Հասարակական

Եվրոպացի մասնագետներն ուսումնասիրում են ՀՀ-ում շախմատի դասավանդման փորձը ԵՄ երկրներում ներդնելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Եվրոպացի մասնագետներն ուսումնասիրում են ՀՀ-ում շախմատի դասավանդման փորձը ԵՄ երկրներում ներդնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 24ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը հյուրնըկալել է Եվրոպական շախմատային միության խորհրդի անդամներին:Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌուբենՄիրզախանյանը, ողջունելով օտարերկա հյուրերին` նրանց ծանոթացրել է հանրապետությունում մանկավարժական խոշորագույն հաստատություններից մեկի գործունեությանը, ապա անդրադարձել ուսումնական գործընթացում «Շախմատ» առարկայի պարտադիր ներդրմանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, ռեկտորը կարևորել է, որ ամեն տարի Մանկավարժական համալսարան ընդունվող ավելի քան 4000 ուսանող հնարավորություն ունի հիմնական մասնագիտությունից բացի տիրապետել նաև արքայական խաղի հմտություններին, և այն դասավանդել դպրոցում:Ռուբեն Միրզախանյանն ուրախությամբ նկատել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ հանրակրթական բոլոր դպրոցներում դասավանդվում է շախմատը:

Համալսարանում, ինչպես նաև ուսումնական մյուս հաստատություններում երկար տարիներ գործել է Ֆիզիկակական կուլտուրայի ամբիոն: Մանկավարժական համալսարանում այդ ամբիոնը վերանվանվել է Շախմատի և սպորտի` կրելով նաև բովանդակային լուրջ փոփոխություններ: Իսկ ամբիոնը ղեկավարում է ՀՀ շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ինչը նույնպես հաջողության հասնելու կարևոր գրավականներից է:

Սմբատ Լպուտյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է օգտագործել պահն ու Հայաստանի շախմատային հարուստ փորձը տարածել ողջ Եվրոպայում:

Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովն իր ուրախությունն է հայտնել շախմատի առաջատար երկրներից մեկում` Հայաստանում գտնվելու կապակցությամբ: «Մենք նման ենք անփորձ աշակերտների, ովքեր հետևում են այդ բնագավառում ձեր հաջողություններին, և ցանկանում ենք փորձառություն ձեռք բերել` Եվրամիության անդամ երկրների դպրոցներում առարկան լավագույնս դասավանդելու համար»,- նշել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում