Հասարակական

Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր միջոցառում անցկացվեց ՊՆ-ում

4 րոպեի ընթերցում

Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր միջոցառում անցկացվեց ՊՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունումմարտի 29-ին տեղի ունեցավհանդիսավոր միջոցառում, որիններկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը նշեց, որ Նելսոն Ստեփանյանը կենդանի լեգենդ է եւ նրա կյանքն անհնար է առան հուզվելու ներկայացնել: «Նրան բնութագրելիս հնարավոր է մի շարք առանձնահատկություններ նշել: Նա եղել է անվախ, քաջարի, նրա համար ոչինչ են եղել հակառակորդի քանակական առավելությունները, սպառազինության նոր տեսակները»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը մի շարք պարգեւներ հանձնեցՀայրենական պատերազմի վետերաններին: Արցախի հերոս, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը ներկաներին ծանոթացրեց Նելսոն Ստեփանյանի կյանքի եւ գործունեության հետաքրքիր մանրամաներին:

Նելսոն Ստեփանյանի անունը կրող դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանի կարծիքով` պատասխանատու եւ պարտավորեցնող է ունենալ նրա անունը կրող ուսումնական հաստատություն: Նա տեղեկացրեց, որ մի քանի օրից կրթօջախն իր հարգանքի տուրքը կմատուցի Նելսոն Ստեփանյանի ծննդյան հոբելյանի կապակցությամբ եւ գեղեցիկ տոնակատարություն կիրականացնի: «Հայ ժողովուրդը հպարտանալու իսկապես շատ բան ունի, քանի որ բոլոր ժամանակներում նա տվել է հերոսներ, որոնք իրենց կյանքը չեն խնայել, անձնուրաց կերպով պահպանել են իրենց հայրենիքը»,- ասաց նա` կարեւորելով, որ ապագա սերնդին պետք է այնպես կրթել, որ նրանք իսկապես հայրենասերներ մեծանան եւ սիրով ու սրտով դառնան մեր երկրի վաղվա զինվորները:

Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանի խոսքով` Նելսոն Ստեփանյանը պարզ ու համեստ մարդ է եղել` ենթակաների համար հայր, ուսուցիչ եւ հրամանատար: «Նա թշնամու ահ ու սարսափն էր»,- շեշտեց Սիմոն Եսայանը: Վետերանների միության նախագահն առաջարկեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին այն այգին, որտեղ գտնվում է Նելսոն Ստեփանյանի արձանը, անվանակոչել խորհրդային կրկնակի հերոսի անունով, որը կդառնա մանուկների ռազմահայրենասիրական դաստիարակության իսկական կենտրոն:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ, ՀԿ-ների, ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ:

Հայ օդաչու Նելսոն Գեւորգի Ստեփանյանը կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ եւ խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ` 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր: Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել` Երեւանում, Ստեփանակերտում, Լեպահայում եւ հերոսի ծննդավայր Շուշիում, որը ավերվել է ազերիների կողմից: Լեպահայի արձանը 1990- ականների տեղափոխվել է Կալինինգրադ: Նրա անունով ԽՍՀՄ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, մանկապատանեկան կազմակերպություններ եւ մեծ ձկնորսանավ, թողարկվել է նամականիշեր: Երեւանի թիվ 71 դպրոցում ստեղծվել է հերոսի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում