ՓՄՁ նիստում քննարկվել է հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՎարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` համաձայն հաստատված օրակարգի` քննարկվել է ՓՄՁ միջավայրի վրա հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի ազդեցության հարցը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը նշել է. «Տեղյակ եք, որ քննարկվում է օրենսդրական նոր փաթեթ, որը նպատակ ունի կատարելագործել հարկային օրենսդրությունը և վերաբերում է նաև փոքր ու միջին բիզնեսին: Մենք փորձել ենք դրանում ներառել այնպիսի դրույթներ, որոնք համահունչ են փոքր ու միջին բիզնեսի ցանկություններին և պետք է բարելավեն ՓՄՁ միջավայրը, հարկային վարչարարությունը: Այսօր պետք է քննարկենք կարևորագույն կետերը, որոնք ներառված են այդ օրենսդրության մեջ»:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը մանրամասներ են ներկայացրել «Շրջանառության հարկի մասին», «Ավելացրած արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Հարկերի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Ընդերքի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար­ների մասին», «Ակցիզային հարկի մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» և «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություն­ներ սահմանելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել վերոնշյալ օրենքների փոփոխությունների վերաբերյալ և որոշ դրույթների առնչությամբ դիտողություններ ներկայացրել:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետն ընդգծել է, որ նշված փոփոխություններով հարկային օրենսդրության դաշտում առաջարկվում են որոշակի ճշգրտումներ, որոնք նպատակաուղղված են հարկային բեռի թեթևացմանը, հարկային վարչարարության կրճատմանը և ՓՄՁ գործունեության դյուրացմանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել հնչեցված առաջարկությունները և հարկային օրենսդրության փաթեթը լրամշակված տարբերակով ներկայացնել ՀՀ կառավարություն:

Հայերեն Русский

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»