Սփյուռք

Հալեպում վերջին օրերի միակ դրական փոփոխությունը էլեկտրականության մասամբ վերականգնվելն է

1 րոպեի ընթերցում

Հալեպում վերջին օրերի միակ դրական փոփոխությունը էլեկտրականության մասամբ վերականգնվելն է

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում երեկվանից էլեկտրականությունը, թեպետ ընդհատումներով, այնուամենայնիվ վերջին օրերի համեմատ բավական երկար է եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ այս փոքր դրական փոփոխությունը բնակիչների շրջանում բարձր տրամադրություն է առաջացրել: Էլեկտրականության առկայության պայմաններում ջրի պոմպերը եւս սկսել են աշխատել:

Ինչ վերաբերում է Շեյխ Մակսուդ թաղամասում տիրող իրավիճակին, ապա թաղամասը շարունակում է բախումների թիրախում մնալ: Շեյխ Մակսուդի մոտ գտնվող Շեյխ Տահա թաղամասում, որտեղ նաեւ զգալի թվով հայեր են ապրում, մերթ ընդ մերթ պատահական փամփուշտներ են ընկնում` վախ տարածելով բնակիչների շրջանում: Բնակիչները խուսափում են դուրս գալ իրենց բնակարաններից` զգուշանալով հնարավոր վտանգից:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում  է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում