Հավակնորդների մրցաշարում հիմնական պայքարը գնալու է Կարլսենի եւ Արոնյանի միջեւ. Սմբատ Լպուտյան
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շախմատային գերտերություն է եւ շարունակում է աշխարհին զարմացնել իր տաղանդներով: Շախմատի ակադեմիայի ստեղծումը, շախմատը որպես առարկա դպրոցներում ուսուցանելը, ինչպես նաեւ` աշխարհի այլ երկրներում հանդես եկող տաղանդավոր հայազգի շախմատիստները երկրի ամուր շախմատային հիմքիհաստատուն վկայություններից են:«Արմենպրես»-ի հետ հայկական շախմատի վաղվա օրվա, Լոնդոնի հավակնորդների մրցաշարի եւ իր ցանկությունների մասին կիսվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը:
-Ինչպիսի՞սպասելիքներ ունենք Լոնդոնից:
-Ինչ խոսք, 8 շախմատիստները, ովքեր խաղում են այնտեղ բոլորն էլ հանրաճանաչ եւ շատ ուժեղ են: Իհարկե, նրանց մեջ` ամեն դեպքում, առանձնանում է Մագնուս Կարլսենը: Վերջին տարիներին նրա տարած հաղթանակները բավականին վստահություն են ներշնչում իրեն, իսկ հակառակորդներին՝ անվստահություն: Ես կարծում եմ, որ հիմնական պայքարը գնալու է Կարլսենի եւ Լեւոնի միջեւ: Այսպես ոչ միայն ես եմ մտածում, այլ նաեւ շատ շատերը, ովքեր շախմատային աշխարհից են: Իհարկե, այդ պայքարին հաջողությամբ կարող են հանդես գալ աշխարհի տասնչորսերորդ չեմպիոն Կրամնիկը, տաղանդավոր Իվանչուկը, յուրօրինակ շախմատիստ Գելֆանդը, երիտասարդ եւ շատ շնորհալի Գրիշչուկը, Ռաջաբովը, որը շատ լուրջ է պատրաստված եւ այլոք: Բայց, իհարկե, ես հիմնական հավակնորդներ եմ համարում երկուսին` Կարլսենին եւ Լեւոնին:Լեւոնը շատ լրջորեն է նախապատրաստվել եւ, կարծում եմ, ամեն ինչ կանի, որ լավ հանդես գա լոնդոնյան մրցաշարում: Իսկ ես՝ որպես շախմատիստ եւ հայ, ինչպես բոլոր հայերը միայն ու միայն ցանկանում եմ Լևոնին տեսնել առաջին հարթակում:
-Ստեղծման օրից` 2002թվականից, մինչ օրս Դուքղեկավարում եք Շախմատի ակադեմիան: Սովորող երեխաների մեջ տեսնո՞ւմ եք ապագա Տիգրան Պետրոսյաններ:
-Ընդհանուր առմամբ, չեմպիոն դառնալու համար շատ-շատ հատկություններ, բնավորության գծեր են պահանջվում: Եվ բացի դրանից, կյանքի եւ սպորտային հաջողությունները կախված են նրանից, թե ինչպիսի միջավայրի միջով ես անցնում քո այդ ժամանակահատվածը: Լինում են շատ շնորհալի շախմատիստներ, բայց կյանքի ընթացքը նրանց այնպես չի տանում, որ կարողանան վեր հանել իրենց ամբողջ ներուժը և տեղին օգտագործեն: Լավ երեխաներ կան, բայց չեմպիոն կդառնան` դժվարանում եմ ասել: Նա, ով կարողանում է իր ժամանակն ավելի իմաստուն եւ նպատակաուղղված օգտագործել , ավելի մեծ հնարավորություններ է ունենում: Բայց, այսօր աշխարհը շատ է շախմատային դարձել, եւ ամենուր ի հայտ են գալիս մեծ տաղանդներ, այդ իսկ պատճառով դժվարանում եմ ինչ որ բան ասել: Այն, որ ունենք շատ շնորհալի երեխաներ, դա ուրախացնող փաստ է:

-Շախմատը, որպես առարկա ուսուցանվում է մեր դպրոցներում: Նույնիսկ շատ երկրներ, հետեւելովմեր օրինակին, ցանկանում են մեր փորձը կիրառելիրենցդպրոցներում: Ի՞նչ արձագանքներ կան դպրոցներից, տպագրվածգրքերը թարմացման կարիք չունե՞ն:
-Այդպիսի ցանկություն կար շատ վաղուց, շատ-շատ երկրներում: Իհարկե, մենք էլ մոտ յոթ տարի նախապատրաստվում էինք դրան: Նույնը կարծում եմ այդ երկրներում պետք է արվի, նախապատրաստական աշխատանքները շատ կարևոր են: Ամեն դեպքում, հավանաբար, մոտակա մի քանի տարիներին որեւէ երկրում չի կարող որպես առարկա այնպես ամբողջական ներդրվել դպրոցներում, ինչպես Հայաստանում է, քանի որ այնտեղ չկան այդ պայմաններն ու միջավայրը: Իրականում մենք այդ գործում բավականին առաջատար ենք: Այժմ շատ երկրներ ուսումնասիրում են մեր գործունեության ընթացքը: Նրանց շատ է հետաքրքրում շախմատը դպրոցներում դասավանդելու հետ կապված ամեն ինչ: Իսկ ինչ վերաբերում է արձանգանքին Հայաստանում եւ ամենուր, ապա սկզբնական շրջանում կար մտավախություն, թե ինչպես կընդունվի շախմատի դասավանդումը դպրոցներում: Ի ուրախություն մեզ՝ քննադատողներ քիչ եղան: Եթե կային տարակուսողներ, ապա որոշ ժամանակ անց նրանք տեսան, որ այս նորամուծությունն իրենից արժեք է ներկայացնում: Անշուշտ, ուսուցիչների մոտ դեռ կան դժվարություններ: Մենք պատրաստել ենք մոտ 1900 ուսուցիչների, բայց որակի հետ կապված դեռ անելիքներ ունենք: Այսօր արդեն Մանկավարժական համալսարանում պատրաստվում են շախմատի ուսուցիչներ: Աշխատանքներ են տարվում, որ Շիրակի եւ Լոռիի համալսարաններում եւս բացվեն նման բաժիններ` մասնագետ ուսուցիչներ պատրաստելու համար: Իսկ մենք գիտենք, որ գործի հաջողության կարեւոր նախապայման է գիտակ ուսուցիչների առկայությունը: Դասագրքերը դեռ նոր են, և թարմացման խնդիր չենք տեսնում: Տարիներ հետո, երբ կառաջանան խնդիրներ, մենք պատրաստ կլինենք դրանք լուծել, քանի որ միշտ վերլուծում եւ քննարկում ենք դասավանդման մոտեցումները:
-Մեր հավաքականի հաջողությունը կապում են համախմբածության հետ.Դո՞ւք էլ եք նույն կարծիքին:
-Ես 32 տարի խաղացել եմ Հայաստանի հավաքականի կազմում: Դա մի ամբողջ կյանք է: Այդ փորձից ելնելով կարող եմ ասել, որ իրականում, այդ բոլոր հաղթանակները որ մենք ունեցել ենք մինչ այս եւ այսօր, համոզվել ենք, որ այդ հաջողությունները նվաճվում են այն ժամանակ, երբ թիմն ամբողջական է: Երբ թիմի անդամները միասնական են, նույն մտածողությամբ, միմյանց նկատմամբ ազնիվ եւ նվիրյալ: Նման իրավիճակներում թիմը դառնում է ավելի ուժեղ, նույնիսկ ինքը թիմը կարող է չզգալ թե որքան ուժեղ է: Միասնական թիմը ոչ միայն շատ ուժեղ է, այլ նաև գրավիչ: Մեր թիմն այսօր այդպիսին է:
-Բացի շախմատից, ի՞նչ այլ մարզաձեւեր եք սիրում:
-Ես ընդհանրապես սիրել եմ սպորտը: Բոլոր մարզաձևերն էլ շատ եմ սիրում: Ինքս սիրում եմ զբաղվել տարբեր խաղերով, բայց ավելի շատ սիրում եմ ֆուտբոլը: Այս խաղից ես մեծ բավականություն եմ ստանում:
-Ինչո՞վ է զբաղվում շախմատիստ Լպուտյանը, եթե ազատ ժամանակ է ունենում:
-Անկեղծ ասած, ազատ ժամանակ շատ քիչ է լինում: Շատ հաճախ ինքդ չես տնօրինում քո ժամանակը: Եթե լինում է ազատ ժամանակ, կարողանում եմ մի քիչ լինել տանը կամ ընկերներիս հետ:

-Ինչի՞մասին է երազում Սմբատ Լպուտյանը:
-Երազանքներ ունեմ, իհարկե: Կցանկանայի որ մեր երկիրը լիներ բարեկեցիկ, պահպանվեին մեր մեծագույն արժեքները: Կուզեմ, որ մարդիկ ձգտեն պահպանել ու կրել այդ արժեքները: Միշտ մնան պրպտումների մեջ, գտնեն այն, ինչը կարեւոր է մարդու էության համար, հասարակության համար: Կուզեմ, որ մարդիկ ավելի շատ հասարակական մտածելակերպով ապրեն, որպեսզի մենք մեկը մյուսի հանդեպ լինենք ավելի հոգատար: Կուզեմ, որ մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, իրենց բավարարված եւ երջանիկ զգան, եւ հպարտ լինեն, որ ապրում են այս լավ երկրում, այս լավ մարդկանց մեջ:
-Ասում են շախմատը արվեստ է: Դուք արվեստիո՞ր ճյուղին եք ավելի նմանեցնում:
-Շախմատն ինքը եւ արվեստ է, եւ գիտություն է, եւ սպորտ է, եւ զորավարություն է, եւ հոգեբանություն է: Իրականում շատ-շատ արժեքներ ունի շախմատը: Նայած, թե ով ինչպիսի աչքերով է նայում շախմատին, ով ինչպիսին է տեսնում այն: Մենք` հայ շախմատիստներս, ավելի շատ ստեղծագործում ենք: Բայց կան այլ շախմատիստներ, որոնց համար ավելի շատ սպորտ է, եւ կան շախմատիստներ, ովքեր սիրում են շախմատի հետազոտական եւ գիտական ընթացքը: Այն ունի շատ ու շատ հետաքրքիր կողմեր եւ գրավիչ է իր տարբեր ոճերով, այստեղից էլ լինում են տարբեր մտածողությամբ շախմատիստներ, որոնք էլ տարբեր զգացումներ են ունենում շախմատ խաղալիս:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Սամվել Բերքիբեկյանի