Երեւանի գլխավոր «Կատուն» ջազը սեր է համարում

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, «Կատուներ» հայկական էթնո-ջազ խմբի հիմնադիր Վահագն Հայրապետյանը հայկական ջազային երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ով չի դադարում նոր «ջազային» գաղափարներ կյանքի կոչել: Կամերային, թե մեծ լսարանի առաջ իր ամեն մի հայտնություն երաժշտական տոն է ջազի սիրահարների համար: Դրա վառ ապացույցը նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցած իր ղեկավարած «Նյու Յորք- Երեւան» ջազ քառյակի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի` ձեւաչափով բացառիկ սիմֆո ջազ համերգային համատեղ ծրագիրն էր: Հայրապետյանը, մարդ է, ով ջազն անմիջականորեն կապում է կյանքի, իսկ կյանքը` սիրո հետ:«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ջազմենի հետ իր ստեղագործական գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին երեւանյան ամենահայտնի ջազ ակումբներից մեկում, ուր մուտքից անգամ զգացվում է ջազի գրավիչ շունչը:

-Օրեր առաջ վերադարձաք Վրաստանից: Ի՞նչ համերգային ծրագիր ներկայացրիք այնտեղ:

-Վրաստանում շատ պատահական հայտնվեցի, չնայած ինչպես ասում են ոչինչ պատահական չի լինում կյանքում: Երաժիշտների այն խումբը, որ եկել էր ինձ մոտ հյուր` «Նյու Յորք -Երեւան» ջազ քառյակը, տարբեր երկրներում համերգներ է տալիս: Այդ երաժիշտներից մի քանիսն ամերիկյան կառավարության «Ջազի ապագա», «Ջազի դեսպաններ» ծրագրերով տարբեր երկրներում համերգներ են տալիս:Ես իրենց հետ շատ անգամ համերգների եմ մեկնել Կիպրոս նույն ծրագրով եւ այս անգամ այնպես ստացվեց, որ իրենք Կիպրոսից հետ եկան Հայաստան եւ հետո պետք է մեկնեին Վրաստան: Շատ պատահական զանգահարեցին ինձ, եւ ես մեկնեցի նրանց հետ: Վրաստանի տարբեր քաղաքներում վարպետության դասեր տվեցինք երաժշտական դպրոցներում սովորող երեխաների համար` այդ կերպ պատմելով նրանց ջազի առաջացման, տարածաման եւ ձեւավորման մասին: Սկսնակ երաժիշտների հետ համերգներ ունենալուց զատ նաեւ մի շարք համերգասրահներում համերգներ ունեցանք:

-Դուք աշխատանք եք տանում ջազի պրոպագանդման ուղղությամբ` դրա վառ ապացույցը 2005 թվականին հանրության կողմից սիրված «Կատուներ» հայկական էթնո-ջազ խմբիհիմնադրումն էր: Ի՞նչ գործունեություն է այժմ ծավալում խումբը:

-Խմբի գործունեությունն այժմ մի փոքր կիսատ վիճակում է: Այն բաղկացած է յոթ «կատուներից», որոնցից ամեն մեկն առանձին իր գործունեությամբ է զբաղված եւ հաճախ շատ դժվար է դառնում բոլորին իրար հետ համախմբելը: Վերջերս ցանկություն կար սկսելու երրորդ ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները, եւ այժմ ձայնասկավառակի նյութերը հավաքագրման փուլում են: Չեմ ցանկանում ստիպողական որեւէ բան անել, յուրաքանչյուրն իր գործով է զբաղված, այդ թվում ես իմ գործով` տարբեր ուղղություններով եւ առաջիկայում շատ ծրագրեր ունեմ: «Կատուները» միշտ էլ կան, ուղղակի առիթ չի լինում հավաքվելու: Փոփոխվեց նաեւ խմբի երաժիշտների կազմը, հիմնական բաս կիթառակար եւ թավջութակար Արտյոմ Մանուկյանը վերջնականապես հաստատվեց ԱՄՆ-ում, իսկ ինքը խմբին առանձնակի կոլորիտ էր հաղորդում: Տրամբոնահար Աշոտը մահացավ եւ իրենից հետո շատ բան կոտրվեց, մյուս տրամբոնահարը` Դավիթը եւս մեկնեց Միացյալ Նահանգներ: Մի խոսքով` այն հին «կատուներն» այլեւս այն «կատուները» չեն, իսկ այս նոր «կատուների» համար նոր ծրագիր է պետք` փոքր ինչ այլ տիպի երաժշտություն: Բայց քանի որ ես տեղս չեմ սիրում նստել արդեն այլ աշխատանքներ եմ կատարում: Ստեղծել են «Ակուստիկ գույներ» անունով քառյակ, որն ակուստիկ ձայներով երաժշտություն է նվագում` հնարավորություն տալով մարդկանց ըմբոշխնել ակուստիկ հնչողություն: Երբ դաշնամուրից դաշնամուրի, այլ ոչ թե էլեկտրոնիկ ձայն է գալիս: Խմբում բացի ինձնից ներգրաված են սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցը, ժող-գործիքներ Նորայր Քարտաշյանը եւ մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը: Առաջիկայում մենք մի քանի համերգներով հանդես կգանք «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում:

-Նոյեմբերի սկզբին «Նյու Յորք Երեւան ջազ» քառյակի եւ ՀՊԵՆ-ի համատեղ սիմֆո-ջազ համերգը անտարբեր չթողեց երաժշտասեր հանրությանը: Դուք համերգի ընթացքում նշեցիք, որ վերջինիս իրականացումը երազանք էր, արդյո՞ք շարունակական կլինի այդ երազանքը:

-Շարունակությունը, իհարկե, կլինի. նախատեսում ենք հենց Ամանորի նախաշեմին սիմֆո-ջազ համերգ ունենալ: Համերգի իրականացումը նման էր երազանքի, քանի որ այն երաժշտությունը, որը նվագեցինք այդ օրը` լավ երաժշտություն էր, դրանք նոտաներ էին` նյութ, որը նախքան այդ արխիվներում էր պահվում: Լեգենդար երաժշտություն էր այն պատճառով, որ ջազի հիմնադիրներից մեկը` լեգենդար երաժիշտ Շառլ Պարկերի Charlie Parker with Strings ձայնասկավառակից էր: Եվ հենց այդ նույն օրիգինալ նոտաները, որոնք գտնվում էին Ճապոնիայում` Պարկերի թանգարանում համերգից մեկ ամիս առաջ նոր վերատպվել են: Հայաստանում նման համերգ իրականացվել էր առաջին անգամ: Վերատպված 16 ստեղծագործություններից միայն 8-ը կարողացա ձեռք բերել այդ ձայնասկավառակից: Այդ պատճառով երազանք էր այդ ձայնասակավառակից նույն օրիգինալ նոտաները նվագելը: Նաեւ այնքանով էր երազանք, որ համերգը տեղի ունեցավ Նյու Յորքից ժամանած լավագույն երաժիշտների, երաժշտության նվիրյալների մասնակցությամբ:

-Համերգի ընթացքում «Էրեբունի-Երեւան», «Վիրավոր լորիկ» եւ այլ ստեղծագործությունների սիմֆո ջազ մեկնաբանությունը իսկական խանդավառություն առաջացրեց դահլիճում: Բոլոր ստեղծագոծությունները կարո՞ղ են ունենալ իրենց ջազ տարբերակը եւ ի՞նչ առանձնահատկություն է հաղորդում ստեղծագործությանը ջազ մեկնաբանութունը:

-Բոլոր ստեղծագործությունները կարող են ունենալ թե ոչ` չեմ կարող ասել, սակայն այն ստեղծագործությունները, որոնք մենք ընտրեցինք, այդ թվում` «Էրեբունի-Երեւան»-ը, «Վիրավոր լորիկ»-ը, «Կաքավիկ»-ը իրենք կարծես համահունչ են հենց տվյալ տրամադրության հետ, այդ գույների մեջ են: Ամեն ինչ իրականում երաժիշտից է կախված, որովհետեւ ինքն է այն մատուցում, եթե ամեն ինչ մատուցված է գռեհիկ ձեւով, ապա դա երաժիտի խնդիրն է, երաժշտությունը այդտեղ մեղք չունի: Երաժշտությունը դրված է բնության մեջ եւ ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչպես այն կտեսնես եւ կվերարտադրես, կմատուցես ունկնդրին: Երաժշտությունը մարդկանց համար է, դա երաժիշտները պետք է միշտ հիշեն, երաժշտությունը, որը մարդկանց համար չէ, ուրեմն այլ բան է, չգիտեմ թե ինչ է:

- «Ջազը Գյումրիում» նախագծի մեկնարկը նույնպես նոյեմբերին էր տրված, շարունակական կլինի՞ այն նաեւ այլ մարզերում:

-Ցանկալի կլիներ, որ այդ գաղափարը շարունակական լիներ: Այն վաղուց կար Մկրտիչ անունով մի երիտասարդի մոտ, ով իր պրոդաքշնն ունի եւ քանի որ ես գիտեի, որ «Նյու Յորք Երեւան ջազ» քառյակի անդամները պետք է գան Երեւան, եւ դա լավ առիթ էր նաեւ Գյումրիում համերգներ ունենալու համար: Միշտ ասել եմ, որ Երեւանով կամ միայն Կենտրոն վարչական շրջանով չպետք է սահմանափակվել:

Մենք ունենք շատ լավ ունկնդիր Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Ստեփանակերտում, ամենուր: Մեր ժողովուրդը, անկեղծ եմ ասում, կարոտ է մշակույթին: Շոու բիզնեսը եւ մշակույթը շատ տարբեր բաներ են: Մենք ինքներս մեզ ասում ենք «շոու բիզնես»` ուրախանում ենք, ծափահարում, մինչդեռ մենք չունենք այդ շուկան, ինչ որ մեկին կրկնօրինակում ենք եւ դրանով բավարարվում, մինչդեռ մենք շոու բիզնեսով չենք կարող ազգ ներկայացնել, մշակույթով պետք է ներկայացնենք: Կարող ես ինչ-որ մի վայրում գումար աշխատես շոու բիզնեսի միջոցով, սակայն ազգ չես ներկայացնի:

-Հարցազրույցներից մեկում նշել ենք, որ ջազ հեռուստատեսությամբ այնքան էլ հաճախ չի հնչում, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Եթե շատ հնչեր ավելի լավ, ավելի հետաքրքրական կլիներ, սակայն միաժամանակ նաեւ զարմանալի, որովհետեւ ջազը ներկայացնող անհատները Հայաստանում այնքան էլ շատ չեն: Կարծում եմ, ջազն այսօր բավականաչափ հնչում է Երեւանում, դրա մասին են վկայում նաեւ այսքան շատ թվով ակումբները:

-Վերջին ժամանակներում նաեւ որպես ֆիլմերի երաժշտության հեղինակ եք հանդես գալիս, կպատմե՞ք Ձեր այդ գործունեության մասին:

-Առաջինը ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմն էր. առաջին փորձն էր, որը մենք կատարեցիքն «Կատուներ» խմբով, ես գրեցի երաժշտությունը, եւ մենք այսպես ասած դրեցինք մեր կնիքը այդ երաժշտության մեջ` ձայնի, ֆոնի առումով: Երկրորդ ֆիլմում գույները փոխվեցին, դա ռեժիսոր Նատալիա Բելաուսկենեի եւ պրոդյուսեր Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը..» ֆիլմն էր, որը շատ հեռանկարային ֆիլմ է ոչ թե խաղաղության մասին, այլ սիրո: Գիտեք կյանքը ընդհանրապես սիրո մասին է, ասեմ Ձեզ ավելին` ջազն էլ է սիրո մասին: Կյանքը հենց սերն է..

Երրորդ ֆիլմի երաժշտությունը «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչներից ստացված շատ հետքրքիր առաջարկություն միջոցով ստեղծվեց: Առաջին անգամ հայ համր ֆիլմը` «Շորն ու Շորշորը» կենդանի երաժշտությամբ հնչեց փառատոնի բացմանը: Նման բան չէի արել եւ դա էլ էր նորություն: Մի անգամ ինձ մի լրագրող ասաց, դու երբ ես կանգ առնելու` ասացի չի լինելու նման բան, գնացքը երբեք կանգ չի առնելու (ժպտում է):

-Հանրահայտ ջազմեն Լեւոն Մալխասյանը ջազը բնորոշել է որպես տվյալ պահի, չկրկնվող հոգեվիճակ, ի՞նչ է ջազը Ձեր մեկնաբանությամբ:

-Ջազը ինձ համար արտահայտչամիջոց է, իմ էության, իմ բնության, իմ ներքին աշխարհի, իմ էմոցիաների, հոգեվիճակի բնականաբար չկրկնվող արտահայտչամիջոց է: Սա այն արվեստն է, որը երկրորդ անգամ չես կարող նույնությամբ նվագել: Իմ կարծիքով այն խմբակային արվեստ է, երբ մի քանի հոգով մի պատմություն ես ներկայացնում`մի ամբողջության մեջ:

Հարցազրույցը`Տաթեւիկ Գրիգորյանի

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա