Գրքի մայրաքաղաք Երեւանում մրցակցային եւ որակյալ գրքեր ունենալու նոր մշակույթի սկիզբ դրվեց
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում 2012 թվականին եւ 2013 թ-ի առաջին հատվածում բազմատեսակ միջոցառումներ անցկացվեցին, որոնք միտված էին գրքի հանրահռչակմանը, գրողի արժեւորմանը, հրատարակիչ-գրող-ընթերցող կապի ամրապնդմանը: Ապրիլի 20-ին Երեւանում կանցկացվի ծրագրի ամփոփումը խորհրդանշող միջոցառում, իսկ ահա ապրիլի 21-23-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բանգկոկ` փոխանցելու տիտղոսը գրքի համաշխարհային հաջորդմայրաքաղաքին: Տարվա ընթացքում արված աշխատանքները միանշանակ տեսանելի էին: Թե որքանով կատարված այդ աշխատանքները, իրականացված նախաձեռնություններն ու կազմակերպված հարյուրավոր միջոցառումները նպաստեցին, որպեսզի Երեւանի բնակչի մոտ լինի իրական տոնի զգացողություն, որքանով նա դարձավ դրանց մասնակիցը, այս եւ շատ այլ հարցերի պատասխանները «Արմենպրես»-ը փորձեց գտնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական, «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի համակարգող Ներսես Տեր-Վարդանյանի հետ:
-Պարոն Տեր-Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների որակը, աշխուժությունը:
-Ի սկզբանե մեր նպատակը մեկն էր ամեն ինչ անել, որպեսզի հասարակությունը եւս մեկ անգամ ուշադրություն դարձնի գրքին որպես արժեք: Սա մի կողմից նշանակում էր, որ պետությունը պետք է գիրքն իր ուշադրության կենտրոնում պահի, մյուս կողմից էլ նշանակում էր, որ դա առիթ կհանդիսանա բոլոր օղակների համար` մասնավոր սեկտորից մինչեւ հասարակական կազմակերպություններ, որպեսզի ի թիվս նրանց այլ ծրագրերի, մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնեն գրքին: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ծրագիրը հաջողվեց, քանի որ միջոցառումներն ու պետական ծրագրերը բազմաթիվ էին:
Շահեկան էր, որ ծրագրիը համընկավ նաեւ Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների իրականացմանը, քանի որ այս զուգադիպությունը թույլ տվեց նաեւ միջոցառումների մասնակցել, ինչու չէ, նաեւ կազմակերպել դրսում: Ի տարբերություն նախորդ տարիների` մենք ունեցանք հնարավորություն մասնակցելու գրքի 14 միջազգային ցուցահանդես-տոնավաճառների, որտեղ ներկայացրեցինք վերջին շրջանում հրատարակված հայ գրականությունը: Բացի դրանից, ունեցանք նաեւ հայ գրավոր ժառանգության 12 ցուցահանդես աշխարհի ամենատարբեր քաղաքաներում: Խորհրդանշական էր նաեւ, որ 500-ամյակի միջոցառումները սկսվեցին Վենետիկից:
Հաջողությամբ իրականացվեց ամեն ինչ, սակայն եղան, իհարկե, կետեր, որոնք կարող էին ավելի հաջողված լինել: Մասնավորապես` միջոցառումների արդյունավետությունն ավելի մեծ կարող էր լինել, եթե հասարակական նախաձեռնություններն ավելի շատ լինեին: Փորձը ցույց է տալիս, որ պետական նախաձեռնություններն իրենց արդյունավետությամբ երբեմն զիջում են մասնավոր նախաձեռնություններին: Թեեւ եղան եւ մասնավոր հատվածի կողմից կազմակերպված միջոցառումներ, հասարակական նախաձեռնություններ, որոնցից կարելի է առանձնացնել «Մուտքը գրքով» նախագիծը, որը երիտասարդական նախաձեռնություն էր: Արդյունքում հավաքվեց մոտ 15 հազար գիրք, որոնք նվիրվեցին մարզային, համայնքային գրադարաններին:
- Ի՞նչ փոխվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի գրադարանային եւ գրախանութների ցանցի պարագայում:
-Գրադարանների մասով մենք մի քայլ առաջ շարժվեցինք: Գրադարանները եղան պետական ուշադրության կենտրոնում: Կարելի է արձանագրել, որ Մշակույթի նախարարության ենթակայության բոլոր մարզային գրադարանները հիմնանորոգվեցին: Այս պահին մեր մարզային գրադարանները նորոգման որեւէխնդիր չունեն, տեխնիկապես վերազինվեցին նաեւ: Ի վերջո երկար «դեգերումներից» հետո նորոգվեց նաեւ Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը:Գրախանութների մասով եւս մեծ աշխուժություն մտցվեց: Բացվեցին նորերը, ոլորտը դարձավ մրցակցային:
-Իսկ ահա մասնագիտական շերտերի համար որքանո՞վ տեսանելի փոփոխություններ արձանագրվեցին:
-Ընդհանուր առմամբ, մասնագիտական մի շարք հավաքներ եղան Հայաստանում: Գրքի մայրաքաղաք լինելը ենթադրում է, որ ոլորտի բոլոր մասնագիտական օղակներն իրենց համար պետք է հերթական զարգացման առիթն ունենային: Մի շարք նախագծերի շրջանակներն ընդլայնվեցին, որոշ մասինը` աշխարհագրորեն, մյուսներինը` քանակապես: Օրինակ` ամեն տարի կազմակերպվող Թարգմանիչների եւ հրատարակիչների համաժողովն անցկացվում էր ԱՊՀ եւ Բալթյան երկրների մասշտաբով, աս տարի այն դարձավ միջազգային եւ ունեցանք մասնակիցներ շատ տարբեր երկրներից` անգամ Լատինական Ամերիկայից:Կամ «Գրական տապան»-ին մասնակցեց շուրջ 30 գրող: Արդյունքում պետք է գիրք հրատարակվի, որտեղ կամփոփվեն այս գրողների գրված ստեղծագործությունները Հայաստանի մասին:Մասնագիտական քննարկումները, գիտաժողովները եւ համաժողովները շատ էին:
-Որքանո՞վ էին այդ միջոցառումները հասարակության համար տեսանելի, եւ որքանո՞վ հասարակությունը դարձավ դրանց մասնակից:
-Ընդհանուր առմամբ գոհ ենք, սակայն իդեալականին ձգտելով` ասում ենք, որ կարող էր լինել ավելին: Մեր հասարակությունը շատ բնականոն ընթացքով մասնակցեց դրանց` ցանկացած այլ միջոցառման պես: Մասնակցեցին նրանք, ովքեր հետաքրքրված էին եւ արհեստականորեն որեւէ բան տեղի չունեցավ: Մենք իրականում շատ ավելի մեծ մասնակցություն էինք ակնկալում: Հարցը երկու կողմ ունի. որքանով էին մարդիկ առհասարակ պատրաստ այս երեւույթը նշել որպես տոն, հարցի երկրորդ կողմն էլ այն է, որ ակնկալելու փոխարեն ինչ են պատրաստ տալ մարդիկ: Առիթները բազմաթիվ էին, սակայն յուրաքանչյուրին մասնակցեց մարդկանց այն խումբը, որն ի վերջո ձգտում էր հասարակական ակտիվության:
- Իսկ Ձեր կարծիքով տոնի զգացողությունը որքանո՞վ էր համատարած:
-Տոնելու ցանկություն ունեցողը փոքրիկ կայծի է սպասում, որ տոնի: Բոլոր նրանք, ովքեր ունեին այդ զգացողությունը, վստահ եմ տոնեցին: Իսկ մարդկանցմի մասն էլ նստած սպասում էր որեւէ միջոցառում քննադատելուն: Լինել թե չլիներ այդ միջոցառումը, քննադատելու էին` թե չանելու, թե անելու համար: Բոլոր օղակներում ունեցանք ակտիվ եւ պասիվ հատվածներ:
-Ո՞րը կհամարեք տարվա գլխավոր ձեռքբերումը:
-Գլխավոր ձեռքբերումը գիրքը որպես արժեք ուշադրության կենտրոնում ունենալն էր, որն իր հետեւանքները պետք է բերի եւ ոչ կարճ ժամկետում: Այսօր երկու-երեք տարի առաջվա հետ համեմատելու պարագայում կտեսնենք, որ այսօր ունենք շատ ավելի որակյալ գրքեր` բոլոր իմաստներով: Հեղինակային իրավունքը սկսեց առավել կարեւորվել: Գրքի մասին շատ խոսելը մրցակցության հանգեցրեց, որի արդյունքում էլ որակ ստեղծվեց:
Սա մի քայլ էր առաջ, սրանով սկիզբ դրեց մի նոր փուլի: Եվ երբ խոսում ենք ամփոփման մասին, դա պայմանականորեն պետք է դիտարկել, քանի որ դրվել են հիմքեր հաջորդ քայլեր անելու համար: Վստահ եմ, որ հետագայում նոր արդյունքներ եւս կարձանագրվեն:
Ծրագրի ողջ ընթացքին հետեւեց եւ արդյունքներն ամփոփեց Արուսիկ Զախարյանը