3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախկին հայաշատ Մարաղա քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող Հայոց Սուրբ Հովհաննես եկեղեցին ամբողջական վերանորոգվում է Իրանի Իսլամական Հանրապետության պատմական հուշարձանների պահպանման հիմնարկության կողմից` Ազգային առաջնորդարանի հետ համատեղ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Թավրիզի ազգային առաջնորդարանից, Ատրպատականի Հայոց թեմի Առաջնորդ Գերպ. Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Չիֆթճյանը նոյեմբերի 16-ին այցելել է Մարաղա: Հայր Սուրբը պաշտօնական հանդիպում է ունեցել պատմական հուշարձանների պահպանման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եկեղեցուն կից ամբողջովին վերանորոգվել է նախկին Հայոց դպրոցի շենքը, որը ներկայում ծառայում է շրջանի պատմական հուշարձանների պահպանմանհիմնարկության կենտրոնատեղի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կառուցման ավարտին, ցեխակերտ հին պատերի ամրացման մեթոդները, երեք խորանների ու դրանցից յուրաքանչյուրի կողքին գտնվող խորհրդանոցների նախկին ձեւի պահպանման կարեւորությունը, ինչպես նաեւ Մարաղայում ծառայած բազմավաստակ հոգեւորականների «հանգստարանների» վերադասավորման հնարավորությունը:
Սուրբ Հովհաննես եկեղեցին 17-րդ դարի կառույց է, բարձր գերանածածկ ձեղունով: Այն աղյուսախառն ցեխածեփ պատերով, ներքնամասը սպիտակ ծեփված, բարձրադիր խորանաձեւ փորվածքներով է:Թավրիզից140 կմ հարավ գտնվող Մարաղա քաղաքը շատ ավելի հին է, քան Թավրիզը, եւ Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում հռչակվել է Պարսկաստանի մայրաքաղաք: Մարաղայում նաեւ բնակութիւն են հաստատել ասորիներ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում ձուլվել է հայեի հետ:
1960-ականներին Մարաղայում ապրում էին շուրջ 60 հայ ընտանիքներ, երբ գործում էր ազգային դպրոցը: Հայոց Եկեղեցու եւ նախկին հայաբնակ փողոցները մինչեւ այսօր կոչվում են «Արմանիստան»:
Թեմակալ Առաջնորդը Մարաղայում այցելել է նաեւ Հայոց գերեզմանատուն: Նա պատմական հուշարձանների պահպանության հիմնարկի պատասխանատուներից նաեւ տեղեկություններ է ստացել շրջակայ գյուղերում եւ Մարաղայում հայկական նախկին կալվածների մասին, որոնցից ոմանք փոխանցվել են Ազգային առաջնորդարանին: