Հատուկ նախագծեր

«Արարատ 73»- 40 տարի անց. Նիկիտա Սիմոնյանը ցանկանում է հոկտեմբերին լինել Երևանում

6 րոպեի ընթերցում

«Արարատ 73»- 40 տարի անց. Նիկիտա Սիմոնյանը ցանկանում է հոկտեմբերին լինել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ 73»-ի հաղթանակները, որ մինչեւ այսօր հայ ֆուտբելասերների մի քանի սերունդներին հաղորդում են հպարտություն զգացում, մեծապես կապված են թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հետ: Այդ նրա «հրամանատարությամբ» կերտվեցին թիմի կրկնակի հաղթանակները: Անգամ ֆուտբոլային չափանիշներով մարզչական կարճ ժամանակահատվածում իր օրինակի ուժով նա ֆուտբոլիստներին «պարտադրեց» այն միտքն ու համոզմունքը, որ դաշտ պետք է մտնել միայն հաղթելու նպատակով: Իսկ ֆուտբոլիստներն էլ վստահ էին, որ եթե Նիկիտա Սիմոնյանն իրենց հետ է, ուրեմն անպայման պիտի հաղթեն:

«Արարատ 73»-40 տարի անց» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է փառահեղ մարզչի հետ իր անդրանիկ բլից- հարցազրույցը, որն, անշուշտ, ունենալու է նաեւ շարունակություն:

Նիկիտա Սիմոնյան

Ծնվել է 1926 թվականին: Հայ անվանի ֆուտբոլիստ, ականավոր մարզիչ: Խաղացել է Սուխումիի «Դինամո»-ում (1940), Մոսկվայի «Կռիլյա Սովետով» (1946/48) եւ «Սպարտակ» (1949/59) ակումբներում: ԽՍՀՄ առաջնություններում որպես ֆուտբոլիստ անցկացրել է 267 հանդիպում, խփել` 144 գնդակ: 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ գավաթակիր:

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: 1973 թվականին Երեւանի «Արարատ»-ը նրա ղեկավարությամբ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Գլխավորել է նաեւ Մոսկվայի «Սպարտակ»-ը (ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն եւ եռակի գավաթակիր) եւ Օդեսայի «Չեռնոմորեց» -ը, ինչպես նաեւ ԽՍՀՄ հավաքականը (1976/79): Այժմ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է: Պարգեւատրվել է ՖԻՖԱ-ի շքանշանով:

Արժանացել է նախկին ԽՍՀՄ-ի բազմաթիվ մեդալների ու շքանշանների: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով, Երևանի պատվավոր քաղաքացի է:

-Պարոն Սիմոնյան,ասեք խնդրեմ, 40 տարի անցինչպե՞ս եք հիշում այդ հաղթական 1973 թվականը:

-Ինչպես կարող եմ ես մոռանալ այդ էջը: Թե մեր տղաները, ես էլ նրանց հետ, ուրախության պարգեւեցինք մեր ազգին: Հիշողություններ եղել են, կան ու միշտ էլ լինելու են:Եթե չեմ սխալվում, ավելի քան 23 տարի ես խաղացել եւ մարզել եմ Մոսկվայի «Սպարտակ»-ը, ու քանի որ ես այժմ բնակվում եմ Մոսկվայում, «Սպարտակ»-ն ինձ համար հարազատ ակումբ է: «Արարատ»-ը նույնպես հարազատ է, քանի որ դա իմ հայրենիքն է, իմ ժողովուրդն է: Ափսոս, որ հայրս, ով ցավոք մահացել էր արդեն, չտեսավ այդ հաղթանակը, թե ինչ արվեց հայ ժողովրդի համար: Շատ կուրախանար, որ այդ ամենի մեջ իր ներդրումն ունի նաեւ իր որդին:

Ինձ մի քանի անգամ հրավիրեցին «Արարատ»-ը գլխավորելու, սակայն տարբեր իրավիճակներում չէի կարողանում ընդունել առաջարկը: Բայց եկավ այդ ժամանակը, եկավ վերցնելու և թիմը գլխավորելու օրը:

-Այսօր կապը կա՞ նախկին «արարատցիների» հետ:

-Կապը միշտ էլ կա, իհարկե, միշտ պահպանում ենք: Ահավասիկ, մոտ մեկ ամիս առաջ հանդիպեցի Մոսկվայում գտնվող Էդուարդ Մարկարովի հետ: Կամ երբ ես եմ գալիս Երեւան, միշտ էլ հանդիպում եմ բոլոր տղաներին: Կապը կար, կա ու լինելու է, կարծում եմ: Հոկտեմբերին կլրանա այդ հաղթանակների 40-ամյակը: Ուզում եմ նորից հանդիպենք, ուզում եմ տղաներին նորից իմ շնորհակալությունը հայտնել 1973 թվականին նրանց արածի համար` մաղթելով նրանց միայն ու միայն առողջություն: Ցավոք, ոմանք այլեւս մեզ հետ չեն, ինչպես օրինակ Սանասար Գեւորգյանը եւ Շուրա Կովալենկոն: Շատերն էլ արդեն գերազանցել են 60-ի սահմանը, դրա համար էլ նրանց առողջություն եմ ցանկանում:

- Կիեւի «Դինամո»-ի եւ Երեւանի «Արարատ»-ի` գավաթի խաղարկության եզրափակչում Դուք միայն երկրորդ խաղակեսի վերջին րոպեին փոփոխությունը կատարեցիք, ինչո՞ւ:

-Փոփոխությունն արեցի, որովհետև այդ պահին էր պետք փոփոխությունը կատարել: Չեմ ասի, թե որևէ մեկը լավ չէր խաղում, դրա համար էր, պարզապես այդ պահին կար փոփոխության անհրաժեշտություն:

- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բավականին լուրջ քայլեր է անում դեպի մեծ ֆուտբոլ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այսօրվա հավաքականի մասին:

- Հայաստանի հավաքականն ինձ շատ է դուր գալիս, ես շատ տխրեցի, երբ մերոնք պարտվեցին Չեխիայի ընտրանուն: Դժվար խաղ էր: Անցած տարի մենք բավականին լավ էինք խաղում: Տեխնիկապես շատ լավ թիմ է, եւ ընդգրկված են խելացի ֆուտբոլիստներ: Օրինակ` Հերիխ Մխիթարյանը հրաշալի խաղացող է: Նրա հայրը` Համլետ Մխիթարյանն էր ինձ մոտ խաղում, ցավոք, շուտ հեռացավ կյանքից: Յուրա Մովսիսյանը, ով այժմ խաղում է «Սպարտակ»-ում, եւս լավ ֆուտբոլիստ է: Մի խոսքով, հավաքականը լավն է, խելացի, եւ ես սրտանց մաղթում եմ տղաներին եւ թիմին, որ չհուսալքվեն պարտության պատճառով, պետք է հաջորդ հանդիպումներում խաղալ այնպես, որ հաղթանակներ տոնեն:

Ճեպազրույցը՝ՎարվառաՀայրապետյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում