Սիրիահայ հայրենադարձի ընտանիքին փրկել է հայրենասիրությունը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ վարսահարդար Սարգիս Բերբերյանն առաջին անգամ Հայաստանում եղել է 2008 թվականին: Առաջին այցելությունից հետո Սարգիսը որոշում է տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել հայրենիքում: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սարգիս Բերբերյանը, եղբայրն այստեղ էր սովորում եւ նրան հյուրընկալվելուց հետո էլ կայացրել է այդ որոշումը: «Չնայած աշխատանք չունեի, սկզբում դժվար էր, այնուամենայնիվ մնացի: Այստեղ ինձ ավելի ապահով և ուժեղ էի զգում, քան օտար երկրում: Իմ ընտանիքն ավելի վաղ է տեղափոխվել Հայաստան. մենք չհասցրեցինք տեսնել ներքաղաքական պատերազմը: Դրա համար միշտ ասում եմ, որ մեր հայրենասիրությունը փրկեց մեզ»,-ասաց Սարգիսը: Նա հայրենի երկրում ապրելու և իր երկիրը շենացնելու կողմնակիցն է:
Հայաստանը Սարգիսի համար սպասվածից ավելին տվեց: Այն, ինչ նա տեսավ այստեղ, շատ էր տարբերվում լսածից ու հեռուստացույցով տեսածից: «Սիրիայում ավելի հեշտ է ֆինանսական առումով, սակայն ինչքան էլ երկար տարիներ ապրենք այնտեղ, միևնույն է` մենք օտար ենք այնտեղ, այն մեր հայրենիքը, մեր հողը չէ: Հայաստանում այդ տեսանկյունից շատ հեշտ ու լավ է: Այստեղ բոլորը հայ են, հասկանում են իրար, ազատ են ու հանգիստ»,-ասաց վարսահարդարը:

Հայաստան տեղափոխվելուց հետո Սարգիսը կրկին զբաղվում է վարսահարդարությամբ: Մասնագետը Սիրիայի և Հայաստանի բնակիչների միջև տարբերություն տեսնում է նաև մասնագիտական տեսանկյունից: Նրա խոսքով`Սիրիայում ավելի շատ ֆրանսիական և անգլիական ոճերն են նախընտրում, իսկ Հայաստանում` ռուսական: «Սիրիայում վարսահարդարման մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում: Սակայն այստեղ էլ մարդիկ շատ գնահատող են, միշտ գոհ են մնում»,-շեշտեց Սարգիսը:
Սարգսի նախնիներն Արևմտյան Հայաստանից են գաղթել ու բնակություն հաստատել Սիրիայում: Հայրը երկաթագործ է, մայրը` տնային տնտեսուհի: «Եղբայրներիցս մեկն իր անձնական բիզնեսն ունի Հայաստանում: Փոքր եղբայրս այստեղ դպրոց է հաճախում: Հայրս իր մասնագիտությամբ է աշխատում, իսկ մայրս, Հայաստանում ևս, տնային տնտեսուհի է»,-ասաց Սարգիսն` ավելացնելով, որ Սիրիայում հայ կանայք գրեթե չէին աշխատում, քանի որ նրանց ամուսինները չէին ուզում, որ իրենց կանայք աշխատեին արաբների մոտ:
Սիրիահայն այլևս չի ուզում վերադառնալ իր ծննդավայր և այնտեղ ապրել: Նա վստահեցնում է, որ արդեն հարմարվել է այստեղ և իրեն լավ է զգում: «Ցանկություն չունեմ գնալ օտար երկիր և այնտեղ ապրել: Ամեն անգամ գնում են, օտար երկրներում աշխատում, երկիրը հարստացնում, և նման իրավիճակներում ստիպված թողնում ամենն ու գալիս Հայաստան: Ավելի լավ է մնանք մեր երկրում ու մեր երկիրը ծաղկեցնենք»,-ասաց Սարգիսը: Նա նաև ավելացնում է, որ Հայաստանում և Արցախում շատ ազատ հողատարածքներ կան եւ ավելի լավ է մնալ և դրանք մշակել, այդտեղ շենքեր կառուցել:

Հայաստանն իր դրական անդրադարձն ունեցավ նաև Սարգսի անձնական կյանքում: 2012-ի աշնանը նա ամուսնացավ հայաստանաբնակ մի աղջկա հետ, ում կյանքում, ինչպես Սարգիսն է կատակում, ինքն առաջին սիրիահայն էր: «Նա շատ հեշտությամբ հարմարվեց մեր ընտանիքի ավանդույթներին ու նաև ճաշատեսակներին: Շատ էի ցանկանում նրան գոնե մեկ անգամ Սիրիա տանել, բայց չստացվեց»,-ափսոսանքով նշեց Սարգիսը:
«Արմենպրես»լրատվական գործակալությունը կներկայացնիվերջին ներքաղաքական դեպքերի պատճառով երկիրը լքած ու Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցների հաջողության պատմությունը:Հաաստանում այժմ բնակվում է շուրջ 6 հազար սիրիահայ: Աշխատանքի համար Սփյուռքի նախարարություն է դիմել 600 սիրիահայ, նրանցից նախարարության անմիջական աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200-ը: Մի քանի տասնյակ սիրիահայեր աշխատանքի են տեղավորվել տարբեր այլ ծրագրերով: