Սփյուռք

Հալեպի հայաշատ թաղամասում դիպուկահարների վախից բնակիչները չեն կարողանում դուրս գալ բնակարաններից

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասում դիպուկահարների վախից բնակիչները չեն կարողանում դուրս գալ բնակարաններից

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասում անցնող երկու օրերին միջադեպեր թեպետ չեն գրանցվել, սակայն սպասողական, անորոշ եւ անապահով վիճակը շարունակում է անհանգստացնել բնակիչներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը:

«Երբեք չես իմանա, թե իրավիճակը ինչպես կարող է փոխվել, եւ ինչ անակնկալներ կարող են պատահել»,- նշեց Ժիրայր Ռեյիսյանը`ավելացնելով, որ քաղաքն այժմ համեմատաբար ավելի երկար է էլեկտրաէներգիա ունենում:

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղարը նաեւ նշեց, որ ռմբահարումները եւ բախումները շարունակվում են Շեյխ Մակսուդ թաղամասում եւ օդանավակայանի ճանապարհին: Իսկ Շեյխ Տահա թաղամասում, որտեղ նաեւ բավական մեծ թվով հայեր են ապրում, դիպուկահարները մեծ վտանգ են ներկայացնում բնակիչների համար: Նրանք չեն կարողանում դուրս գալ բնակարաններից:

Ինչ վերաբերում է Հալեպում շաբաթներ առաջ առեւանգված հայերին, ապա Ռեյիսյանի խոսքով` նրանց վերաբերյալ, ցավոք, տեղեկություններ դեռ չկան:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում