«Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի «Բամբիռ» ֆիլմի պրեմիերան այսօր է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի թվով 5-րդ`«Բամբիռ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում դեկտեմբերի 20-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այսօր հրավիրված ասուլիսում ֆիլմաշարի հեղինակ, Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը նշեց, որ նոր ժամանակները ֆիլմում ներկայացնում են բամբիռ երաժշտական գործիքի նոր կերպարը: «21-րդ դարի զարգացած տեխնոլոգիաների մեջ խոսում ենք բամբիռի մասին, ինչը նշանակում է, որ այս կերպ ապրեցնում ենք մեր մշակութային ժառանգությունը»,- ասաց կենտրոնի տնօրենը:Շառոյանն առաջիկայում նախատեսում է անդրադառնալ նաեւ հարվածային գործիքներին, որոնք հնում կոչվել են հարկանային գործիքներ:
Ամփոփելով 2012 թվականի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի գործունեությունը` տնօրենը նշեց, որ անցնող տարին հագեցած է եղել մշակութային մի շարք միջոցառումներով: «Յուրաքանչյուր գործ նախաձեռնելիս, առաջին քայլը` ինքս իմ առաջ հաշվետու լինելն է: Եթե բավարարում է ինձ այդ հաշվետվությունը, ապա տվյալ գործը նախաձեռնում եմ» ,- նշեց նա:
Ռիտա Շառոյանն առանձնացրեց այն բոլորհոբելյանական, թեմատիկ միջոցառումները, որոնք նախաձեռնվել են կենտրոնի կողմից: «Մենք միայն ցուցահանդեսներ չենք իրականացնում, այլ դրանց անմիջականորեն մասնակցում են նաեւ անվանի նկարիչներ, որոնք վարպետության դասընթացներ են անցկացնում»,- նշեց նա`հավելելով, որ այս կերպ փորձ է արվում տարբեր սերունդներին միմյանց մոտեցնելու: Բանախոսի գնահատմամբ` առանձնացել են նաե շրջիկ ցուցահանդեսները, որոնց թվում էր նաեւ «Շախմատային Հայաստան» ցուցահանդեսը:
Առաջիկայում «ՀայԱրտ»-ը նախատեսում է իրականացել նաեւ Հալեպից ժամանած նկարիչների ցուցահանդեսներ: «Ինձ ուրախացնում է այն, որ մեր այցելուները ոչ թե աստղային կարկուտի միջից են, այլ լուրջ անուններ են, որոնք մեր կենտրոնը նմանեցնում են փոքրիկ Վերնատան: Այդ գնահատականից այն կողմ այլ բան չեմ պատկերացնում: Ուրախ եմ, եթե կարողանանք Վերնատան ֆունկցիան իրականացնել»,- ասաց մշակութային գործիչը:
«Հայ Արտ» մշակութային կենտրոնը` Երեւանի ժամանակակից արվեստի նախկին թանգարանն է, որը հիմնադրվել է 1987 թվականին` անվանափոխվել 1997 թվականին: