Պաշտոնական

Նախագահն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին

2 րոպեի ընթերցում

Նախագահն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և քաղաքական երկխոսության ակտիվացումը, որի վկայությունն է Երևանում և Պրահայում Չեխիայի ու Հայաստանի դեսպանությունների հիմնումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում և ակտիվացած շփումները միջխորհրդարանական մակարդակում:

ՀՀ նախագահը և Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարն անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին՝ կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացումը: Նրանց համոզմամբ, դրան մեծապես կարող են նպաստել գործարար համայնքի ներկայացուցիչների միջև հաճախակի շփումները: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս օրերին Երևանում մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները լուրջ հնարավորություններ կընձեռեն կողմերին՝ բարձրացնելու առևտրաշրջանառության ծավալները, մշակելու և իրականացնելու համատեղ գործարար ծրագրեր, ինչպես նաև խթանելու ներդրումները:

Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Պրահայում սկիզբ առած Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանի զարգացումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում