Տնտեսություն

Doing Business. Փոքր քաղաքում գործ սկսելու դժվարություններից չվախեցող մանկաբարձ-գինեկոլոգը կենտրոն է հիմնել

5 րոպեի ընթերցում

Doing Business. Փոքր քաղաքում գործ սկսելու դժվարություններից չվախեցող մանկաբարձ-գինեկոլոգը կենտրոն է հիմնել

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը երիտասարդ մանկաբարձ-գինեկոլոգ է, ով հիմնելով Սեւանի միակ ուլտրաձայնային հետազոտության մասնավոր կենտրոնը, հաջողության իր պատմությամբ ցույց է տալիս, որ աշխատասիրության ու ձգտումների շնորհիվ հնարավոր է մասնագիտական կարողությունները ծառայեցնել հարազատ բնակավայրին, լինել սիրող կին, հոգատար մայր ու պատրաստված մասնագետ:

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկաբարձ-գինեկոլոգ Լիաննա Ալավերդյանը Սևանի պոլիկլինիկայում մոտ 10 տարի աշխատելուց հետո որոշել է հիմնել իր սեփական կենտրոնը: Մասնագիտությանը Ալավերդյանը վերապատրաստումից հետո ավելացրել է նաև ուլտրաձայնային հետազոտության մասնագետի գիտելիքը: Սեփական գործը բացելու գաղափարն առաջացել է, երբ իր նախկին այցելուներն անընդհատ հորդորել են ունենալ առանձին կաբինետ:

Չնայած Լիաննան այժմ էլ համատեղությամբ աշխատում է Սևանի հոգեբուժարանում, այնուամենայնիվ, որոշել է հիմնել առանձին ուլտրաձայնային հետազոտության կաբինետ և այնտեղ ընդունել իր այցելուներին: Մեկ տարի շինարարությունից հետո 2012 թ. մայիսին բացել է այն: «Եթե չլինեին նախկին հաճախորդները, նախկին կապերը, իհարկե շատ դժվար կլիներ: Ընդհանրապես փոքր քաղաքներում գործ սկսելն ունի իր առանձնահատուկ դժվարությունները: Իմ գործի դժվարությունն այն է, որ ես սխալվելու իրավունք չունեմ: Սակայն մյուս կողմից էլ, երբ փոքր քաղաքում ցանկանում ես հիմնել որևէ բիզնես և արդեն հասցրել ես դրական համբավ ձեռք բերել, դա նպաստում է գործի կայացմանը, և այդ առումով, փառք Աստծո, այցելուների պակաս դեռև չեմ զգացել», փաստում է Ալավերդյանը:

Նրան այցելում են ոչ միայն Սևանի բնակիչները, այցելուների շրջանակն ընդգրկում է նաև հարակից գյուղերը, Գավառ քաղաքը, մարդիկ գալիս են նաև Իջևանից, Դիլիջանի, նույնիսկ` հեռավոր Ճամբարակից: Տարածաշրջանի առումով, ասում է, կան տարածված որոշակի հիվանդություններ, օրինակ` վահանաձև գեղձի հիվանդությունները: «Գեղարքունիքի մարզն ընդհանրապես համարվում է կրծքագեղձի հիվանդությունների էնդեմիկ (կամ տեղաճարակային-հեղ.) օջախ, և դա շատ մտահոգիչ է»,- նշում է բժիշկը:

Որպես գործարար, իր ամենամեծ դժվարությունը համարում է դեռ չլուծված ֆինանսական խնդիրները, հատկապես` վարկերը: Չնայած դրան` Ալավերդյանը վարում է ճկուն գնային քաղաքականություն: Ասում է` պետք է հաշվի առնել բնակիչների վճարունակությունը: «Ճիշտ է` էսպես ես եմ հոգնում, որովհետև այցելուների թիվն է շատ, սակայն ես գիտեմ, որ այսպիսով օգնում եմ մարդկանց, որովհետև վճարունակության խնդիրը շատ մեծ է այս տարածաշրջանում»,- ասում է Լիաննա Ալավերդյանը:

Լինելով տարածաշրջանի դեռևս միակ մանավոր հետազոտական կենտրոնը` Ալավերդյանը չի վախենում մրցակցությունից: Սակայն նշում է, որ մրցակցությունը բարենպաստ կլինի, եթե լինի առողջ: Այդուամենայնիվ, ըստ Ալավերդյանի, իր գործն այնպիսին է, որ այցելուներից է կախված. նրանք մշտապես այցելում են մեկ մասնագետի մոտ:

Գործը սկսելիս ունեցել է մտավախություններ և որոշ տարակուսանք: Հատկապես մտահոգել է այցելուների հնարավոր պակասը: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ ռիսկն արդարացված է եղել: 2012 թ. Լիաննա Ալավերդյանը որպես նորարար կին գործարար արժանացել է ՀՀ վարչապետի մրցանակին: Ասում է` իր համար անսպասելի է եղել: «Դու քեզ համարում ես փոքր բիզնես, սակայն երբ նման մրցանակի ես արժանանում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, դա իհարկե և միաժամանակ պարտավորեցնող է, և խրախուսող, և հաճելի»,- ժպտալով ասում է Ալավերդյանը:

Լինելով բժիշկ` «հարս է գնացել» բժշկի ընատնիք. ամուսինը, սկեսուրն ու սկեսրայրը նույնպես բժիշկներ են: Ամուսինը, նրա ծնողները, ինչպես նաև 14-ամյա որդին և 9-ամյա դուստրն ըմբռնումով են վերաբերվում նրա զբաղվածությանը: «Լինել կին և համատեղել ընտանիքը, երեխաների հանդեպ հոգատարությունը և աշխատանքն անչափ դժվար է, բայց հնարավոր չափ, ուժերի ներածի չափով փորձում ես, որպեսզի բացողումներ չլինեն»,- ասում է Սևանի միակ ուլտրաձայնային հետազոտության մասնավոր կենտրոնի սեփականատեր և այդ կենտրոնի մասնագետ Լիաննա Ալավերդյանը:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Լուսանկարները՝ Նարե Մկրտչյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում