Ռուս փորձագետը Հայրիկյանի դեմ մահափորձի հետեւում «աշխարհաքաղաքական խաղացողների» չի տեսնում
3 րոպեի ընթերցում
![Ռուս փորձագետը Հայրիկյանի դեմ մահափորձի հետեւում «աշխարհաքաղաքական խաղացողների» չի տեսնում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/02/708476.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձում նկատվում է ամենատարբեր ուժերի ազդեցություն:«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ, Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների վաշինգթոնյան կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Ասել, որ Հայրիկյանի վրա կատարված մահափորձն ինչ-որ կերպ ազդել է մյուս թեկնածուների եւ ֆավորիտ թեկնածուի` գործող իշխանության ներկայացուցչի վրա, չի կարելի: Այս ամենը հանգեցնում է քննարկման` ում էր այս ամենը ձեռնտու»,- ասաց նա: «Նա իրոք այնքան էլ հայտնի թեկնածու չէ, սակայն ունի մեծ վաստակ: Հայրիկյանն արտասովոր մարդ է, ով հետաքրքիր ճակատագիր ունի»,-նշեց նա:
Փորձագետի դիտարկմամբ` մահափորձի մեղավորներին փնտրելիս վարկածներ նշել չի կարող, քանի որ քննիչ չէ, սակայն որպես քաղաքագետ կարող է ասել` դա ձեռնտու չէր գործող իշխանություններին: «Ուղղակի այն պատճառով, որ բոլոր խաղաքարտերը նրանց ձեռքում են, եւ այն, որ Սերժ Սարգսյանը հաղթանակում է իրերի ներկա դասավորության պարագայում, պարզ էր դեռեւս վաղուց»,- ասաց նա:
Մարկեդոնովը չի կիսում ենթադրությունը, թե Հայրիկյանի մահափորձը ձեռնտու էր «ինչ-որ աշխարհաքաղաքական խաղացողների»: Նա հնարավոր համարեց, որ Հայաստանում, ինչպես եւ այլ հետխորհրդային երկրում կան տարբեր ոչ պաշտոնական ազդեցության խմբեր, որոնց մեջ կոնկրետ կուսակցություններ չկան, մարդիկ, ովքեր, այսպես ասած, փորձում էին փոքր-ինչ խաթարել գործող նախագահի իշխանության երկրորդ ժամկետը, ցույց տալ իրենց որոշակի եւ կոնկրետ նշանակությունը:
Մեկնաբանելով Հայրիկյանի հնչեցրած մեղադրանքը, թե մահափորձի մեջ «ռուսական իմպերիալիզմի» մեղքն է տեսնում, Մարկեդոնովը նկատեց. «Գիտեք` այլախոհ գործունեության նման փորձ ունեցող մարդը, սկսած նախորդ դարի 70-ական թվականներից, սովոր է փնտրել իրականության դեմիուրգների»: Նա հավելեց, որ հետխորհրդային տարածքում, իսկ Հայաստանում` համեմատաբար քիչ, Վրաստանում, Ադրբեջանում, Մերձբալթիկայում` առավել շատ, Ռուսաստանը դիտվում է իբրեւ խաղացող, ով սցենարներ է գծում:«Արդի աշխարհի մեծագույն խնդիրն այն է, որ իրականում սցենարային մոտեցում չկա: Ես դրանում խորապես համոզված եմ: Աշխատելով Ռուսաստանում, Արեւմուտքում` կարող եմ ասել, որ իրականում Վաշինգթոնի եւ Մոսկվայի քաղաքականությունը հաճախ կառուցվում է ուղղակի ինչ-ինչ ազդանշաններից եելնելով` իբրեւ արձագանք այդ ազդանշաններին: Վլադիմիր Պուտինը նստել եւ մտածում էր` ինչպես վերացնի Հայրիկյանին, ինչ է: Հայրիկյանն ինչով է խանգարում Պուտինին»,- զարմանքով նշեց նա: