«Արմենպրես»-ը ներկայանում է նոր նախագծերով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության արդեն իսկ գործող բաժիններին այսուհետ ավելանում են նորերը: Հայկական ամենահին լրատվական գործակալությունն ամենատարբեր հատուկ նախագծերով հանդես կգա` գոհացնելով ամենատարբեր նախասիրությունների տեր անձանց պահանջները: «Հետահայաց» նախագիծը կգտնի եւ կներկայացնի պատմական այն փաստերն ու իրադարձությունները, որոնք տարիներ առաջ հայտնվել են«Արմենպրես»-ի տեսադաշտում: Դրանք կլուսաբանվեն նորովի` համադրելով պատմությունն ու արդիականը:
«Երեւանյան բեսթսելլեր» նախագծի միջոցով ընթերցողին կներկայացվի լրատվական գործակալության հարցումների արդյունքում երեւանյան գրախանութներից վերջին յոթօրյակում ամենաշատ գնված գրքերի ցանկը:
Գնահատելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության կարեւորությունը` «Արմենպրես»-ը յուրաքանչյուր շաբաթ կներկայացնի բիզնես պատմություններ՝ տնտեսության բազում ճյուղերից։ «Doing Business»-ում տարբեր տնտեսվարողներ կներկայացնեն իրենց մուտքը բիզնես ոլորտ եւ կմանրամասնեն ոլորտի հետ կապված հարցերը:
Կներկայացվեն Սիրիայում իրադարձությունների հետեւանքով Հայաստանում հաստատված, գործունեություն ծավալած եւ հաջողությունների հասած սիրիահայերի հետ հարցազրույցներ: Սիրիահայերը կպատմեն իրենց անցած ուղու եւ ձեռքբերումների մասին:
Նշված նախագծերին փետրվարի 13-ին կավելանա եւս մեկը: ««Արարատ-73»` 40 տարի անց» նախագիծը, ամենշաբաթյա պարբերականությամբ կներկայացնի հայտնի ֆուտբոլային թիմի անդամների հետ հարցազրույցների շարք: Տարիների հեռվից հայտնի ֆուտբոլիստները կհիշեն անցյալի հաջողությունները, կխոսեն ներկա ձեռքբերումների եւ ապագայից սպասելիքների մասին: