Հատուկ նախագծեր

Սիրիահայ բիզնեսմեններն ապրելու համար ընտրել են ապահով Հայաստանը

4 րոպեի ընթերցում

Սիրիահայ բիզնեսմեններն ապրելու համար ընտրել են ապահով Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ Բաղդասարյանների ընտանիքը, Հալեպ քաղաքում թողնելով կոշիկի սեփական արտադրությունն ու խանութը, արդեն 6 ամիս է Հայաստանում է: Հայաստան տեղափոխվելու պատճառը Սիրիայում տիրող ներքաղաքական իրավիճակն է: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց սիրիահայ Նաիրի Բաղդասարյանը, առաջին ամիսը շատ դժվար էր, իսկ հետո ամեն ինչ կարգավորվեց: «Երբ նոր էինք տեղափոխվել, ամեն ինչ բարդ էր ու օտար, հետո, երբ այդ դժվար պայմաններից դուրս եկանք, հարմարվեցինք: Հիմա արդեն ամեն ինչ շատ լավ է»,- ասաց Նաիրի Բաղդասարյանը:

Բնակարանային ու կենցաղային դժվարությունների հետ Բաղդասարյանների ընտանիքը, բարեբախտաբար, չի առնչվել, քանի որ Երևանում արդեն ունեցել են սեփական բնակարան: Նրանց խնդիրը միայն եղել է սեփական բիզնեսը Հայաստան տեղափոխելը, ինչն արդեն երկու ամիս է` իրականացրել են: Նաիրին ու ամուսինը` Հովիկ Բաղդասարյանը, ընտանեկան բիզնեսով զբաղվում են երկար տարիներ, որը պահպանելն ու Հայաստան տեղափոխելը բավականին բարդ է եղել: Բաղդասարյանների ընտանիքը Երևան է բերել միայն կոշիկները, այն էլ Լիբանանից, իսկ Սիրիայի խանութից ու արտադրամասից ոչինչ բերել չի հաջողվել: «Արտադրամասն այժմ չի աշխատում, իսկ խանութը, որն արդեն գոյություն ունի 28 տարի, աշխատում է: Մինչև մեր Հայաստան տեղափոխվելը որոշ ժամանակ որոշեցինք փակել այն, սակայն հալեպահայերը եւ սիրիացիներն անընդհատ խնդրում էին, որ կրկին բացենք խանութը»,- ասաց Նաիրին:

«Վանա» կոշիկի խանութի սեփականատիրոջ` Հովիկ Բաղդասարյանի կինը`Նաիրին նշում է, որ Հայաստան գալուց առաջ նրանց պատկերացումներն այլ են եղել, սակայն գալուց հետո դրանք արմատապես փոխվել են. Երևանը նրանց շատ է դուր եկել: «Առաջին առիթը, որ շատ հավանեցի, այն էր, որ այստեղ միայն հայեր են ապրում: Հետևաբար, այստեղ ապահով ու հանգիստ է ապրելը: Ես շատ երկրներում եմ եղել, ապրել եմ Ֆրանսիայում, ինձ համար Երևանը Ֆրանսիայից էլ սիրուն է»,- ասաց Նաիրին:

Հովիկի և Նաիրիի դուստրերը` Վանան ու Լիդան, սիրով են ապրում Երևանում: Վանան սովորում է սիրիահայերի «Կիլիկիա» դպրոցի առաջին դասարանում եւ արդեն կարողանում է հայերեն գրել: Թեպետ ուրախ է ապրել Երևանում, այնուամենայնիվ, կարոտում է Սիրիան եւ իր ընկերուհիներին, որոնց հետ այստեղից շփվել չի կարողանում: Մյուս դուստրը` Լիդան, հաճախում է մանկապարտեզ:«Սիրիայում մեզ և բոլոր հայերին շատ լավ էին վերաբերվում: Բոլոր սիրիացիները հատուկ վստահություն ունեին մեր նկատմամբ: Նրանք սիրով էին գնումներ կատարում մեր խանութից»,-հիշում է Նաիրին:Հայաստանում ստեղծած բիզնեսից Բաղդասարյանների ընտանիքը գոհ է: Նրանք վստահեցնում են, որ Սիրիայից դուրս ապրելու համար մի քանի տարբերակ են ունեցել, սակայն ընտանիքը միանշանակ ընտրել է ապահով Հայաստանը:

«Արմենպրես»լրատվական գործակալությունը կներկայացնիվերջին ներքաղաքական դեպքերի պատճառով երկիրը լքած ու Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցների հաջողության պատմությունը:Հաաստանում այժմ բնակվում է շուրջ 6 հազար սիրիահայ: Աշխատանքի համար Սփյուռքի նախարարություն է դիմել 600 սիրիահայ, նրանցից նախարարության անմիջական աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200-ը: Մի քանի տասնյակ սիրիահայեր աշխատանքի են տեղավորվել տարբեր այլ ծրագրերով:

Սիրիահայերի հետ զրուցեց Ռուզաննա Մովսիսյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում