓոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը