Սփյուռք

Հալեպի հայկական թաղամասում տեղի ունեցած պայթյուններից մարդկային վնասներ չեն եղել

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասում տեղի ունեցած պայթյուններից մարդկային վնասներ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի տարբեր վայրերում մարտի 5-ի երեկոյան երեք պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ պայթյուններից մեկի հետեւանքով վնասվել է թաղամասի բնակելի շինություններից մեկի տանիքը եւ վերնահարկի բնակարանը: Ռեյիսյանի խոսքով` բարեբախտաբար մարդկային վնասներ չեն գրանցվել:«Երկար ժամանակ հայկական թաղամասերի ուղղությամբ ռումբեր չէին ընկնում, սակայն երեկ անակնկալ կերպով ռումբերը հասել են հայկական թաղամաս»,- նշեց մամուլի քարտուղարը` տեղեկացնելով, որ Հալեպի հայկական թաղամասերում այժմ կրակոցների եւ ռումբերի ձայներ չեն լսվում, համեմատաբար հանգիստ է, օրվա մեծ մասը կրկին էլեկտրականություն չկա:

Մարտի 5-ին տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի սահմանակից Ռակկա քաղաքում ընդդիմադիրները հսկողություն են հաստատել: Այդ կապակցությամբ Ռեյիսյանը նշեց, որ հեռախոսակապի անկանոն գործելու պատճառով տեղեկություններ չկան այնտեղ բնակվող հայերի, հայկական եկեղեցու կամ դպրոցի վերաբերյալ:

Հալեպում շուրջ մեկ տարի շարունակվող բախումների եւ անկարգությունների հետեւանքով 90 հալեպահայ է առեւանգվել:Գրեթե բոլորը, բացի մի քանի հայերից, ազատ են արձակվել փրկագին վճարելուց հետո: Բախումների հետեւանքով վիրավորված հալեպահայերի թիվը 87 է, իսկ զոհերի թիվը դեռ ճշտվում է: Հայտնի է, որ այն մոտ է չորս տասնյակին: Երկու զինծառայողներ` Խաժակ Աբելյանը եւ Ղազար Կարապետյանը, անհայտ կորած են համարվում մինչեւ այժմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում